
ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է սահմանային իրավիճակը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում հրավիրվել է արտահերթ նիստ` սահմանային իրավիճակի և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին վերաբերող փաստաթղթի ստորագրումը կանխելու նպատակով: Հայտարարության նախագիծը ներկայացրեց խորհրդարանական երրորդ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանի խոսքով` լսելով կառավարության այսօրվա նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթն առ այն, որ նա պատրաստվում է ստորագրել միջպետական փաստաթուղթ, որը վերաբերելու է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև շփման գծի որևէ ձևով կանոնակարգմանը, ուզում է տեղեկացնել, որ ըստ Սահմանադրության Ազգային ժողովը պետք է վավերացնի այն միջազգային պայմանագրերը, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին, ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ:
«Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում»,- հայտարարության տեքստից ընթերցեց Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը կոչ արեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց, որոնք վերաբերում են ողջ հանրությանն ու պետությանը, ինչպես նաև ազգի ապագային:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց` բանակցվում է մի փաստաթուղթ, որի մասին ոչ պաշտոնական տեղեկատվական աղբյուրից է հանրությունը տեղեկացել: Մարուքյանը հարց հնչեցրեց, թե որն է խնդիրը, որ հանրությունը չի իրազեկվում այս գործընթացների վերաբերյալ:
«Երկու օր է հայ ժողովուրդը ոչ քուն ունի, ոչ դադար, սրա պատասխանն ո՞վ է տալու»,-ասաց նա:
Տեղեկացնենք, որ խորհրդարանում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Մեկնաբանել