HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլհամ Ալիև. «Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները պետք է սովորեն ապրել կողք կողքի»

Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները պետք է կարողանան ապրել կողք կողքի։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հարավային Կովկասի զարգացմանն ու համագործակցության հեռանկարներին նվիրված կոնֆերանսի ժամանակ։

«Ադրբեջանը բաց է համագործակցության համար, բաց է ընդհանուր ապագայի պլանավորման համար, որովհետև մենք հարևաններ ենք, անկախ նրանից դա մեզ դուր է գալիս, թե` ոչ։ Մենք պետք է ապրենք կողք կողքի և մենք պետք է սովորենք ապրել կողք կողքի»,- հայտարարել է Ալիևը։

Զուգահեռաբար նա նշել է, որ դա հեշտ չէ։ «Կան էմոցիաներ<...>Բայց քաղաքական գործիչների դերը կայանում է նրանում, որ պաշտպանեն քաղաքական օրակարգը և բացատրեն, որ միայն շփումների, փոխգործակցության միջոցով հնարավոր է ապահովել տարածաշրջանի զարգացումը, խաղաղությունն ու անվտանգությունը»,- նշել է Ալիևը։

Բացի այդ, Ալիևը հայտարարել է, որ հույս ունի, որ արտահերթ ընտրություններից հետո Հայաստանի նոր կառավարությունը սերտ կհամագործակցի Բաքվի հետ։ «Մենք հույս ունենք, որ Հայաստանի նոր կառավարությունը, ընտրություններից հետո, Ադրբեջանի հետ առավել սերտ համագործակցության քաղաքականություն կվարի, քանի որ աճում է մեր տնտեսական փոխգործակցությունը, տրանսպորտային նախագծերը ստեղծում են նոր հնարավորություններ»,- ընդգծել է Ալիևը։

Վերջինս հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է։ Ըստ նրա՝ դրա համար անհրաժեշտ է պաշտոնական Երևանի քաղաքական կամքը։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը կնպաստի հարավկովկասյան երեք երկրների միջև ազատ առևտրի իրականացմանը։ Նա հայկական կողմին կոչ է արել հրաժարվել Արցախի կարգավիճակի հարցից և փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։

Բացի այդ, Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է էներգառեսուրսներ մատակարարել Հայաստան, ինչպես դա եղել է Խորհրդային միության ժամանակ։ «Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կա համագործակցության շատ մեծ պոտենցիալ, օրինակ, էներգետիկայի ոլորտում։ Ադրբեջանը կարող է դառնալ դեպի Հայաստան էներգակիրների մատակարար։ Դա հնարավոր է և դա եղել է Խորհրդային միության ժամանակ»,- նշել է Ալիևը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter