HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռուսների կողմից ուժի կիրառումը կարող է Բաքվին առիթ տալ Արցախից ռուս խաղաղապահներին դուրս բերելու պահանջ ներկայացնելու համար»

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

-Պարոն Մելիքյան, մայիսի 12-ից ադրբեջանական զորքը հատել է հայաստանյան սահմանը՝ տեղակայվելով Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշակի հատվածներում: Այս օրերին Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել հակառակորդի զորքի նահանջի ուղղությամբ: Ակնհայտ է, որ Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանը չի ցանկանում բախման գնալ Ադրբեջանի հետ: Ի՞նչ սպասել Ռուսաստանից այս փուլում:

-Ստեղծված իրավիճակը Ռուսաստանի համար լուրջ անհարմարություններ է պարունակում: Եվ դա առաջին հերթին կապված է ուժ կիրառելուց խուսափելու անհրաժեշտության հետ: Ռուսների կողմից ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանական ստորաբաժանումների դեմ ուժի կիրառումը կարող է Բաքվին առիթ տալ Արցախից ռուս խաղաղապահներին դուրս բերելու պահանջ ներկայացնելու համար: Եթե գործը դրան հասնի, ապա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավաչափությունն ընդհանուր առմամբ եւս հարցականի տակ է դրվելու: Դրան զուգահեռ արդեն տեսանելի է, որ Արեւմուտքում ռուս խաղաղապահներին այլ երկրներից բերված խաղաղապահներով փոխարինելու ծրագրեր են մշակվում: Եվ եթե դրանք իրականանան, ապա Հարավային Կովկասում ռուսական ազդեցության կրճատումը կշարունակվի: Մոսկվան կձգտի միջադեպը հարթել խաղաղ միջոցներով, բայց կասկածում եմ, որ այդ հնարավորությունը նրան կտրվի:

-Իրանցի պաշտոնյան կոշտ է արձագանքել Հայաստանի տարածքում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Իրանը թույլ չի տա Հայաստանի հետ սահմանի որեւէ փոփոխություն: Սա ի՞նչ նախազգուշացում է Ադրբեջանին: Եվ արդյոք Իրանը վտանգներ է տեսնում իր երկրի անվտանգության հարցում: Տպավորություն է, կարծես, ուժերի վերադասավորում է կատարվում Իրանի ուղղությամբ:

-Իմ կարծիքով՝ Իրանի համար այժմ եւս բազում սպառնալիքներ են հասունանում: Հայաստանի հանդեպ Սյունիքի գոտում թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հնարավորությունը կարող է ռազմաքաղաքական նոր իրավիճակ ձեւավորել նաեւ Իրանի հյուսիսային նահանգներում՝ տեղի կենտրոնախույս թյուրք ազգայնական ուժերին ընդդեմ գործող իշխանությունների ոտքի հանելու համատեքստում: Իրադարձությունները կարող են սրընթաց զարգանալ Իրանում հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին նախորդող օրերին, եւ լավ կլինի, որ վերը ասվածի համատեքստում ՀՀ իշխանություննները պատշաճ աչալրջություն դրսեւորեն:

-Ֆրանսիայի նախագահը, ապա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննադատեցին Ադրբեջանի գործողությունները՝ սադրանք համարելով դրանք, ապա կոչ անելով հետ քաշել զորքերը: Սա նշանակո՞ւմ է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ուժեղացնում են իրենց ներկայությունը: Գործնականում դա ի՞նչ կարող է տալ Հայաստանին:

-Սա լրացուցիչ քաղաքական, դիվանագիտական ճնշում է Ադրբեջանի վրա, որի առարկայական արդյունքներն առայժմ տեսանելի չեն: Բայց ի տարբերություն Ռուսաստանի՝ Վաշինգտոնն ու Փարիզը մեր տարածաշրջանում նկատելի ռազմական ներկայություն առայժմ չունեն ու կոչերից անդին անցնելու վճռականություն դժվար թե դրսեւորեն:

-Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը եւս արձագանքեց Հայաստանի սահմանային իրավիճակին՝ Ադրբեջանին կոչ անելով զորքերը հետ քաշել եւ դադարեցնել սադրանքները: Հաշվի առնենք, որ Հնդկաստանը հայտարարել է Հայաստանի եւ Իրանի տարածքով Հնդկական օվկիանոսից դեպի Ֆինլանդիա միջանցք բացելու ծրագրի մասին։ Ի՞նչ դեր կարող է խաղալ Հնդկաստանը Հայաստանի սահմանային լարվածության աճի ստեղծման դեպքում։

-Գուցե պաշտոնական Դելին Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության նոր ուղիներ առաջարկի, բայց այս ոլորտում ինչ-որ առանձնահատուկ, արմատական գործողությունների ակնկալիք պետք չէ ունենալ: Հնդկաստանի կողմից արված քայլն արդեն իսկ ծանրակշիռ քաղաքական նախաձեռնություն է, որը կոչված է զսպելու Բաքվի ագրեսիվ նկրտումների հետագա ծավալումը:

-Ի վերջո, պարոն Մելիքյան, ի՞նչ հավանական սցենար կարող է գործի դրվել աշխարհաքաղաքական շահերի փոփոխությունների այս կիզակետում: Եվ ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ Հայաստանի վրա:

-Հայաստանն այսօր ժամանակավորապես գտնվում է ծավալուն աշխարհաքաղաքական փոփոխությունների գործընթացի էպիկենտրոնում՝ Մերձավոր Արեւելքում սկիզբ առած բռնության ալիքը մեզ հասավ անցյալ տարվա սեպտեմբերին եւ դեռ որոշ ժամանակ մենք մնալու ենք այդ գործընթացի պատանդը: Հավանաբար, զուգահեռ կերպով մի կողմից Իսրայելը մոտակա ամիսների ընթացքում կձգտի փակել Պաղեստինի հարցը, իսկ մյուս կողմից նախադրյալներ կստեղծվեն Իրանում կղերապետության ոչնչացման եւ գաղափարական նոր հիմքի վրա իշխանություն ձեւավորելու համար: Հայաստանն ստիպված է լինելու նաեւ այս ամենից իր համար առաջացող մարտահրավերներին բախվել: Պետք է կարողանանք սրա տակից դուրս գալ շահած կամ գոնե նվազագույն կորուստներով:

Լուսանկարը՝ Ա․ Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter