
Իշխանությունն ու ընդդիմությունը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին
Խորհրդարանական ընդդիմությունն ու մեծամասնությունը ԱԺ արտահերթ նիստում միմյանց մեղադրեցին երկրի անվտանգությանը վերաբերող հարցերում մանիպուլյացիաներ անելու մեջ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց, որ զարմացած է վարչապետի պաշտոնակատարի ելույթի տոնայնությունից, քանի որ վերջինս մեղադրանքներ էր հնչեցնում գաղտնի փաստաթուղթը հանրայացնելու համար: Մարուքյանն ընդգծեց, եթե իշխանությունը չի կարողանում մի փաստաթղթի գաղտնիությունն ապահովել, այդ դեպքում ինչպես է երկրի սահմանների անվտանգությունն ապահովելու:
Էդմոն Մարուքյանը հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի դրույթները, որի համաձայն ռազմագերիները պետք է վերադարձվեին և հարց հնչեցրեց, թե ինչու է վարչապետի պաշտոնակատարը ցանկանում նոր փաստաթուղթ ստորագրել այն դեպքում, երբ հայ ռազմագերիները դեռ Ադրբեջանում են: Էդմոն Մարուքյանի համար տարակուսելի էր նաև այն, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսեց նաև այն մասին, որ Հայաստանի վերահսկողության տակ կան նաև Սովետական Ադրբեջանի տարածքներ:
«Ասում է` չկա անկլավների հարց, բայց ամբիոնին է մոտենում ու ասում, որ Սովետական Ադրբեջանի տարածքներ կան մեր վերահսկողության տակ, եթե սուտ է տարածքներ տալը, էդ մասին ինչի եք խոսում: Տեսե՞լ եք, որ Ադրբեջանի ղեկավարն ասի Սովետական Հայաստանի տարածքներ կան մեր վերահսկողության տակ»,- ասաց Մարուքյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի համար էլ անհասկանալի էր վարչապետի տարակուսանքն առկա աղմուկի վերաբերյալ:
«Աղմուկը նրա համար է, որ ադրբեջանցի զինվորների 600 հոգանոց հրոսակախումբը Հայաստանի տարածքում է, աղմուկը նրա համար է, որ այլևս վտանգված է ՀՀ անվտանգությունը, որ բազմաթիվ գերտերություններ իրենց քաղաքացիներին արգելում են Հայաստան այցելել, աղմուկը նրա մասին է, է որ ՀՀ ՊՆ-ն հորդորում է քաղաքացիներին չայցելել Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր: Այս աղմուկը նրա մասին է, որ ՀՀ բնակչությունը չի վստահում կառավարության գործողություններին»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Տոնոյանը հեգնեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը, թե հանրությունը տեղյակ է բանակցություններից` ընդգծելով, որ նույնիսկ հանրապետության նախագահը տեղյակ չէր փաստաթղթի առկայությունից:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ պնդեց, թե Հայաստանի շահերից խոսում են բոլորը, նույնիսկ պատգամավորը, որն ասում է, թե Ադրբեջանի նախագահին ավելի շատ է վստահում, քան Հայաստանի վարչապետին: Հայաստանի շահերից են խոսում նաև նրանք, ովքեր նույնիսկ Հայաստանի ապագան են կասկածի տակ առնում, կամ ում խոսքը արտատպվում է ադրբեջանական մամուլում:
Մակունցը պնդեց, թե Հայաստանն առավելագույն ջանքեր է ներդնելու հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու և ադրբեջանցիներին ՀՀ տարածքից դուրս մղելու համար:
Այնուհետև քվեարկության ներկայացվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության տեքստը. մերժվեց:
Մեկնաբանել