HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Այս մասին հայտնում են Գևորգյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Էրիկ Ալեքսանյանը։ Վերջիններս հայտարարություն են տարածել, որում հայտնել են, որ Գևորգյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ։

«Քիչ առաջ դուրս եկանք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։ Պարոն Արմեն Գևորգյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ ու պատասխանել որևէ հարցի՝ որակելով մեղադրանքը քաղաքական և ակնհայտ ապօրինի։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորգարություն չհեռանալու մասին։ Արմեն Գևորգյանը, սկզբունքային գտնվելով իր դիրքորոշմանը, որևէ դատավարական փաստաթղթի չի ծանոթացել և ոչ մի որոշում, արձանագրություն չի ստորագրել։ Իսկ ինչ վերաբերում է վարույթի ընթացքում պատշաճ վարքագծի դրսևորմանը, ապա պաշտպանական կողմը հայտարարել է, որ Արմեն Գևորգյանը այսօր երկու անգամ վարույթն իրականացնող մարմնի կանչով պատշաճ ներկայացել է և որևէ խուսափողական գործողություններ չի կատարել և չի պատրաստվում կատարել։ Ավելին՝ վերջինս պատրաստվում է մնալ ՀՀ-ում և իր ամբողջ ներուժը դնել Հայ ազգի արժանապատվությունը բարձր պահելու և կատարելու հնարավորինն ու անհնարը, որպեսզի յուրաքանչյուր Հայորդի հպարտանա իր ազգի համար»,- ասված է պաշտպանների հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ի առավոտյան Գևորգյանը ՀՔԾ-ում է եղել, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով, այսինքն՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)։ Նույն օրը ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամի եկամուտները։

Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ինքը ՀՔԾ-ն այլևս որպես պետական մարմին չի ընդունում, որ  այն քաղաքական պատվեր կատարող մարմին է։

Գևորգյանը նաև տեղեկացրել է,  որ  «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, որի անդամ է նաև ինքը,  համատարած հրավիրվում են քննչական մարմիններ, ոստիկանություն՝ անհասկանալի բացատրական աշխատանքների, նյութերի նախապատրաստման, տարիներով քննվող քրեսկան գործերով պարզաբանումներ տալու պատրվակով։ Նախկին փոխվարչապետը դիրքորոշում է հայտնել, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց մեջ իրենց դեմ պայքարելու ցանկությունն ու վճռականությունը կոտրվի և վստահեցրել, որ  «Հայաստան» դաշինքի աշխատանքները  դրված են շատ ճիշտ հունի և ռելսերի վրա։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter