
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ցեմենտի և կլինկերի ներմուծման համար պետական տուրք սահմանելու նախագծին
Խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում երկրորդ ընթերցմամբ փոփոխություն կատարելու նախագծին: Այս փոփոխություններով ցեմենտի ներմուծման համար սահմանվելու է 14 հազար դրամ պետական տուրք, ցեմենտի հումքի` կլինկերի ներմուծման համար` 2000 դրամ: Այս պահին գործող կարգավորումներ համաձայն` ցեմենտ հնարավոր չէ ներկրել, Կառավարությունը նման որոշում է ընդունել տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով:
Կառավարությունը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկմանն առաջարկում էր 25 հազար դրամ տուրք` մեկ տոննա ցեմենտի ներկրման համար և 9 հազար դրամ տուրք` մեկ տոննա կլինկերի ներմուծման համար, սակայն Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց այն` առաջարկելով այսօր քննարկվող տարբերակը, որն էլ առաջին ընթերցմամբ ընդունվեց: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանից, թե ինչով է պայմանավորված շուկայում ցեմենտի դեֆիցիտը: Քերոբյանն ասաց, որ պայմանավորված է եղել «Արարատցեմենտ» գործարանում առաջացած վթարով, սակայն խնդիրն այժմ կարգավորված է:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին` այն ընդգրկելով ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
Մեկնաբանել