HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ են որոնում ադրբեջանցի երիտասարդները Բուդապեշտում

Ապրիլ ամսվա երկրորդ շաբաթում ադրբեջանցի եվրոպաբնակ երիտասարդների ուշադրության կենտրոնում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտն էր, որտեղ տեղի էր ունենում Ադրբեջանցի ուսանողների և շրջանավարտների միջազգային ֆորումի (ASAIF) «Ես երիտասարդ դեսպան եմ» կոնֆերանսը:

Միջոցառման հիմնական նպատակը, բնականաբար, ոչ թե աշխարհի լավագույն բուհերն ավարտած ադրբեջանցիներին Ադրբեջանի տնտեսության մեջ ներգրավվելու քարոզչությունն էր կամ, օրինակ, ադրբեջանցի ուսանողներին կրթաթոշակներ բաժանելը, այլ վերջիններիս ուղեղի լվացումն ու հայատյացության հերթական չափաբաժնի ներարկումը:

Կոնֆերանսի անցկացման վայրը ևս պատահական չէր և բավականին խորհրդանշական: Բոլորին հայտնի է, որ հենց Բուդապեշտ քաղաքում տեղի ունեցավ 21-րդ դարում ադրբեջանցու ձեռքերով կատարված ամենադաժան ոճրագործություններից մեկը. հենց այդ քաղաքում 2004թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը սպանեց հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին, երբ վերջինս քնած էր:

Հասկանալի էր, որ կոնֆերանսը Բուդապեշտում անցկացնելու այս խորհրդանշական քայլով Ադրբեջանի իշխանություններն անուղղակի կերպով ուզում էին իրենց աջակցությունը հայտնել մարդասպանին և ադրբեջանցի եվրոպաբնակ երիտասարդներին ցույց տալ, թե ով է ադրբեջանական երիտասարդության ամենավառ օրինակը և խորհրդանիշը:

Վերոհիշյալի մասին վկայում էին նաև կոնֆերանսին ելույթ ունեցող ադրբեջանցի պաշտոնյաները: Այսպես, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը իր ելույթում հայտարարեց, որ եթե իրենց չհաջողվի «Ղարաբաղը ազատագրել խաղաղ ճանապարհով», ապա Ադրբեջանը կընտրի ռազմական ուղին, և հենց նրանք՝ ադրբեջանցի երիտասարդները, պետք է կատարեն գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները:

Ընդհանուր առմամբ, ցավով պետք է արձանագրել, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շարունակում, այլև ուժեղացնում են հայատյացության սերմանումը և պատերազմը վերսկսելու քարոզչությունը ադրբեջանական երիտասարդության շրջանում: Նման քայլեր անելով և ռազմատենչ հայտարարությունների հնչեցնելով՝ Ադրբեջանի իշխանությունները վերջնականապես թաղում են ոչ միայն բանակցային գործընթացում որևէ չնչին համաձայնություն ձեռք բերելու հնարավորությունը, այլև մեծ հարված են հասցնում հայ և ադրբեջանցի երիտասարդության բնականոն շփման նշույլներին:

Ամեն դեպքում, ծիծաղելի է, որ կյանքում երբևիցե պատերազմ չտեսած և նույնիսկ զենք չբռնած Ասլանովը պատերազմ է քարոզում վառոդի հոտը չառած եվրոպաբնակ և անգամ մայրենի լեզվին լավ չտիրապետող ադրբեջանցիներին: Դեռ ավելին, հարկ է նշել, որ արտերկրում սովորող ադրբեջանցի ուսանողների բացարձակ մեծամասնության համար արտասահմանում սովորելը պայմանավորված է օրինական ճանապարհով ադրբեջանական բանակում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելով:

Պարզ է, որ Արցախում պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում այդ երիտասարդները ոչ միայն չեն մեկնի ճակատ, այլև բանակում ծառայելու իրենց սահմանադրական պարտքը չեն կատարի նույնիսկ հարաբերական խաղաղ պայմաններում: Փառք Աստծո, ադրբեջանցիները՝ ի դեմս հայր և որդի Հեյդար և Իլհամ Ալիևների, միշտ էլ պարտադիր զինվորական ծառայությունից խույս տալու յուրահատուկ տաղանդ են ունեցել, և այսօր էլ Ադրբեջանի առաջադեմ երիտասարդությունը, հանձինս արտերկրում կրթություն ստացած երիտասարդների, շարունակում է պահպանել իր պապերի ձևավորած դասալքության ավանդույթը:

Տիգրան Աբրահամյանց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter