HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հնչող ձայներ». լույս է տեսել պատերազմում զոհված ստեղծագործող տղաներին նվիրված գիրքը

«Ներիր ինձ, ՀԱՅՐԵՆԻՔ, նվաստիս անփառունակ ընթացքի համար։ Ներիր, որ չկարողացա կերտել հաղթական երթդ ու ներիր, որ բոլոր վերքերդ չկարողացա առնել մարմնիս վրա՝ որպես բազմաչարչար օրերի մխիթարանք․․․

Ներեք ինձ, այսօրվա հրաշք մանուկներ, ներեք, որ արյունս բավարար չեղավ փրկել ձեր կյանքերն ու վաղվա սերունդներին։ Եվ ներիր ինձ, իմ ԱԶԳ, անվնաս երկիր քեզ չնվիրելու համար․․․». այս տողերը Վաչագան Մանուկյանինն են, որ զոհվեց 44-օրյա պատերազմում:

Երեկ Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի է ունեցել «Հնչող ձայներ» գրքի շնորհանդեսը: Գրքում ընդգրկված են 44-օրյա պատերազմում զոհված 10 տղաների՝ Վարդան Ամալյանի, Արտակ Բարսեղյանի, Շիրակ Գասպարյանի, Ավետիք Կարճիկյանի, Տիգրան Հարությունյանի, Արեն Հովհաննիսյանի, Հայասեր Հովսեփյանի, Վաչագան Մանուկյանի, Սուրեն Մելիքբեկյանի, Շանթ Նավոյանի եւ Արցախյան առաջին ազատամարտում զոհված արցախցի բանաստեղծ Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունները:

Գիրքը հրատարակվել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության (ՀՀԿՄՄ) երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ: Գաղափարը ծնվել էր պատերազմի օրերին: ՀՀԿՄՄ հիմնադրամի նախագահ, կենտրոնական վարչության անդամ Սպարտակ Ղարաբաղցյանն ասում է, որ գրքի ստեղծման մտահղացումն առաջացել էր դեռ պատերազմի ժամանակ. երբ միշտ ասում ենք, որ ազգի սերուցքը գնաց, այդ 18-20 տարեկանները մեր վաղվա ստեղծագործողներն էին, երաժիշտները, նկարիչները, գրողները:

«Տապանաքար, խաչքար դնելով, ճիշտ է, հիշատակ ես հարգում, բայց երբ ստեղծագործությունն է մնում, այն իսկապես հնչում է»,- նշում է Սպարտակ Ղարաբաղցյանը՝ զոհված տղաների ստեղծագործությունները համարելով չլռող, չքարացած եւ հնչող ձայներ: Ոչ միայն այդ տղաների կյանքն է ընդհատվել, այլեւ ստեղծագործական ընթացքը: Իսկ նրանք բոլորը, զրուցակցիս խոսքով, տաղանդավոր տղաներ էին: Եվ գիրքը բացահայտում կլինի նրանց համար, ովքեր այդ տղաներին միայն որպես զոհ են տեսնում: «Առաջին պատերազմում էլ հրաշք տղաներ ենք կորցրել։ Այն ժամանակ անդրադարձներ եղան, բայց երբ հաղթանակած ես լինում, մի տեսակ կորստիդ չափը մեղմվում է։ Իսկ պարտադրված պարտությունն ու էս տեսակ կորուստը մեզ էսպիսի բաների է բերում»,- նշում է Ս. Ղարաբաղցյանը:

Տիգրան Հարությունյան

Որքան չասված խոսքեր ունեմ,
Որքան պահված սիրո խոսքեր,
Որքան կարոտ երգեր ունեմ,
Որքան սպասված սիրո երգեր,
Որքան կարմիր վարդեր ունեմ,
Սիրո քայլով պատված վարդեր,
Ինչքան բացված վերքեր ունեմ
Դարման խնդրող խորունկ վերքեր,
Որքան պահված քնքշանք ունեմ,
Ինչքան խնդրանք, աղոթք ունեմ:
Ինչքան փայլուն հույսեր ունեմ,
Եթե ինձ հետ չես դու հիմա,
Էլ ոչ մի բան,
Ախ, ոչ մի բան էլ ես չունեմ:

«Հնչող ձայներն» անբացատրելի հուզմունքի շերտեր են բացում: Պետք է տեսնել, թե ինչպես են որդի կորցրած մայրերը պահում իրենց զավակների ձեռագրերը՝ անգամ աննշան նոթով: Դրանք այլեւս մասունքներ են նրանց համար, իսկ գրած տողերն էլ այլեւս ուրիշ իմաստավորում են ստանում:

Հիմա նաեւ մեզ համար են մասունք այն տղաների գրածները, որոնց կենդանության ժամանակ գուցե չենք էլ ճանաչել: Հիմա նրանց մտորումների մի անսահման տարածություն է փռվում մեր առջեւ:

Գրքում ստեղծագործություններից առաջ հեղինակի լուսանկարն ու համառոտ կենսագրությունն է ներկայացված, որը խտանում է մի տարեթվի՝ 2020-ի մեջ:

Շիրակ Գասպարյան

…Դե, մի՛ արտասվիր, դու առյուծածին
Մայր ես տակավին,
Ում որդին կյանքը կդնի զոհասեղանին,
Որ գեթ մեկ հայի իղձը կատարվի,
Որ գեթ մեկ մետր հող նա ետ բերի:
Ես իր արյան մեջ կխեղդեմ նրան,
Որ իր նզովյալ ոտքով կկոխի հողն իմ հայրենի
Ու իր հիվանդոտ թոքով կշնչի օդը իմ երկրի:
Ես հա՛յ եմ, մայրիկ, պապերիս ոգին ինձ միշտ զորավիգ,
Անգամ թե պակաս գարուններ ապրեմ,
Անգամ թե պակաս համբույրներ տամ քեզ,
Դու մի բան հիշիր՝ հողս չեմ զիջի ոչ մի թշնամու…

Առաջիկայում Համազգային հայ կրթական եւ մշակութային միության երեւանյան գրասենյակն անդրադառնալու է 44-օրա պատերազմում զոհված նկարիչներին: Սպարտակ Ղարաբաղցյանն ասում է՝ ցուցահանդես են կազմակերպելու, ու գուցե հետո այդ շարքը շարունակական լինի:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter