Դատարանը մերժեց Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանին վարույթից հեռացնելու միջնորդությունը
Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատախազները մայիսի 20-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատարանին միջնորդեցին Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանին հեռացնել գործի վարույթից։ Մեղադրողների խոսքով՝ Օրբելյանը գործի նախաքննության ընթացքում որպես վկա ցուցմունք է տվել, իսկ Քրեական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածը սահմանում է, որ պաշտպանը չի կարող մասնակցել գործով վարույթին, եթե գործին մասնակցել է՝ որպես վկա։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանին վերագրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արարք, որը կապված է Թովմասյանի՝ Արդարադատության նախարար եղած ժամանակահատվածի հետ։
Ըստ մեղադրանքի՝ 2010 թվականից մինչև 2014 թվականն Արդարադատության նախարար եղած Հրայր Թովմասյանը, նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, բացի այդ, նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ, հարկադրել է Նոտարական պալատի նախագահին պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևանում գտնվող անշարժ գույքը։
Նորայր Փանոսյանի մեղադրանքը ևս այս դրվագների վերաբերյալ է, Փանոսյանն այդ ժամանակ եղել է Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետը։ Ավելի քան մեկ տարի է՝ ՀՔԾ-ում քննվող քրեական գործից Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի մասն անջատվել ու ուղարկվել է դատարան։
Ինչ վերաբերում է գործին Արամ Օրբելյանի առնչությանը, վերջինս Հրայր Թովմասյանի պաշտոնավարման տարիներին, ավելի կոնկրետ՝ 2011 թվականից մինչև 2014-ը եղել է Արդարադատության փոխնախարար, գործով տուժողներից մեկը ցուցմունք է տվել և հայտնել, որ Օրբելյանը տեղյակ է եղել գործով քննության առարկա հանդիսացող հանգամանքներին։
Հատկանշական է, որ Օրբելյանը արդեն երեք ամսից ավելի է՝ ինչ դատարանում ներգրավվել է՝ որպես Թովմասյանի պաշտպան, սակայն ներգրավման պահին նրա՝ գործով որպես վկա լինելու հանգամանքն անգամ քննարկման առարկա չի դարձել։
Դատական նիստի ընթացքում Օրբելյանն առարկեց իրեն ներկայացված բացարկի միջնորդությանը՝ մի քանի փաստարկներ բերելով։ Մասնավորապես, փաստաբանի խոսքով, թեև ինքը ՀՔԾ-ում ցուցմունք է տվել, այն ապացուցողական նշանակություն չունի, ինքն անգամ դատակոչի ցուցակում ներառված չէ՝ որպես վկա։
Օրբելյանն օրինակ բերեց մի իրավիճակ, երբ որևէ դատավոր մեղադրում է կաշառք ստանալու մեջ և նշեց, որ եթե առաջնորդվելու լինենք դատախազության մեկնաբանությամբ, ապա քննիչը կարող է բոլոր պաշտպաններին որպես վկա կանչել հարցաքննության, հարցնել՝ արդյոք այդ դատավորին կաշառք տվել եք, թե՞ ոչ, և արդյունքում կստացվի, որ Հայաստանի Հանրապետության բոլոր փաստաբանները դատավորի գործով վարույթից հեռացման ենթակա կլինեն, քանի որ գործով վկա են։ Օրբելյանը դիրքորոշում հայտնեց, որ ինքը գործի դատաքննության փուլում վկայի կարգավիճակ չունի։
Փաստաբանը նաև նշեց, որ թեև Քրեական դատավարության օրենսգրքում ուղղակիորեն նախատեսված չէ, բայց չի կարող դատավարության տարբեր մասնակիցների միջև լինել խտրական մոտեցում, այսինքն՝ եթե դատարանին ինքնաբացարկի և դատախազին բացարկի միջնորդությունները պետք է հայտնել անմիջապես, ապա պաշտպանին բացարկը ևս պետք է անմիջապես հայտնվի, այլ ոչ թե ներգրավվելուց ամիսներ անց։
«Երբ դուք ինձ ներգրավվում էիք՝ որպես պաշտպան, մեղադրողը շատ լավ գիտեր, թե գործում ինչ նյութեր կան, ինչ ցուցմունք եմ տվել, գործից որ մասն է առանձնացվել։ Եթե կար իմ մասնակցությունը խոչընդոտող հանգամանք, ապա ես չպետք է ներգրավվեի»,- ասաց Օրբելյանը՝ շեշտելով նաև, որ, ի տարբերություն, օրինակ, դատախազների, ինքը մինչև գործին ներգրավվելը դրա ամբողջական նյութերին ծանոթ չի եղել, դրանց ծանոթացել է ներգրավվելուց հետո։
Փաստաբանը դիտարկեց, որ ինքը Հրայր Թովմասյանին իրավաբանական ծառայություն մատուցել է նաև նախկինում, և երբ Հատուկ քննչական ծառայությունում իրեն կանչել էին հարցաքննության, քննիչը պետք է հարցներ՝ արդյոք տիրապետում է որևէ տեղեկատվության, որը նրան հայտնի է դարձել Թովմասյանին իրավաբանական օգնություն ցույց տալու պայմաններում, սակայն իրեն նման հարց չի տրվել։
«Ես չպետք է հարցաքննվեի որպես վկա, բայց քանի որ իմ ցուցմունքը մեղադրանքի հիմքում դրված չէ, չեմ էլ միջնորդում, որ փոխանակ ինձ հեռացնեք, վկայի ցուցմունքը հեռացրեք գործից»,- ասաց Արամ Օրբելյանը։
Վերջինս նշեց, որ եթե, այունամենայիվ, դատարանն այս հարցում այլ դիրքորոշում ունենա և համարի, որ ինքը դատաքննության փուլում վկայի կարգավիճակ ունի, ապա պարտավոր է գործի վարույթը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան։
Խնդիրն այն է, որ 2015 թվականի փոփոխություններով՝ սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ hանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք։ Նկատենք՝ խոսքը ոչ թե պաշտպանի, այլ փաստաբանի մասին է։
«Իմ փաստաբան լինելու հանգամանքը չի վիճարկվում, հետևաբար, ինձ չի կարող դատավորը հեռացնել՝ հաշվի առնելով, որ անձն ունի իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք»,- ասաց Արամ Օրբելյանը։
Ինչպես վերը նշեցինք, Քրեական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածը սահմանում է, որ պաշտպանը չի կարող մասնակցել գործով վարույթին, եթե գործին մասնակցել է՝ որպես վկա։ Արամ Օրբելյանը դիտարկեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը 2015 -ի փոփոխություններով Սահմանադրությանը չի համապատասխանեցվել։
Օրբելյանի խոսքով՝ փաստաբանին լիազորելու գործիքակազմ չի կարող լինել, ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածը ենթակա չէ կասեցման՝ անգամ արտակարգ և ռազմական դրության պայմաններում, այդ հոդվածով երաշխավորված իրավունքից որևէ բացառություն օրենքը չի նախատեսում, և նման պայմաններում, եթե դատարանը համարի, որ ինքն ունի վկայի կարգավիճակ, ապա պետք է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու՝ արդյոք Սահմանադրությանը համապատասխանում է Քրեական դատավարության օրենգրքի 93-րդ հոդվածը, որով սահմանվում է, որ պաշտպանը չի կարող մասնակցել գործով վարույթին, եթե գործին մասնակցել է որպես վկա։
Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ դիտարկեց, որ թեև Արամ Օրբելյանի հարցաքննվելու պահին Հրայր Թովմասյանը ֆորմալ առումով մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել՝ փաստ է, որ Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դեռևս 2019-ի հոկտեմբերի 25-ից է սկսված եղել: Մասնավորապես, Պողոսյանը հիշեցրեց, որ Քննչական կոմիտեն այդ օրը հաղորդագրություն է տարածել Հրայր Թովմասյանի Արդարադարտության նախարար եղած ժամանակահատվածում ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ, և հենց Հրայր Թովմասյանի գործոնով պայմանավորված՝ գործը Քննչական կոմիտեից փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն։ Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ և 10-րդ մասերի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները։
Արամ Օրբելյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է 2019-ի նոյեմբերին։ Ըստ Պողոսյանի՝ Օրբելյանին հարցաքննելու պահին քննիչի համար պարզ է եղել, որ դեպքը, որի շուրջ Օրբելյանին հարցաքննում է, կապված է Հրայր Թովմասյանի՝ Արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում ենթադրյալ չարաշահումների հետ։ Հայտնի փաստ է եղել նաև, որ Արամ Օրբելյանն այլ գործերով հանդիսանում է Հրայր Թովմասյանի ներկայացուցիչը։
«Այդ պայմաններում քննիչը որևէ հարց չի տվել, որպեսզի հաղթահարված համարվի Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասն, ըստ որի՝ որպես վկա չեն կարող հարցաքննվել փաստաբանները` պարզելու համար տեղեկություններ, որոնք նրանց կարող են հայտնի լինել՝ կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ։
Նորայր Փանոսյանի պաշտպաններից Վարազդատ Բադալյանը դիտարկեց, որ Արամ Օրբելյանին հարցաքննելու օրվա դրությամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը եղել է այժմ դատարանում մեղադրանքը պաշտպանող Արսեն Մարգարյանը, դրանից հետո էլ, երբ քրեական գործի հսկողությունը փոխանցվել է գլխավոր դատախազին, Մարգարյանը եղել է դատախազական խմբի մեջ ու առնվազն պետք է տեղյակ լիներ, որ Օրբելյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է։
«Այստեղ առնվազն բարեխղճության մասին է խոսքը․․․այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչո՞ւ է հատկապես այս պահին ներկայացվում Օրբելյանին վարույթից հեռացնելու միջնորդությունը»,- ասաց Վարազդատ Բադալյանը և ընդգծեց, որ գործը, որի շրջականերում Օրբելյանը հարցաքննվել է, ու այժմ դատարանում քննվող քրեական գործը, տարբեր են, քննիչն ինքն էլ գտել է, որ Օրբելյանի՝ նախաքննության փուլում տված ցուցմունքը դատարանում այժմ քննվող գործով որևէ ապացուցողական նշանակություն չի ունենալու, հետևաբար ՀՔԾ-ի վարույթում քննվող քրեական գործով Օրբելյանի՝ վկայի կարգավիճակով հարցաքննված լինելը այս պահին պաշտպանին վարույթից հեռացնելու հիմք չի կարող հանդիսանալ։
Փանոսյանի մյուս պաշտպան Հովհաննես Քոչարյանը նշեց, որ եթե անձը գործով ապացուցողական ինֆորմացիայի աղբյուր է, արժանահավատ աղբյուր, ապա արդարադատության շահի տեսանկյունից ճիշտ կլինի, որ նա գործում մնա՝ որպես վկա, որովհետև վկան անփոխաինելի է։
«Չես կարող վկային բերել և փոխարինել ինչ-որ մեկով, իսկ պաշտպանն անփոխարինելի չէ․ անձը կարող է շատ պաշտպաններ ունենալ՝ իր համաձայնությամբ․ այս տեսանկյունից առաջնայնությունը վկայի կարգավիճակին է տրվում։ Այսինքն, եթե դու վկայի ապացուցողական արժեք ունես, արժանահավատության աղբուր ես հանդիսանում, ապա գործով որպես պաշտպան պետք է չշարունակես լինել»,- ասաց Հովհաննես Քոչարյանը։ Ըստ պաշտպանի, սակայն, Օրբելյանի հետ կապված իրավիճակն այլ է, վերջինս նախաքննության փուլում որպես վկա հարցաքննվել է, սակայն մեղադրական եզրակացությամբ դատակոչված չէ, դատաքննության փուլում միջնորդություն չի ստացվել նրան դատակոչելու, այսինքն, դատաքննության փուլում, որպես արժանահավատության աղբյուր, Օրբելյանը հետաքրքիր չէ, և նման պարագայում միջնորդելը, որ նա հեռացվի վարույթից, նշանակում է ուղղակիորեն խախտել օրենքի պահանջը։
«Ինչո՞ւ է փաստաբանական խմբի մեկ անդամի տեղաշարժը հետաքրքրում մեղադրողին․ ես կարծում եմ՝ մի պատճառով․ սա պատժիչ գործողություն է՝ ուղղված մեր գործըներոջ դեմ իր դատավարական ակտիվությունը սահմանփակելու համար»,- դիրքորոշում հայտնեց Հովհաննես Քոչարյանը։
Փանոսյանի պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը ևս դիրքորոշում հայտնեց, որ Օրբելյանին վարույթից հետացնելու միջնորդությունը պատժի նպատակ է հետապնդում։ Սարգսյանը միացավ նաև այն դիրքորոշմանը, որ եթե դատարանը Օրբելյանին վկա է համարում, ապա պետք է դիմի Սահմանադրական դատարան։ Սարգսյանն ակնայտ անհիմք որակեց դատախազի միջնորդությունը։
Տեսաք, որ չեք դիմանում Արամ Օրբելյանի փաստարկներին, որոշեցիք բացարկ հայտնե՞լ
Հրայր Թովմասյանը դատարանում քննարկվող հարցը մեկնաբանեց սահմանադրաիրավական տեսանկյունից։ Վերջինս նշեց, որ, փաստացի ստացվում է՝ ունենք երկու մրցակցող հոդված՝ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասը, որը սահմանում է, որ «hանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք և Քրեական դատավարության օրենսգրքի մեկ այլ հոդված, որը սահմանում է, որ գործին որպես պաշտպան չի կարող մասակցել անձն, ով վկա է։
Թովմասյանը նկատեց, որ Սահմանադրության մեջ առկա չէ որևէ դրույթ, որը կամրագրի, որ որպես պաշտպան չի կարող հանդես գալ այն անձն, ով վկա է՝ թեպետ քրեադատավարական տասնյակ այդպիսի նորմեր կան։ Սահմանադրության մեջ զետեղված է անձի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանություն իրականացնելու իրավունքը։ ՍԴ դատավորը նշեց, որ ի տարբերություն սահմանադրական տասնյակ հոդվածների՝ Սահմանադրության 67-րդ հոդվածում առկա չէ «այս իրավունքի իրացման կարգը սահմանվում է օրենքով», «մանրամասները սահմանվում են օրենքով», «այս իրավունքը կարող է սահմանափակվել արդարդատության շահից ելնելով» և նմանատիպ այլ ձևակերպումներ։
«Այսինքն՝ սա բացարձակ իրավունք է, որը չի կարող սահմանափակվել»,- ասաց Թովմասյանը և նշեց, որ եթե սահմանադրական և քրեադատավարական նորմերի միջև առկա է մրցակցություն, ապա նախապատվությունը պետք է տալ սահմանադրական նորմին։ Թովմասյանը նաև ընդգծեց, որ փաստաբանների կամ որակյալ փաստաբանների թիվն այնքան էլ մեծ չէ, որ անձը, բազմաթիվ գործոններից ելնելով, նրանց միջից ընտրի իր համար այն փաստաբանին, ում կվստահի իր պաշտպանությունն իրականացնելը։
Թովմասյանը նշեց, որ եթե, օրինակ, դատախազների միջնորդության նպատակն այն է, որ Արամ Օրբելյանը, որպես վկա, չծանոթանա գործի նյութերին, ապա նա արդեն ծանոթ է։
Թովմասյանի համար առհասարակ խնդրահարույց է այն ձևակերպումը, որ վկայի ցուցմունքն ապացույց է։
«Եթե մարդը ոչինչ չի տեսել, չի լսել, ի՞նչ ապացույցի մասին է խոսքը»,- ասաց Հրայր Թովմասյանը, հետո էլ անեկտոդ հիշեց.
«Մեկը մեղր է ծախում, վրան գրում է՝ «պանիր», հարցնում են՝ ինչո՞ւ ես պանիր գրել, ասում է՝ որ մեղուները մոտ չգան»,- պատմեց Թովմասյանը։
ՍԴ դատավորն ասաց, որ Դատախազությունն իրեն այլևս չի զարմացնում։
«Ես դադարել եմ իրենց ասածների վրա ոչ միայն մտածել, այլ նաև՝ զարմանալ․․․Տեսաք, որ չեք դիմանում Արամ Օրբելյանի փաստարկներին, որոշեցիք բացարկ հայտնե՞լ։ Առաջին օրը չտեսա՞ք, չգիտեի՞ք։ Գործերը ձեր մո՞տ չէին, թե՞ ուղղակի գործերը վերցրել եք, եկել դատարան»,- ասաց Հրայր Թովմասյանը և պնդեց, որ Օրբելյանն այս գործով վկա չէ, բայց եթե, այնուամենայնիվ, դատարանը որոշի, որ վկա է, դատարանը պետք է գործի վարույթը կասեցնի և դիմի Սահմանադրական դատարան։
«Հակառակ պարագայում ինչ սանկցիա ուզում եք՝ կիրառեք, ես այլևս նիստերի չեմ մասնակցելու։ Բավական է․ իմ համբերությունը որոշակի սահման ունի, ես չեմ կարող անընդհատ, իմ իրավունքները խախտվելով, գնալ առաջ։ Ճանապարհը մեկն է․ կասեցրե՛ք, դիմե՛ք Սահմանադրական դատարան։ Ես, բնականաբար, Սահմանադրական դատարանի այդ նիստին, որպես դատավոր, չեմ մասնակցի ՝Եթե նույնիսկ Դատարանը չորոշի նիստին իմ մասնակցության անհնարինությունը»,- ասաց Հրայր Թովմասյանը։
Վերջինիս հայտնած դիրքորոշմանը ցանկացավ անձագանքել մեղադրողներից Ա․ Մուրադյանը։
«Նախ, Թովմասյանի ասածի․․․»,- խոսքը ցանկանում էր շարունակել Մուրադյանը, երբ Հրայր Թովմասյանը տեղից արձագանքեց։
«Թովմասյան չի, պարոն Թովմասյան է, տղա՛ ջան»,- ասաց Թովմասյանը։
«Լավ, ամբաստանյալ․․․տղա ջան չի, դատախազ ա»,- հակադարձեց Մուրադյանը։
«Ուրեմն, չափդ ճանաչի՛ր»,- շարունակեց Թովմասյանը, ինչին ի պատասխան՝ դատախազն ասաց, որ ինքն իր չափը ճանաչում է, և եթե Հրայր Թովմասյանը հարգանք ցուցաբերի, ինքն էլ կհարգի։
«Ուրեմն, պարոն Թովմասյան է՝ և՛ իմ ամակով, և՛ իմ գիտական աստիճանով»,- պատասխանեց Թովմասյանը։
Դատարանը Թովմասյանի և դատախազ Մուրադյանի նկատմամբ նկատողության տեսքով դատական սանկցիա կիրառեց, հետո դատախազ Մուրադյանը շարունակեց իր խոսքը։
Դատախազները պնդեցին, որ Օրբելյանն այն դրվագով է հարցաքննվել, որը հետագայում մեղսագրվել է Հրայր Թովմասյանին
Դատախազ Մուրադյանը նշեց, որ իրենց միջնորդության նկատակը օրենքի պահանջը և քննության բնականոն ընթացքն ապահովելն է։ Օրբելյանը հարցաքննության է հրավիրվել, քանի որ կարող էր ապացուցման առարկայի վերաբերյալ նոր փաստական հանգամանքներ հայտնել։ Անդրադառնալով պաշտպան Վարազդատ Բադալյանի դիտարկմանը, որ Օրբելյանի՝ գործում ներգրավվելուց մի քանի նիստ անց է նրան բացարկի միջնորդություն ներկայացվել, Մուրադյանը նշեց, որ եթե անգամ երեք նիստ հետո են ներկայացրել բացարկի միջնորդությունը, փաստ է, որ բացարկման հիմքը չի վերացել։
Մեղադրող Արսեն Մարգարյանն էլ պնդեց, որ Օրբելյանն այն քրեական գործով և այն դրվագով է հարցաքննվել, որը հետագայում մեղսագրվել է Հրայր Թովմասյանին։
«Օրբելյանն այս քրեական գործով ներգրավվել է որպես վկա դեռ այն ժամանակ, երբ Հրայր Թովմասյանին դեռևս մեղադրանք առաջադրված չի եղել, անձը կանչվել է հարցաքննության՝ կոնկրետ տուժողի կողմից մատնանշվելու պարագայում։ Մասնավորապես, տուժողը հայտնել է, որ Օրբելյանը արդարադատության փոխնախարար աշխատելու ժամանակ տեղակ է եղել այն հանգամանքներին, որոնք քրեական գործով ապացուցման առարկա է հանդիսանում»,- ասաց Արսեն Մարգարյանը։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց դատախազների միջնորդությունը
Դատավորը նշեց, որ քրեական դատավարությունում մեղադրվող անձի համար պաշտպանության իրավունքի ապահովումն ունի առանցքային նշանակություն։ Պաշտպանության իրավունքը անձին վերապահված իրավունքներից հիմնականն է։ Դատավորը նշեց, որ քրեական դատավարությունում մեղադրող անձի համար հայեցողական ընտրությամբ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը սահմանադրական կարգավորում է ստացել, սահմանադրական այս կարգավորումը համահունչ է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին, որը սահմանում է, որ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի համար երաշխավորվում է իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտանվելու իրավունքը։
Ըստ դատարանի՝՝ Արամ Օրբելյանը որպես վկա նախաքննության փուլում հարցաքննվել է, սակայն վերջինիս ցուցմունքը որպես ապացույց չի օգտագործվել, ավելին, Օրբելյանը դատակոչի ցուցակում որպես վկա ընդգրկված չէ։
«Դատարանը գտնում է, որ զուտ այն հիմնավորմամբ, որ վարույթն իրականացնող մարմինը որպես վկա հարցաքննվել, բայց դատակոչում չի ընդգկվել, չի կարող սահմանափակել ամբաստանյալի՝ իր հայեցողությամբ փաստաբան ընտրելու իրավունքը, և Օրբելյանին վարույթից հեռացնելը կհակասի Սահմանադրության 67-րդ հոդվածին ու Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին։ Իր հայեցողությամբ փաստաբան ընտրելու իրավունքը մեղադրվող անձի հիմնական սահմանադրական իրավունքներից է, ուստի այն անմիջականորեն գործող իրավունք է, իսկ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։ Ուստի միջնորդությունը անհիմն է և ենթակա մերժման»,-ասաց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։
Այսպիսով՝ Արամ Օրբելյանը կշարունակի ներկայացնել Հրայր Թովմասյանի շահերը։
Արամ Օրբելյանի լուսանկարը՝ Yerevan today-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել