HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ի կազմում առաջինը Լեհաստանը ձեռք կբերի թուրքական անօդաչուներ

Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը Թուրքիայից ձեռք կբերի մարտական անօդաչուներ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով լեհական PolskieRadio-ին։ Ընդհանուր առմամբ, արևելաեվրոպական երկիրը Թուրքիայից կգնի 24 միավոր Bayraktar TB2 մոդելի անօդաչու, որոնց առաջին խմբաքանակը Լեհաստան կմատակարարվի արդեն 2022 թվականին։ 

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակի խոսքերով՝ «լեհական բանակը ձեռք կբերի ստուգված զենք, որը նախկինում երբեք չի եղել իր զինանոցում»։ Թուրքական արտադրության անօդաչուները կիրառվել են ռազմական հակամարտությունների ժամանակ՝ հատկապես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից։ Լեհական կողմի պատվերով դրանք կզինվեն հակատանկային հրթիռներով։  

Թուրքիայի հետ պայմանագիրը ներառում է նաև փոխադրման և ուսումնական փաթեթները։ Նախատեսվում է, որ պայմանագիրը կստորագրվի 2021 թվականի մայիսի 25-ին, երբ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։

Ավելի վաղ, Bayraktar TB2 անօդաչուների ձեռքբերման վերաբերյալ պայմանագիր էին կնքել Ուկրաինան և Թուրքիան։ Թուրքական Baykar Makina ընկերությունն անօդաչուներ է մատակարարում նաև Ադրբեջանին, Քաթարին և Լիբիային։ Թուրքիայի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ այդ երկիրը չորրորդն է՝ մարտական անօդաչուների արտադրության ցուցանիշներով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական անօդաչուների ձեռքբերմամբ հետաքրքրված է նաև Սաուդյան Արաբիան։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter