HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

66 երկրում արգելված քաղցկեղածին ազբեստը Հայաստանում ամենուր է

66 երկրում ազբեստ օգտագործելն արգելված է քաղցկեղածին լինելու հիմնավորմամբ։ Հայաստանում ազբեստը տարբեր ոլորտներում դեռևս կիրառվում է։ Տասնյակ համայնքներում ջրի և ոռոգման խողովակաշարերի մի մասը ազբեստից է։ Դրանք անցկացվել են խորհրդային տարիներին և մինչ օրս օգտագործվում են: Տանիքները նույնպես գերազանցապես ծածկված են ազբոթիթեղներով։ Հայաստանը ներմուծում է ազբեստ, ունի ազբոթիթեղների արտադրություն։ 

Ինչո՞ւ է վտանգավոր ազբեստը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ազբեստի բոլոր տեսակները, այդ թվում` ամենատարածված քրիզոթիլը, որակել է քաղցկեղածին: Իսկ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունն ազբեստը մտցրել է քաղցկեղածին նյութերի ցանկի առավել վտանգավորների խմբի մեջ։

Ազբեստը մանրաթելային կառուցվածքով հրակայուն և թթվադիմացկուն հանքատեսակ է: Կիրառվում է ամենատարբեր բնագավառներում, առավել հաճախ՝ շինարարության և մեքենաշինության մեջ:

Ազբեստն առաջացնում է թոքի, շնչուղիների, ստամոքսի և ձվարանների քաղցկեղ, ինչպես նաև՝ մեզոթելիոմա, ազբեստոս (թոքերի ֆիբրոզ) և այլ հիվանդություններ: Պարզ ասած՝ ազբեստը ջերմության կամ արևի հետ շփվելիս քայքայվում է՝ ասեղիկներ է արձակում, որոնք ամրանում են շնչուղիներում, «բույն» դնում այնտեղ և քաղցկեղի առաջացման պատճառ դառնում։

ԱՀԿ տվյալներով` 125 մլն մարդ իր աշխատավայրում ենթարկվում է ազբեստի ազդեցությանը: 107 հազար մարդ տարեկան մահանում է ազբեստի հարուցած հիվանդությունների հետևանքով:

Ազբեստով պայմանավորված հիվանդությունների վերաբերյալ հստակ պատկեր Հայաստանում չկա։

«Առողջապահության նախարարության կողմից ազբեստի հնարավոր բացասական ազդեցության և մեզոթելիոմայի հիվանդացության միջև պատճառահետևանքային կապի բացահայտմանն ուղղված ուսումնասիրություններ չեն իրականացվել՝ հաշվի առնելով, որ արձանագրվում են թոքերի և պլևրայի չարորակ մեզոթելիոմայի եզակի դեպքեր, ինչպես նաև Հանրապետության տարածքում հաշվառված չեն ազբեստով պայմանավորված հիվանդացության դեպքեր»,- հայտնել է Առողջապահության նախարարությունը՝ մեր հարցմանն ի պատասխան։

Նախարարությունը որոշակի վիճակագրություն է տրամադրել մարզային կտրվածքով վերջին 10 տարվա ընթացքում բնակչության շրջանում գրանցված առաջին անգամ ախտորոշված թոքերի և պլևրայի չարորակ մեզոթելիոմայի դեպքերի բաշխման վերաբերյալ։ Ըստ այդմ, ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզում, Երևանում, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում։ Հենց այս վերջին երկու մարզում են դեռևս ավելի շատ պահպանված և օգտագործվում ազբոցեմենտային ջրի խողովակները։

Ազբեստի արդյունահանումն ու կիրառությունը լայն թափ է ստացել 19-րդ դարի վերջերից, իսկ մեկ դար անց այն սկսվել է արգելվել: 1997թ. հունվարի 1-ից ազբեստի օգտագործումն արգելվել է Ֆրանսիայում, իսկ 2005 թվականից՝ ամբողջ Եվրամիությունում: 66 երկրում այժմ արգելված է ազբեստի կիրառությունը, այդ թվում՝ Կանադայում, որտեղ ժամանակին ազբեստն ամենաշատն էր արդյունահանվում:

Այժմ Ռուսաստանն է ազբեստ արտահանող առաջատար երկրներից մեկը:  Արդյունահանման ծավալների մեծությամբ Ռուսաստանին հաջորդում են Չինաստանը, Բրազիլիան և Ղազախստանը:

Հայաստանն ազբեստ ներմուծում է գերազանցապես Ռուսաստանից: Վերջին 12 տարում տարեկան միջինը 126 տոննա մաքուր ազբեստ է ներմուծվել:

Ազբեստի ներմուծումը
Infogram

Ներմուծումից բացի, Հայաստանում կա ազբոցեմենտային թիթեղների արտադրություն: «Կավաշեն» ՍՊԸ-ն Արարատ քաղաքում շահագործում է ազբոթիթեղների գործարանը։ Այդ մասին` ներքևում:

Ազբեստե խողովակներով ջրամատակարարումը

Հայաստանի համայնքներում շարունակվում է

satellite-small.jpg (1.12 MB)

«Հետքը» շուրջ 2 տարի տվյալներ է հավաքագրել և ուսումնասիրել Հայաստանում ազբեստե խողովակների կիրառությունը ջրամատակարարման ոլորտում։ Պարզելու համար, թե որ համայնքներում որքան խմելու և ոռոգման ջրագծեր են դեռևս մնացել և օգտագործվում ազբեստից, տվյալներ ենք հավաքագրել մարզպետարաններից, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, Ջրային կոմիտեից, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից և Երևանի քաղաքապետարանից։ Տեղեկություններ ոչ բոլոր մարզպետարաններում են կարողացել հավաքել, իսկ որոշ տվյալներ իրականությանն այնքան էլ չէին համապատասխանում։ Մի քանի համայնքներում, հարցումներից հետո ազբեստե խողովակները մասնակի կամ ամբողջությամբ փոխվել են։

Խմելաջրի ազբեստե ջրագծերը Հայաստանում խորհրդային տարիներից մնացած ժառանգություն են․ կառուցվել են հիմնականում 1950-1970թթ․։

Ըստ ստացված տվյալների վերլուծության՝ Հայաստանի 38 համայնքում խմում և իրենց կենցաղում կիրառում են վատ կամ անմխիթար վիճակում գտնվող ազբոցեմենտե խողովակներից հոսող ջուր: Քաղաքային 4 համայնքում՝ Վարդենիսում, Ստեփանավանում, Արմավիրում և Էջմիածնում ջրամատակարարում իրականացվում է նաև ազբեստե խողովակներով։ 30 համայնքում էլ բերքն են ոռոգում այդ խողովակներով հոսող ջրով։

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տակ գտնվող որոշ բնակավայրերում դեռևս գոյություն ունեն նախորդ դարի 50-60-ական թվականների, խորհրդային ժամանակաշրջանում կառուցված ազբեստե ջրագծեր։ Վարձակալության պայմանագրով ընկերությունը ստանձնել է Ջրային կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին վարձակալության հանձնված ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը։ Ըստ վարձակալության պայմանագրի՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պատասխանատու է միայն վարձակալած գույքի շահագործման, պահպանման և նորոգման համար։

«Ազբեստե ջրագծերից որոշների համար կան գոտիավորման ծրագրեր՝ կապված դրանց շահագործումից հանելու հետ, իսկ մյուսների մասով՝ հարկավոր են լուրջ ներդրումներ։ Ջրային համակարգերի խոշոր նորոգումների կապիտալ աշխատանքների ֆինանսավորումը հանդիսանում է վարձատուի՝ ՀՀ կառավարության և համապատասխան մարմինների պարտավորությունը»,- հայտնել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը։

Ամենաշատ և ամենաերկար ազբեստե ջրագծերը Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում են 

Համաձայն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի տվյալների՝ Վարդենիս քաղաքի ջրամատակարարման ցանցի մոտ 40 %-ը ազբեստից է (17,5 կմ)։

Մյուս գերատեսչությունների տվյալների համադրմամբ ստացվում է, որ Գեղարքունիքի մարզի ևս 20 գյուղում մինչ 2019թ. ազբեստե խողովակներով խմելու ջրամատակարարում է իրականացվել, որոնց ընդհանուր երկարությունը 75 կմ էր: 2018-20թթ. շուրջ 50 կմ ազբեստե ջրագիծ փոխվել է, և 7 գյուղում դեռևս կիրառվում են ազբեստե խողովակները: ՏԿԵ-ն հայտնել է, որ նոր ջրատարները կառուցվել են խտացված պոլիէթիլենային խողովակներով: Մնացած, քիչ օգտագործվող, ազբեստե ջրագծերը կփոխարինվեն կամ կշրջանցվեն 1-2 տարվա ընթացքում:

Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղի բնակիչները երկար տարիներ գյուղամիջում եղած մեկ աղբյուրից են օգտվել։ Այդ աղբյուրի ջուրը հոսել է սարից իջնող 25 կմ երկարությամբ ազբեստե խողովակից։ Ժամանակ առ ժամանակ խողովակաշարի որոշ հատվածներ շարքից դուրս են եկել։ Հատվածաբար դրանք նորոգվել և փոխարինվել են երկաթե խողովակներով։ 2018թ․-ին հնարավոր է եղել ջրագծի 400 մետր հատվածը փոխել։ Այդտեղից շատ էր ջրի կորուստը և ամենավնասված հատվածն էր։ Դրանից հետո ջուրն առատացել է, և բնակիչները ջրագծեր են քաշել դեպի իրենց տներ։

Համայնքների խոշորացումից հետո Գեղամաբակն ընդգրկվել է Գեղամասարի կազմում։ Համաձայն մեզ տրամադրած պաշտոնական տվյալների՝ այս գյուղում 10 կմ ջրագիծն ազբեստե խողովակներից է։ Սակայն պարզվում է, որ տվյալներն այնքան էլ ճշգրիտ չեն։

«Ես հստակ չեմ կարող ասել, բայց 10 կմ-ից շատ կլինի։ 2019թ․ 400 մ փոխվել է, էն փիս վթարային վիճակից ջուրը մտցրել ենք խողովակներ, որ մի քիչ շատանա։ Փոխելուց որ աշխատում էինք, լրիվ տրաքում էր, քայքայված, բորբոսնած։ Հանելուց կոտրվում, փշրվում էր»,- պատմում է Գեղամաբակի վարչական ներկայացուցիչ Վարդան Սաղաթելյանը։

Գեղամաբակի բնակիչներ Զարզանդ Ավագյանը և Վաղինակ Անդրիյանը պատմում են, որ 25 կմ ձգվող ազբեստե ջրագծերը փոխելու աշխատանքներին տարբեր ժամանակներում մասնակցել են։ Թե որքանն է ազբեստից մնացել, դժվարանում են ասել, բայց նրանք էլ են վստահ՝ 10 կմ-ից ավել կլիներ։ «Տրակտորը չի կարողանում մոտենա քանդի, հենց կպնում է, պայթում է միանգամից, փտած է»,- ասում է Զարզանդ Ավագյանը։

Չնայած ջրագծի մի մասը փոխվել է, գյուղացիները դեռ վախենում են խմել հոսող ջրից։ Ով հնարավորություն ունի, հարևան գյուղից մաքուր ջուր է բերում։ Ով չունի, օգտվում է ծորակի ջրից։

«30 տարի է, որ խմում ենք, ինչ է եղել, հիմա էլ կխմեն։ Էն վախտ ազբեստ բառ չկար, հիմիք են հայտնաբերել, որ ազբեստից հիվանդություն է առաջանում, ուռուցք է առաջանում։ Բայց դե ինչ է եղել, մի անգամ ուռուցք տարած եմ»,- ասում է Վաղինակ Անդրիյանը։

Գեղամաբակում մեզ հանդիպած բնակիչներից 2-ի մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել։ 42-ամյա բնակիչ Ժուլիա Սողոմոնյանը նույնպես դրա դեմ բուժում էր ստացել՝ քիմիաթերապիա ու ճառագայթներ, բայց թե ինչն է եղել հիվանդության պատճառը, չեն ասել։

Վարչական ղեկավարը նշում է, որ իր պաշտոնավարումից ի վեր՝ 2017թ․ դեկտեմբերից, գյուղից ջրանմուշներ վերցնելու դեպք չի եղել, որպեսզի որակի վերաբերյալ ինչ-որ տվյալ ունենան։ Նախորդ պաշտոնավարողի ժամանակաշրջանից տեղեկություններ չուներ։ Գյուղացիները նույնպես նմուշառման դեպքեր նախկինում չհիշեցին։

ՏԿՆ տեղեկատվության համաձայն՝ 2019թ. 3.6 մլն դրամ սուբվենցիոն ծրագրով փոխվել է գյուղի 0.8 կմ ջրագծի հատվածը, 2020-ին 17 մլն դրամ արժեքով 2.8 կմ ջրագծի շինարարություն է իրականացվել:

Գեղարքունիքի  մարզպետարանի պատասխանում նշվում է, որ մարզում խմելու ջրի ջրատարները հիմնականում մետաղական են, իսկ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող 20 համայնքում՝ մետաղական և պոլիէթիլենային: Գեղարքունիքի  մարզպետարանը, սակայն, շրջանցել էր Վարդենիս քաղաքի ջրամատակարարման ցանցի 40 տոկոս ազբեստե խողովակների փաստը։

«Գեղարքունիք» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում, ընկերության կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ մարզի տարածքի ոռոգման ջրատարները մետաղական են, ինչպես նաև կան բետոնե և բնական առուներ: Ոռոգման համակարգում ազբեստե խողովակաշարեր չկան:

Արծվանիստը սկսել է փոխարինման գործընթացը

Գեղարքունիքի մարզում ազբեստի խողովակից սնվել է նաև Արծվանիստ գյուղը։ 2018թ․-ին այդ խողովակաշարի 5 կմ-ը փոխարինվել է նորով՝ պլաստմասսայե խողովակներով։

Արծվանիստի համայնքապետարանի քարտուղար Սերժիկ Նիկողոսյանը պատմում է, որ 1952թ․-ին կառուցված ջրագիծն ամբողջությամբ ազբեստե է եղել, սակայն 2015թ․ համայնքի համար կառուցվել է օրվա կարգավորիչ կայանը՝ 500 խմ-ով տարողությամբ, որտեղ, բացի ազբեստե խողովակներով սնվող ջրագծից, այլ ջրագծեր են ուղղվել՝ Կորբուլախ կոչվող հանդամասից։

«Մենք միշտ էլ գրել ենք, դիմել ենք Կառավարությանը, որ 1952թ․ կառուցված ազբեստե խողովակներ են, գիտենք, որ ազբեստե խողովակները վտանգավոր են, էդ գրություններն ուղարկել ենք, վերջապես ընթացք տվեցին, փոխվավ»,- ասում է Ս. Նիկողոսյանը։

ՏԿՆ տվյալների համաձայն՝ այժմ Արծվանիստի ավազան մտնող խողովակներից 7 կմ խողովակաշար դեռ մնացել է ազբեստից։

«Չնայած ազբեստե խողովակներով ջուրը լցվում է օրվա կարգավորիչ կայան, բայց մեր մոտ ամիսը մեկ ստուգում կա Սանէպիդկայանից, չափում են, ոչ մի թունավորման դեպք չի եղել մեր համայնքում»,- ասում է Ս․ Նիկողոսյանը։

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզի 17 համայնքում խմելաջրի խողովակաշարերը ազբեստե են։ Այս մարզում ազբեստե խողովակաշարի երկարությունը շուրջ 65 կմ է։

Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը մեր հարցմանը պատասխանել էր, որ չի տիրապետում ազբեստե խողովակների մասին տեղեկատվությանը, քանի որ մարզի 47 համայնքում խմելու ջրի սպասարկումն ապահովում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն, իսկ 50 համայնքում՝ համապատասխան համայնքապետարանները։ Քանի որ մարզպետարանը հայտնել էր, որ չի տիրապետում տեղեկատվությանը, նույն հարցմամբ դիմեցինք նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին։ Միայն նախարարի հանձնարարականից հետո մարզպետը փորձել էր իրավիճակին ծանոթանալ և տեղեկությունները տրամադրել նախարարությանը։

Այդպիսով, ըստ մարզպետարանի գրության՝ Արմավիրի մարզի համայնքներում խմելու ջրի  ջրամատակարարման ներքին ցանցերը շահագործվում են մեծ մասամբ երկաթե,  չուգունե  և պոլիէթիլենային խողովակներով, սակայն կան մի շարք համայնքներ, որտեղ խմելու ջրի ջրամատակարարումը սպասարկվում է մասամբ ազբեստե խողովակներով և գտնվում են  անմխիթար վիճակում: Ազբեստե խողովակներն անցկացվել են 1960-70-ական թվականներին:

«Վեոլիա ջուրը» նշել է իր սպասարկման ներքո գտնվող ևս մեկ գյուղի մասին՝ Հովտամեջը՝ 700 մ։

Հետաքրքիրն այն է, որ մեր վերջին հարցմանը պատասխանելիս ՏԿՆ-ն ևս մի քանի համայնքների անուններ է թվարկել, որտեղ վերջին երկու տարում ազբեստե խողովակները փոխվել են: Այդ համայնքները չկային մեր առաջին հարցման պատասխանում: Մասնավորապես, ավելացել են Արմավիր համայնքը, որտեղ 15 կմ խողովակ է փոխվել, ինչպես նաև Էջմիածինը, որտեղ նույնպես 700 մ խողովակաշար է փոխվել: Մարգարայում 2,4 կմ խողովակաշարի փոփոխությունն ընթացքի մեջ է: Եթե այս նոր տվյալները ևս գումարենք, ապա Արմավիրը կդառնա մարզերից առաջատարը. ազբեստե խողովակների երկարությունը կկազմի շուրջ 85 կմ:

Արմավիրի մարզի ոռոգման ջրագծերն անցկացված են կիսաբաց բետոնե խողովակներով:

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզի համայնքների խմելու ջրի մատակարարումը հիմնականում իրականացվում է պողպատե, թուջե և պոլիէթիլենային խողովակներով: Մարզի 8 համայնքի խմելու ջրամատակարարման ցանցում կան ազբոցեմենտե խողովակներով կառուցված հատվածներ:

Ազբոցեմենտե խողովակաշարերը կառուցվել են 1950–60-ական թվականներին: Խողովակների վիճակը ոչ բավարար է:

Արագածոտնի մարզում ազբոցեմենտե խողովակներով ոռոգում իրականացվում է Ոսկեվազ համայնքում՝ 1.4 կմ (որից 200 մետր փոխվել է), Աղձք համայնքում՝ 1.3 կմ, Ագարակ համայնքում՝ 0.25 կմ, Լուսակն համայնքում՝ 2.5 կմ երկարությամբ: Ազբոցեմենտե խողովակաշարերը կառուցվել են 1960–70-ական թվականներին: Խողովակաշարերի վիճակը ոչ բավարար է:

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզում խմելու ջրագծերը հիմնականում կառուցված են պողպատե և պոլիէթիլենային խողովակներով: Ոռոգման ջրագծերի փակ խողովակաշարերը հիմնականում պողպատե են և պոլիէթիլենային, իսկ բաց խողովակաշարերը՝ երկաթբետոնե:

Ակունք համայնքի Կապուտակ և Զառ բնակավայրերի 7 կմ երկարությամբ ջրագծերը՝ (Կապուտան՝ 3 կմ, Զառ՝ 4 կմ) կառուցված են եղել ազբեստե խողովակներով: Ջրագծերով մատակարարվող ջուրն օգտագործվել է խմելու և ոռոգման նպատակով։ Կառուցված են եղել անցած դարի 70-ական թվականներին, գտնվել են վատ վիճակում: Վերջին երկու տարվա ընթացքում «Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի միջոցներով 84,5 մլն դրամով Ակունքի երկու բնակավայրերում էլ խողովակները փոխվել են:

Արարատի մարզ

Արարատի մարզի բնակավայրերում ջրի մատակարարումն իրականացվում է պոլիէթիլենային և մետաղական խողովակների միջոցով, իսկ ազբեստե խողովակներով խմելու ջրի մատակարարում չի իրականացվում:

Ոռոգման համակարգում ազբեստե խողովակներով ջրամատակարարում իրականացվում  է.

«Արտաշատ»  ՋՕԸ-ի սպասարկման տարածքում ազբեստե խողովակներ օգտագործում  են.

  • Սիսավան՝ կառուցված 1998թ․, 4, 5 կմ
  • Նոր Կյանք՝ կառուցված 1998թ․, 0,5 կմ
  • Տափերական՝ կառուցված 2008թ․, 0,13 կմ
  • Այգեզարդ՝ կառուցված 1998թ․, 4 կմ
  • Նորաշեն՝ կառուցված 2006թ. 1,1 կմ համայնքներում՝ բոլորն էլ բարվոք  վիճակում:

«Արարատ» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում ազբեստե խողովակներով ոռոգում  իրականացվում է հետևյալ համայնքներում.

  • Ոսկետափ՝ կառուցված 1997թ․ 2 կմ, պահպանվում է 1.2 կմ-ը։
  • Պ.Սևակ՝ կառուցված 1978թ. 12,1 կմ, առանձին հատվածներ խցանված են
  • Զանգակատուն՝ կառուցված 1986թ․ 10,6 կմ, որից 6.4 կմ-ը շահագործվել է մինչև 1990թ-ը 4.6 կմ-ը վթարային վիճակում շահագործվում է
  • Երասխ՝ կառուցված 1978թ․, 6 կմ, խցանված է
  • Սուրենավան՝ կառուցված 1980թ․, 16 կմ, որից 4.6 կմ-ն օգտագործվում է, 6.6 կմ-ը չի օգտագործվում, իսկ մնացածը թալանված է
  • Վարդաշատ՝ կառուցված 1986թ․ 1․4 կմ, ամբողջությամբ օգտագործվում է ունի վերանորոգման կարիք
  • Արարատ՝ կառուցված 1993թ․ 5,6 կմ, որից 1.8 կմ-ը չի օգտագործվում, վթարային  է:

Լոռու մարզ

«Լոռու մարզպետարանը չի տիրապետում մարզի խմելու և ոռոգման ջրագծերի խողովակների տեսակին վերաբերող տեղեկատվությանը»,- պատասխանել էր մարզպետարանը։ Ստույգ և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար մեզ հորդորել էին դիմել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին և ջրամատակարարման սեփական համակարգ ունեցող համայնքների ղեկավարներին և տրամադրել էին համայնքների ցանկը։ Մեր հարցման ժամանակ մարզը դեռ ղեկավարում էր Հ․ Մարգարյանը։ Այստեղ էլ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականից հետո միայն հավաքագրեցին տեղեկությունները։ Ըստ այդմ, Լոռու մարզում ազբեստե խողովակ կա միայն Պրիվոլնոյե համայնքում, որը կառուցվել է 1981-ին, 1,4 կմ է և վատ վիճակում է։

«Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տակ գտնվող Ստեփանավանի տեղամասում՝ Գյուլիդարի ջրատարի մի հատվածը նույնպես ազբեստե խողովակաշար է՝ 4 կմ։ Տաշիրի տեղամասում՝ «Սևաբերդի» (Հովդարա) համակարգն է ազբեստե խողովակներով՝ 2,2 կմ։ 2018թ. Ստեփանավանում փոխվել է 520 մետր խմելու ջրագծի խողովակաշար «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ջրագծերի վերանորոգման ծրագրի շրջականերում, որի արժեքը կազմել է 12,6 մլն դրամ: Գյուլագարակ/Գարգառ հատվածում ՀՏԶՀ «Ջրամատակարարման արտաքին ցանցի ջրագծի հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում 10 մետր խմելու ջրագիծ է փոխվել  2020-ին:

Վայոց Ձորի մարզ

Վայոց ձորի մարզում ազբեստե խողովակներով խմելու ջրագծեր չկան։ Խմելու ջրագծերը կառուցված են պողպատե և պոլիէթիլենային խողովակներով, իսկ ոռոգման ջրագծերը` պողպատե, ցինկե, թուջե, ազբեստե և պոլիէթիլենային խողովակներով: Այս պատասխանը ստացել էինք Վայոց Ձորի մարզպետարանից: Սակայն ՏԿՆ նոր պատասխանում նշվում է, որ Զառիթափ համայնքում 350 մետր խմելու ազբեստե ջրագիծ է փոխվել սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը կազմել է 5,8 մլն դրամ:

Մարզի տարածքում ոռոգման ջրագծերից ազբեստե խողովակներով հետևալ ջրագծերն են`

ա) Փոռից-Զառիթափ ներտնտեսային ցանց, 4.2 կմ 

բ) Արենիի ներտնտեսային ցանց, 3.1 կմ 

գ) Արինից- Մալիշկա ներտնտեսային ցանց, 1.6 կմ   

Նշված ջրագծերը կառուցվել են 70-ական թվականներին և գտնվում են անմխիթար վիճակում:

Ոռոգման ցանցից սուբվենցիոն ծրագրով նորոգվել են Եղեգիս/Շատին 150 մետր և Եղեգիս/Սալի 260 մետր ոռոգման խողովակները:

Շիրակի մարզ

Շիրակի մարզպետարանը հայտնել է, որ 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո Շիրակի մարզում խմելու ջրի մատակարարման համար օգտագործվել են միայն մետաղական և պոլիէթիլենային խողովակներ: Իսկ ոռոգման ցանցերի անցկացման համար օգտագործվել են մետաղական, պոլիէթիլենային ինչպես նաև երկաթբետոնե (կիսախողովակներ) խողովակներ:

Երկրաշարժից հետո Շիրակի մարզի համայնքներում ջրամատակարարման համար ազբոցեմենտե խողովակներ չեն օգտագործվել: Իսկ մինչ այդ գոյություն ունեցող ազբոցեմենտե խողովակներով ջրամատակարարման համակարգերի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտնել է, որ Արթիկ տեղամասի Սպանդարյան գյուղի 1,2 կմ ազբեստե է։ Բացի դրանից, Շիրակի տեղամասի Մայիսյան գյուղում 400 մ խողովակաշար նույնպես ազբեստից է։

ՏԿՆ նոր պատասխանից պարզ է դառնում, որ Մեծ Մանթաշ գյուղում 450 մ խմելու ջրագիծ է փոխվել: Սպանդարյան համայնքում 800 մ խմելու ջրի ազբոցեմենտե խողովակաշարը դուրս է բերվել շահագործումից՝ ջրամատակարարման գիծը ազբոցեմենտե խողովակներից անջատելու և զուգահեռ՝ գոյություն ունեցող, մետաղական խողովակներին միացնելու եղանակով: Աշխատանքների համար ֆինանսական միջոցներ չեն ծախսվել: Գեղանիստ համայնքում համայնքային միջոցներով 48 մետր ոռոգման ջրագիծ է փոխվել:

Սյունիքի մարզ

2018 թվականի մեր հարցմանն ի պատասխան Սյունիքի մարզպետարանը հայտնել է, որ Սյունիքի մարզում խմելու և ոռոգման ջրամատակարարումն իրականացվում է մետաղական և պլաստմասսայե խողովակներով: Բացառություն է Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրում գործող` 1960-ական թվականներին կառուցված, 600 մ երկարությամբ ազբեստե 100 մմ տրամագծով, շատ վատ վիճակում գտնվող ջրագիծը, որով ապահովվում է 2 բնակելի տան խմելու ջրի մատակարարումը:

Տավուշի մարզ

Տավուշի մարզում խմելու ջրամատակարարման համակարգերի շահագործումն իրականացվում է մետաղյա և պոլիէթիլենային խողովակներով։ Իսկ ոռոգման համակարգում մարզի ողջ կտրվածքով ազբեստե շուրջ 70 կմ ջրագիծ կա 17 համայնքում։ Ամենաշատը՝ Այրումում, ինչպես նաև Կողբում, Նոյեմբերյանում, Խաշթառակում, Դիտավանում, Կիրանցում, Բերքաբերում, Գետահովիտում, Այգեձորում, Չինարիում, Արծվաբերդում, Տավուշում, Պառավաքարում, որոնք բավարար վիճակում են գտնվում։ Կառուցվել են 1958-1975թթ․։

Վերջին երկու տարում Այգեգովիտում սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է 5200 մ ոռոգման խողովակ, որից 880-ը` ազբեստե, իսկ Բերդի Տավուշ բնակավայրում 250 մ փոխվել է 2020-ին:

Չորաթանում, Մովսեսում, Վերին և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում ևս կան, սակայն այդ ջրագծերը չեն շահագործվում։

Երևան

Երևանի քաղաքապետարանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ խմելու ջրագծերի մասով մեր հարցերի պատասխանը ՏԿԵՆ Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պատասխանատվության ներքո է, քանի որ 2017 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծառայությունների մատուցման վարձակալության նոր պայմանագիր, որի կողմերն են ՏԿԵՆ Ջրային կոմիտեն՝ որպես վարձատու և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն՝ որպես վարձակալ: Կարելի է ենթադրել, որ Երևանում ազբեստե խողովակներով ջրամատակարարում չի իրականացվում, քանի որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն Երևանի վերաբերյալ տվյալներ չի տրամադրել։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքը ոռոգող ջրագծերին, ապա Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ նախորդ դարի առնվազն 1960-ական թվականներից ոռոգման ցանցերը կառուցվել են մետաղյա խողովակաշարերով: Վերջին 3-4 տարիներին մետաղյա խողովակաշարերին փոխարինելու են եկել պոլիէթիլենային խողովակաշարերը, և ջրագծերը հիմնականում հենց դրանցով են կառուցվում:

Վիճակագրություն չկա

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինից փորձել էինք տեղեկություններ ստանալ, թե եղե՞լ են կամ կա՞ն համայնքներ, որտեղ խմելաջրի որակը պայմանավորված է եղել ազբեստե խողովակների վթարային կամ վնասված լինելով, առհասարակ ազբեստով կամ դրա տարատեսակներով հարուցված քա՞նի թունավորման դեպք է արձանագրել Տեսչական մարմինը կամ դրա ենթակայության ներքո գործող ստորաբաժանումները վերջին տասնամյակում։

Մեր հարցմանն ի պատախան Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հայտնել է, որ ԱԱՏՄ-ն կարող է տվյալներ տրամադրել 2018 թ․ հուլիսի 19-ին հաջորդող ժամանակահատվածի համար, այսինքն՝ Տեսչական մարմնի ձևավորումից հետո։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված տեղեկատվության և քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա ԱԱՏՄ-ում հարուցված վարչական վարույթների շրջանակում ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացված փորձագիտական եզրակացությունների համաձայն՝ խմելու ջրի լաբորատոր հետազոտության քիմիական և մանրէաբանական ցուցանիշների արդյունքներով՝ 2018 թվականից մինչ օրս ջրի գործոնով, այդ թվում՝ ազբեստով կամ դրա տարատեսակներով պայմանավորված՝ թունավորման դեպքեր չեն արձանագրվել»,- հայտնել է Տեսչական մարմինը։

Հ․ Ավագյանը նաև տեղեկացրել է, որ Տեսչական մարմնի կողմից իրականացված վարչական վարույթների ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Շենավան համայնքում խմելու ջրի ջրամատակարարումն իրականացվում է ազբեստե խողովակներով։ Առողջապահության նախարարի 2019 թվականի մայիսի 10-ի գրությամբ ներկայացված փաստական հանգամանքները պարզելու նպատակով իրականացված վարչական վարույթի շրջանակում նշված համայնքում ՀՎԿԱԿ–ի փորձագետները խմելու ջրի որակի լաբորատոր հետազոտություններ են կատարել, ինչի արդյունքում ջրի մանրէաբանական և քիմիական ցուցանիշների շեղումներ չեն արձանագրվել: Շենավան համայնքի ղեկավարի փոխանցած տեղեկության համաձայն՝ 2019 թվականի օգոստոսի 1-ից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի օժանդակությամբ ջրամատակարարման համակարգի ազբեստե խողովակներն ամբողջությամբ փոխվել են։

Չկա իրական պատկեր

«Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն»-ի կառավարման խորհրդի անդամ Դշխուհի Սահակյանն ազբեստի թեմայով հատուկ վերապատրաստման է մասնակցել Անգլիայում։ Հազարամյակների մարտահրավերներ ծրագրով մասնակցել է Հայաստանում խմելու և ոռոգման ջրատարների փոխարինման կամ վերանորոգման նախագծերին, որպես փորձագետ ներգրավված է եղել նաև այլ միջազգային նախագծերում։ Ասում է, որ միջազգային կազմակերպություններն ու կառույցները, որոնք ֆինանսավորում են նմանատիպ նախագծերը, նաև պահանջ և պայմաններ են առաջադրում, որ ազբեստի որևէ տեսակ չի կարող օգտագործվել տվյալ նախագծում կամ կառուցապատման մեջ։ Ավելին, նրանք հատուկ մշակված նորմեր և պայմաններ ունեն, ըստ որի՝ համապատասխան վերանորոգման ժամանակ հեռացվում, փաթեթավորվում և թաղվում են ազբեստ պարունակող մնացորդները։

«ՎԶԵԲ-ը սևով սպիտակի վրա գրում է՝ եթե այս շինարարության մեջ պիտի օգտագործվի ազբեստ, այս ծրագիրը չի ֆինանսավորվի։ Եվ դու չես կարող ոչինչ անել։ Նույնն անում էր նաև Հազարամյակի մարտահրավերները»,- պատմում է Դշխուհի Սահակյանը։  

Փորձագետն ասում է, որ ազբեստը կիրառությունից հանելը կամ որևէ երկրում արգելելը քաղաքական և առավել շատ տնտեսական հարց է, որովհետև այն երկրներում, որտեղ արդյունահանվում է ազբեստը կամ կա արտադրություն, հիմնականում զարգացող երկրներն են, որոնց տնտեսությունը հիմնված է հանքարդյունաբերության վրա, և որևէ հանք կամ արտադրություն փակելը կարող է նրանց տնտեսությունը խոցել։ Դա է պատճառը, որ Ռուսաստանն այժմ հակադրվում է ազբեստի արգելքներին։

«Գաղտնիք չէ, որ բնապահպանությունը զարգացած երկրների խաղաքարտն է, որն օգտագործվում է, իսկ ոչ զարգացած երկրների համար սա հանք է, արդյունաբերություն, ինչպես որ մեր հանքարդյունաբերության մնացած տեսակները։ Սա միշտ ընդդիմության է հանդիպելու,- նշում է Դշխուհի Սահակյանը։- Այդ պատճառով զարգացող երկրներին որոշակի ժամանակ էր տրամադրվել, որովհետև կան, ի վերջո, ազբոշիֆերի գործարաններ, պիտի կամ տեխնոլոգիական փոփոխություններ իրականացնեն, որովհետև կան աշխատողներ, որովհետև դա ձեռնարկություն է, որը շահույթ է բերում»։

satellite-small.jpg (1.12 MB)

Տանիքները՝ ծա՞ծկ, թե՞ հիվանդության աղբյուր

Ազբեստի ամենահայտնի տարածվածությունը հերձաքարն է՝ տանիքները ծածկող հայտնի ազբոշիֆերը, որը Հայաստանի բոլոր մարզերում և գյուղերում կա։ Ավելին, դրանք կոտրտված են, հաճախ լցված են կույտերով և հաղորդակցվում են արևի հետ, ինչն առավել վտանգավոր է դառնում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար։

«Հիշում եմ, երբ որ իրականացնում էինք ազբեստի խողովակների թաղման արարողությունը, նստած էինք համայնքապետի տանը, ամբողջ տանիքը ծածկված էր ազբեստի շիֆերով, և երբ որ նա իմացավ, թե մենք ինչ ենք անում, էնպիսի հայացքով էր նայում իր տանիքին, որովհետև դա, իսկապես, ոնց որ նստես մահվան խցում»,- պատմում է Դշխուհի Սահակյանը։

Ազբեստի փուշու, խողովակների, հերձաքարի (շիֆեր), ինչպես նաև մաքուր ազբեստի վաճառքի մասին հայտարարություններն օնլայն հարթակներում տեղադրված են։ Ներմուծման աղբյուր նշվում է ՌԴ-ն։

Ազբոթիթեղի գործարանի արտադրողունակության 5 տոկոսն է այժմ սպառվում

Ազբոթիթեղների արտադրությունը Հայաստանում կազմակերպում է «Կավաշեն» ՍՊԸ-ն՝ նախկին ազբոշիֆերի գործարանի հիման վրա։ Գործարանի հիմնադիրներից է եղել Արամայիս Պետրոսյանը, որին այժմ փոխարինում և մոր անվամբ բաժնեմասն ու գործարանն է տնօրինում որդին՝ Տարոն Պետրոսյանը։ (Վերջինս մոր անվամբ 53 %-ից ավելի բաժնեմաս է գրանցված։ 23,3-ական տոկոս էլ բաժնեմաս ունեն նախկին պատգամավոր Արամ Սարգսյանը և ցեմենտի գործարանի նախկին տնօրեն Նորայր Պողոսյանը)։

Ազբեստի և ազբոցեմենտի արտադրությունը սկսել է Հայաստանում 1953 թվականից։ Ազբոցեմենտի արտադրությունն իր ծաղկուն շրջանն ապրել է 1970-ականներին, երբ ազբոթիթեղներ արտադրող 4 հոսքագծից բացի ևս 2 հոսքագիծ ազբոխողովակներ է արտադրել մինչև 1992թ․-ը։

Գործարանը մինչ անկախացումը երկրի տանիքանյութի պահանջն ամբողջությամբ ծածկել է։ Ավելին, արտահանել է տարածաշրջանի երկրներ՝ Վրաստան և Ադրբեջան։ Նոր նյութերի և ինովացիոն տեխնոլոգիաների մուտքով գործարանի արտադրած ծավալները տարեցտարի սկսել են իջնել։ Այսօր գործարանն աշխատում է իր հնարավորությունների 5 տոկոսի չափով։ Բոլոր հոսքագծերն ապամոնտաժվել են՝ բացառությամբ մեկի, որը շարունակում է ծածկել շուկայի պահանջարկը։ Բանակի համար ևս գործարանը որոշակի քանակ արտադրում է։

«1 հոսքագիծը 24 ժամում արտադրում է 5000 թիթեղ։ Հիմա աշխատում է ընդամենը 1 հոսքագիծ՝ 24 ամսվա մեջ ընդամենը 20 օր։ Էս պահի դրությամբ շուկայի պահանջարկն ամբողջությամբ ապահովում է, դեռ մի բան էլ ավելի։ (Տարեկան ստացվում է՝ արտադրում է 50 հազար թիթեղ, հեղ․)»,- գործարանի այժմյան արտադրողունակության մասին պատմում է տնօրեն Տարոն Պետրոսյանը։

Արտահանում գործարանն այլևս չունի. վերջին արտահանումը եղել է 2013թ․՝ 14 վագոն ազբոշիֆեր է արտահանվել Ջավախք՝ Նինոծմինդա։

Տարոն Պետրոսյանի կարծիքով՝ ազբեստի հակաքարոզչությունը միմիայն տնտեսական նպատակ ունի՝ ընդդեմ Ռուսաստանի, որի համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում։

«Մենք օգտագործում ենք քրիզոթիլ ազբեստը, որը ոչ այնքան վտանգավոր է, որքան որ ամֆիբոլ ազբեստը։ Քրիզոթիլ ազբեստի վտանգավորության աստիճանը պայմանավորված է նրանով, որ ինքն ուղիղ թոքեր կարող է անցնել շնչելուց։ Այնտեղ մնում է ընդամենը 10-14 օր և նորից դուրս է գալիս։ Իսկ ամֆիբոլ ազբեստը մնում է մոտ 1000 օր, ու ինքը, միանշանակ, վտանգավոր է»,- չի ժխտում գործարանի տնօրենը։

Սակայն միևնույն ժամանակ նա հիշեցնում է, որ մեզ շրջապատող մթնոլորտում ևս  կոնցերագեն նյութեր ու փոշի կա, որն առավել վտանգավոր է։ Իսկ գործարանում ազբեստի հետ շփում գրեթե չկա։ Արտադրության ողջ շղթան փակ է․ միակ մարդը, ով անմիջական շփում ունի ազբեստի պարկերի հետ, շղթայի սնուցման կետում ազբեստը պարկերից դատարկող անձն է, որը կրում է հատուկ արտահագուստ և դիմակ։

«Հիմնադրման օրվանից մարդիկ ալիքները ստացել են ձեռքով։ Չի եղել տեխնոլոգիա, չի եղել զարգացած հոսքագծեր և այլն։ Իմ տարիքի և փորձի բերումով, և ինչքան ես եմ գտնվում գործարանում, ժամանակին մոտ 124 աշխատող է ունեցել։ Արարատը փոքր քաղաք է, և բոլորին դեմքով ճանաչում ենք կամ անուններով գիտենք՝ ով է շիֆերի գործարանում աշխատել, ով՝ ցեմենտի։ Պատկերացրեք՝ էդ մարդկանցից, մեր աշխատողներից, երկու հոգու ընդամենը գիտեմ, որ օնկո հիվանդություններով են մահացել։ Մեկը լյարդի քաղցկեղ ուներ՝ ավտոպագրուզչիկ էր, մյուսն ընդհանրապես կապ չուներ արտադրության հետ, վարչական մասում էր աշխատում, թոքերի քաղցկեղ ուներ»,- նշում է գործարանի տնօրենը։

Նա 2011-ին դեռևս նամակ է գրել ԵՄ-ին՝ նշելով, որ պատրաստ է փակել ազբոցեմենտի արտադրությունը, եթե փոխհատուցում տրամադրեն կամ որոշակի փոխհամաձայնության գան։

Եթե ազբեստի կիրառությունն արգելվի, գործարանը հնարավո՞ր է աշխատի, մեր հարցին, Տ․ Պետրոսյանը պատասխանում է՝ հնարավոր է, եթե ազբեստին համարժեք ինչ-որ նյութ գտնեն, բայց առայժմ նման նյութ չկա։ Բացի դրանից, գործարանի հաստոցը պահելը ևս ռազմավարական նշանակություն ունի, այն պատրաստի սարքավորում է վառոդ արտադրելու համար, ինչը պատերազմական իրավիճակում խիստ անհրաժեշտ կդառնա։

Որպես տանիքի ծածկ օգտագործված ազբոշիֆերներն առավել վտանգավոր են համարվում, քանի որ անմիջական շփվում են արևի հետ։ Վնասման, կոտրման դեպքում արդեն ասեղիկներ են արձակում, որոնք շնչուղիներում ամրանալու և օնկոլոգիական հիվանդության սկիզբն ու օջախը դառնալու հարմարավետ միջավայր են գտնում։

«Հանրապետության տանիքների 80 տոկոսն ազբոշիֆեր է։ Յուրաքանչյուր քաղաք մտեք, եթե նույնիսկ նորոգման համար 1-2 թիթեղ փոխվի, իհարկե, բոլորը չի կարող միանգամից փոխվել, ուրեմն դեռ պետք է այս արտադրությունը։ Այսինքն՝ դեռ մենք օգտագործելու ենք, պահանջարկը լինելու է։ Անանսնագոմերի համար ինքը ահագին տաք ծածկ է»,- ասում է արտադրության տնօրենը։

Մեր հարցադրմանը, թե, այնուամենայնիվ, որն է անվտանգ և լավ տանիք համարում և արդյոք իր տան տանիքը ևս ազբոշիֆերով է ծածկված, ազբոշիֆեր արտադրողը պատասխանում է՝ ոչ։ «Որպես ազբոթիթեղ արտադրող՝ ասեմ, որ միանշանակ ամենաճիշտ տանիքը կերամիկական չերեպիցան է՝ և որպես մաքուր էկոլոգիական արտադրանք, և որպես երկարակյաց, և ինչու չէ՝ էսթետիկ գեղեցիկ տեսքով»։

Խորհրդային տարիներին ազբեստն օգտագործվել է նաև խոհանոցային սրբիչների արտադրության մեջ, որովհետև ոչ միայն արագ էր չորացնում, այլև փայլեցնում էր իրը։ Ազբեստը կիրառվել է նաև զինվորական արտահագուստում, քանի որ ջերմակայունություն է ապահովել։

Փորձագետ Դշխուհի Սահակյանը նշում է, որ մութ ու ցուրտ տարիներին Հայաստանում ազբեստից վառարաններ կային, որոնք ավելի լավ էին ջերմությունը պահում և արագ տաքացնում էին։ Թերևս, ամենավտանգավորը հենց դրանք են եղել։

Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվել էինք, թե շրջակա միջավայրի ազբեստով աղտոտվածության վերաբերյալ նախարարությունն ի՞նչ հետազոտություն է իրականացրել, և ինչ արդյունքներ կան։

«Մենք ունենք վտանգավոր նյութերի, թափոնների բաժին, մոնիտորինգում հատուկ ստորաբաժանում, որը զբաղվում է տարբեր, նաև քիմիական նյութերով, առաջիկայում նաև քիմիական նյութերի օրենքը կընդունվի։ Այնտեղ բավական մեծ հետազոտություններ կան, աղբավայրերի վերաբերյալ հետազոտություններ կան։ Աղբավայրերում նաև այրումների հետևանքով լրացուցիչ, բացասական հետևանքները, դիոքսինների արտադրության, և այլն, և այլն։ Բավական մեծ աշխատանք կա կատարվող։ Այս պահին տվյալներ չեմ կարող տալ, բայց դա նույնպես լրացուցիչ կփորձենք ձեզ տրամադրել»,- ասել էր նախկին նախարարը:

Նրա խոստացած լրացուցիչ տրամադրվող տեղեկատվությունն այն մասին էր, որ «ասբեստն ընդգրկված է «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորվող վտանգավոր քիմիական նյութերի ցանկում։

Ռոտերդամի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով  ՀՀ կառավարությունը 2005 թվականի մարտի 17-ին ընդունել է N293-Ն որոշումը, որով հաստատվել է Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա` ՀՀ-ում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը, ինչը ներառում է 33 քիմիական նյութ: Ցանկը 2016 թվականին վերանայվել և լրամշակվել է՝ այն Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորվող 11 նոր քիմիական նյութերով և թունաքիմիկատներով լրացնելու նպատակով:

Կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ին ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 293-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N930-Ն որոշման մեջ ներառված են նաև ասբեստի տեսակները՝ ակտինոլիտ, անտոֆիլիտ, ամոզիտ, կրոցիդոլիտ և տրեմոլիտ»։

«Պետք է պետական հոգածություն, որովհետև էն, ինչ արվում է, արվում է ինչ-որ ծրագրերի շրջանակներում, միջազգային կազմակերպությունների կողմից։ Բայց էն, ինչը որ արվել է խորհրդային տարիներին, էստեղ է պետք հետազոտություններ իրականացնել, որովհետև եթե չունես իրական պատկեր, նույնն է, որ գնաս հողմաղացների դեմ կռիվ տաս»,- ասում է Դշխուհի Սահակյանը։

Վերջինս կարծում է, որ Հայաստանում առհասարակ չեն խոսում ազբեստի մասին, սակայն փրկությունն այս պարագայում արգելքն է, մտածված և լավ մոտեցումը դրանց արդեն չօգտագործումն է․ «Արգելքը պիտի դնենք չարտադրելու, ներկրելու վրա, իսկ էն, ինչը կա, պիտի բացահայտվի, տանիքները կա՝ մենք տեսնում ենք, իսկ խողովակաշարերը մենք չենք տեսնում։ Լայնածավալ հետազոտություններ, թե երբ և ինչ քանակներով, որ համայնքներում է օգտագործվել, մենք դեռ չունենք»։ 

Տեսանյութերը` Սարո Բաղդասարյանի և Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter