HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանը բավարարել է Սյունիքի գործով անցնող մեղադրյալի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի, այսօր բավարարել է Սյունիքի դեպքերով մեղադրյալ Մելս Հայրապետյանի պաշտպաններ Միքայել Շխիմյանի և Էդգար Թումասյանի բողոքը։ Դատարանն արձանագրել է, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ Հայրապետյանը կատարել է իրեն վերագրվող արարքը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանի պաշտպաններից Միքայել Շխիմյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին և 21-ին եղել է Սյունիքի մարզում, որտեղ այցելել է Շուռնուխ, Ագարակ, Մեղրի ու Կապան։ Այցի ընթացքում քաղաքացիներն ընդվզել և դժգոհություն են հայտնել, բողոքի ակցիաներ կազմակերպել, վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցրել, ճանապարհ փակել։

Մեղրիում քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, որից հետո քրեական գործ է հարուցվել, մի խումբ անձինք բերման են ենթարկվել Քննչական կոմիտե։

Ապրիլի 24-ին փաստաբաններ Արթուր Մանուկյանը, Միքայել Շխիմյանը, Էդգար Թումասյանը և Լիանա Գասպարյանը Սյունիքի դեպքերով 11 անձի ներկայացրել են Քննչական կոմիտե։ Վերջիններս, տեղեկություն ստանալով այն մասին, որ ոստիկաններն իրենց գտնվելու վայրն են ճշտել, ինքնակամ, փաստաբանների ուղեկցությամբ, ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1, 2 և 5-րդ կետերով ու նրանցից  6-ին, որոնց թվում՝ Մելս Հայրապետյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը, քննելով Հայրապետյանի վերաբերյալ միջնորդությունը, գտել է, որ վերջինիս արարքում առկա է հիմնավոր կասկած, սակայն մերժել է կալանավորման միջնորդությունը։ Պաշտպանական կողմը դատական ակտը, հիմնավոր կասկածի առկայության մասով, բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, իսկ Դատախազությունն առհասարակ Մելս Հայրապետյանի մասով բողոք չէր ներկայացրել։

Լուսանկարում՝ Միքայել Շխիմյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter