HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Լևոն Սարգսյանի գործով Արա Կարապետյանը ցուցմունք տվեց դռնփակ նիստով

«Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լևոն Սարգսյանի գործով այսօր դատարան էին եկել Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա հարձակման գործով տարիներ առաջ դատապարտված Արա Կարապետյանն ու Արմեն Նիկողոսյանը։

Հիշեցնենք, որ 2008 թվականին ավազակային հարձակում է տեղի ունեցել Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա։ Այս գործով 2011 թվականին տասը անձ, որոնց թվում՝ Արա Կարապետյանն ու Արմեն Նիկողոսյանը, մեղավոր է ճանաչվել և դատապարտվել։ Վերջիններիս պատժի կրման ռեժիմն այժմ փոխվել է բացի։

Լևոն Սարգսյանը մեղադրվում է վերը նշված ավազակային հարձակումը կազմակերպելու, պատվիրելու և ղեկավարելու մեջ։ Նա տևական ժամանակ գտնվել է հետախուզման մեջ, ապա Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել և արտահանձնվել Հայաստանին։

Նշենք, որ նախկինում տեղի ունեցած դատական նիստերի ընթացքում Լևոն Սարգսյանի պաշտպաններից Աշոտ Սարգսյանը, կարելի է ասել, կասկածի տակ է դրել Կարապետյանի և Նիկողոսյանի պատժի կրման ռեժիմը փոխելու հանգամանքը։

Խնդիրն այն է, որ Արա Կարապետյանը մինչև ազատ արձակվելը ցուցմունք է տվել 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քննվող քրեական գործով՝ վկայի դատավարական կարգավիճակով։

«Մենք գիտենք, որ ցուցմունք տալուց երկու ամիս հետո Արա Կարապետյանը՝ մի հիմնարկում, Արմեն Նիկողոսյանը՝ մեկ այլ ՔԿՀ-ում անցել են բաց ռեժիմի։ Ցուցմունքից հետո ինչ-որ բաներ են սկսվել կատարվել, և  մենք տեղեկություն չունենք՝ փակ ռեժիմից ի՞նչ աստիճանակարգով անցան բաց ռեժիմի»,- ասել է Աշոտ Սարգսյանը։

Արա Կարապետյանը, որը հայտնի է որպես «Կոշիկի աշխարհ» խանութի սեփականատեր, ասաց, որ «Կոշիկի աշխարհ»-ում աշխատում է որպես խորհրդական։ Կարապետյանը նշեց, որ գործով ամբաստանյալներ Լևոն Սարգսյանին և Սուրեն Ղազարյանին ճանաչում է։ Նշենք, որ Ղազարյանը մեղադրվում է Սարգսյանին օժանդակելու մեջ։

Երբ արդեն Կարապետյանը պետք է ցուցմունք տար դատարանում քննվող գործի հանգամանքների մասին, դատարանից խնդրեց նիստը դռնփակ անցկացնել։

«Չեմ ցանկանա լրատվական աշխարհից ներկայացուցիչներ լինեն»,- ասաց Կարապետյանը։ Կողմերը չառարկեցին, որ Կարապետյանը դռնփակ նիստով ցուցմունք տա, և դատարանը որոշեց անցնել դատական նիստի դռնփակ ռեժիմի։

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Լևոն Սարգսյանը, մասնակցելով Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, պատվիրել և ղեկավարել է 2008 թվականին Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին պատկանող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը: Ըստ մեղադրանքի՝ Լևոն Սարգսյանը Արա Կարապետյանի միջոցով ծանոթ լինելով Արմեն Նիկողոսյանի հետ և իմանալով «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկյա զարդերի տոնավաճառի 1-ին հարկում տեղակայված, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Վարդևանյանին վարձակալմամբ տրամադրված թիվ 5 վաճառասրահի վրա 2007 կատարված ավազակային հարձակման մասին, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, վերջինիս պատժելու և առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով, որոշել է նշված հանցավոր խմբի ուժերով իրականացնել ավազակային հարձակում Ավետիսյանի առանձնատնա վրա: Ըստ մեղադրանքի՝ նշվածի մասին Լևոն  Սարգսյանը հայտնել է Սուրեն Ղազարյանին, որը նրա քրոջ ամուսինն է եւ համաձայնել է օժանդակել հանցագործության կատարմանը: Ղազարյանը, նախկինում լինելով Արմեն Ավետիսյանի օգնականը, պատրաստակամություն է հայտնել մանրամասն նկարագրել վերջինիս առանձնատան կառուցվածքը և չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերը: Լևոն Սարգսյանը Արա Կարապետյանին հայտնել է Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում կատարելու մտադրության մասին և առաջարկել այն իրականացնել ստեղծված հանցավոր համագործակցության անդամների ուժերով։

Ըստ մեղադրանքի, համաձայնելով առաջարկին՝ Արմեն Նիկողոսյանը հանդիպել է Սուրեն Ղազարյանին, որը տրամադրել է Արմեն Ավետիսյանի առանձնատան մանրամասն գծագիրը: Ըստ պայմանավորվածության՝ Արա Կարապետյանը որոշել է հանցագործությանը մասնակից դարձնել իր վստահելի անձանց: Կազմակերպված խմբի ղեկավարների կողմից հանցագործությանը մասնակից յուրաքանչյուր անդամի խոստացվել է հանցագործության բարեհաջող ավարտից հետո վճարել 100 հազարական ԱՄՆ դոլար: Խմբի անդամները ներխուժել են առանձնատուն և առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելուց հետո դիմել փախուստի։ Սարգսյանն ու Ղազարյանը չեն ընդունում  իրենց առաջադրված մեղադրանքը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter