HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մխիթարյան․ «Մարզչական շտաբն ինձ տեղեկացրել է, որ ինչ-որ պատճառներով չեմ հրավիրվում հավաքական»

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել հավաքական առաջիկայում կայանալիք ընկերական խաղերին մասնակցելու համար։ Այսօր ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել էր հրավիրված խաղացողների ցանկը, որտեղ բացակայում էր Մխիթարյանի անունը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված մեկնաբանությունում իսպանացի մասնագետը ասել էր հետևյալը․

«Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ հնարավորություն չի կարող լինել նրանց համար: Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսևորել ներքին առաջնությունում և ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի և Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում»:

Եվ չնայած որ Կապառոսն ասում է, թե հիմնական կազմի մի շարք խաղացողներ չեն հրավիրվել հավաքական, այնուամենայնիվ հրապարակված ցանկին նայելով՝ հակառակ պատկերն ենք տեսնում, քանի որ հիմնական կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստներն էլ հրավիրվել են։

Հավաքականի հրավեր չստանալու փաստը Հենրիխ Մխիթարյանն անարձագանք չի թողել։ Ֆեյսբուքյան իր էջում Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել՝ զարմանք հայտնելով կատարվածի վերաբերյալ։

«Ի զարմանս ինձ՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբն ինձ տեղեկացրել է, որ ինչ-որ պատճառներով ես չեմ հրավիրվում հավաքական՝ առաջիկա միջազգային հանդիպումներին մասնակցելու համար։ Բերված պաշտոնական պատճառները չեն բավարարում ինձ։ Այնուամենայնիվ, ես կանգնած եմ տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա խաղերում»։

Հիշեցնենք, որ 2020-2021թթ․ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմայի» կազմում իր ակումբային կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն անցկացրեց։ Նա մասնակցել է Իտալիայի առաջնության 23 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի ընտրանու հետ՝ նրա հարկի տակ, իսկ հունիսի 6-ին Շվեդիայում կխաղա Շվեդիայի ազգային հավաքականի հետ։

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter