
Ապրիլին տնտեսական ակտիվությունը 23.2%-ով աճել է
2021 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 23.2%-ով աճել է: Ցուցանիշն այսօր հրապարակել է Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ):
Այս աճն առավելապես պայմանավորված է բազային գործոնով: Ապրիլը նախորդ տարվա ամենաանկումային ամիսն էր. տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 16.4%-ով: Կորոնավիրուսի (COVID-19) տարածման նպատակով տնտեսական մի շարք գործունեություններ ժամանակավորապես դադարեցվել էին: 2020-ի մարտի կեսից Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարարված։ Հետևաբար, այս տարվա ապրիլը նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ առավելություն ունի:
2021 թվականի ապրիլին առավել մեծ աճ է գրանցվել շինարարության ոլորտում՝ 87.7%: Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլին հենց շինարարության ոլորտում էր գրանցվել ամենախորը անկումը:
Արդյունաբերության ոլորտում գրանցվել է 16.9% աճ, առևտրի շրջանառությունն աճել է 47.8%-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 15.4%-ով:
Տարվա չորս ամիսների կտրվածքով՝ 2021-ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ տնտեսական ակտիվությունն աճել է 2.6%-ով:
Աճել է նաև արտաքին առևտուրը
2021 թվականի հունվար-ապրիլին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 170 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7.2%-ով:
Արտահանումը կազմել է 819 մլն դոլար՝ աճելով 16.7%-ով, իսկ ներմուծումը կազմել է 1 մլրդ 352 մլն դոլար՝ աճելով 2.2%-ով:
Մեկնաբանել