HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Իրանում հայկական ապրանքի պահաջարկ չկա. արտահանվում է հիմնականում էլեկտրաէներգիա

2021 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից Իրան արտահանումը նվազել է 17.7%-ով, մինչդեռ Իրանից Հայաստան ներմուծումն աճել է 55.6%-ով:

Այսօր՝ մայիսի 26-ին, Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այցի շրջանակներում, ըստ Հայաստանի արտգործնախարարության, նախատեսված են հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Ինչպես միշտ, սպասվում է, որ կողմերը կքննարկեն նաև տնտեսական հարաբերությունները: Իրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները դժվար է զարգացած բնորոշել՝ չնայած մշտապես շեշտադրվում է առևտրի, ներդրումների ու զբոսաշրջության ոլորտներում եղած ներուժը, որն այդպես էլ ամբողջությամբ չի օգտագործվում:

Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած վերջին տվյալներով՝ 2021 թվականի առաջին եռամսյակում Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը կազմել է 102.1 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այն 36.8%-ով աճել է՝ ի հաշիվ Իրանից ներմուծման ավելացման: Հայաստանը Իրանի հետ բացասական հաշվեկշռով է առևտուր անում՝ ավելի շատ ներմուծում է, քան արտահանում:

Իրանի կշիռը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կազմում այս տարվա առաջին երեք ամիսների տվյալներով 6.8% է:

Համեմատության համար նշենք, որ այս ցուցանիշով Իրանը Հայաստանի երրորդ գործընկերն է, զիջում է միայն Ռուսաստանին, որի կշիռը 29.6% է և Չինաստանին (14.9%):

2021թ. հունվար-մարտին Հայաստանից Իրան արտահանումը կազմել է 15.7 մլն դոլար՝ նվազելով 17.7%:

Մինչդեռ Իրանից Հայաստան ներմուծումը զգալի ավելացել է: Այն կազմել է 86.4 մլն դոլար՝ աճելով 55.6%-ով: Թե որ ապրանքների հաշվին է աճել ներմուծումը, առայժմ չենք կարող տեսնել, քանի որ այդ տվյալները դեռևս հրապարակված չեն:

Հայաստանն Իրան է արտահանում հիմնականում էլեկտրաէներգիա, որի դիմաց ոչ թե փող է ստանում, այլ՝ գազ։ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը գործում է էլեկտրաէներգիայի փոխանակման տրամաբանությամբ` տալիս ենք էլեկտրաէներգիա, ստանում՝ գազ: Փոխանակության գործարքն իրականացվում է 2009 թվականից սկսած: Հայաստանը պարտավորվել է մեկ խորանարդ մետր գազի դիմաց Իրանին տալ 3 կվտ/ժ էլեկտրաէներգիա։

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանը Իրան է արտահանել մոտ 82 մլն դոլարի ապրանք, որի 81%-ը կամ 66 մլն դոլարը էլեկտրաէներգիան է: Արտահանվել է 1.245 մլրդ մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա:

Բացի էլեկտրաէներգիայից, Իրանը Հայաստանից գնում է ոչ մեծ քանակությամբ սև մետաղների թափոն և ջարդոն, էթիլային սպիրտ և այլն: Սակայն, եթե բացառենք էլեկտրաէներգիան, կստացվի, որ Իրանում հայկական ապրանքները պահանջարկ չունեն, քանի որ մյուս ապրանքների արտահանման ծավալները փոքր են:

Իրանից Հայաստան ներմուծման կազմում գազը գերիշխում է: Սակայն էական կշիռ ունեն նաև տարբեր շինարարական ապրանքներ՝ ցեմենտ, մետաղալարեր, սալիկներ, խողովակներ և այլն, ինչպես նաև՝ միրգ, պարարտանյութ և այլն:

2020 թվականին արտահանված 1 մլրդ 245 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանը Իրանից ստացել է 381 մլն  խմ գազ: Գազը Իրանից Հայաստան ներմուծման կազմում 20%-ն է զբաղեցրել: Ներմուծվող մյուս խոշոր ապրանքախումբը նավթամթերքն է (ներմուծման մոտ 15%-ը):

Վերջին 10 տարիներին Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալների էական աճ է նկատվել 2018-2019 թվականներին՝ կրկին ի հաշիվ ներմուծման: 2020-ին տեմպերը որոշակիորեն թուլացել են: 

Օրեր առաջ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Արևմտյան երկրների ներկայացուցիչները, Վիեննայում ընթացող բանակցությունների ժամանակ, համաձայնել են չեղարկել Իրանի նկատմամբ հիմնական պատժամիջոցները։ Նա նշել է, որ Արևմտուքի ներկայացուցիչները համաձայնել են չեղարկել հիմնական պատժամիջոցները, որոնք տարածվում էին նավթի, նավթաքիմիական արտադրանքի, փոխադրումների և ապահովագրության, ինչպես նաև Իրանի Կենտրոնական բանկի վրա։ Փորձագետները շարունակում են նաև աշխատել ապագա համաձայնագրի տեքստի շուրջ։

Իրանի նկատմամբ պատժամիջոցները տասնամյակների պատմություն ունեն: Դրանք Իրանի տնտեսության վրա սկսել են ավելի տեսանելի ազդեցություն թողնել 2000-ականներից: Միջազգային հանրությունը Իրանին մեղադրում է ուրանի հարստացման ընդունելի ծավալների գերազանցման և ատոմային ռումբ ստեղծելու մեջ: Տարիների ընթացքում այդ մեղադրանքները արտահայտվում են տնտեսական պատժամիջոցների խստացմամբ, երբեմն՝ թուլացմամբ: Իրանի տնտեսության համար ամենախոցելի պատժամիջոցներից մեկը նավթային էմբարգոն էր: 2005-2006թթ. դա հանգեցրեց Իրանից նավթի արտահանման կտրուկ անկման ու շթղայաբար ազդեց այդ երկիր հոսող ներդրումների ու արտաքին առևտրաշրջանառության վրա:

Եթե այս վերջին գործընթացն ավարտվի հօգուտ Իրանի, ապա իրանական տնտեսության համար ապագայում «երկրորդ շնչառություն կբացվի»: Իրանի տնտեսության վերականգնումը նոր տնտեսական կապերի ու ներդրումների հիմք կարող է դառնալ, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններում: Հայաստանը կարող է շահել միայն ճիշտ դիրքավորվելու դեպքում ՝ արտահանման ծավալների մեծացման ու ներդրումների ներգրավվման ճիշտ ռազմավարության դեպքում:

Հայաստանի համար նման հնարավորություն էր ստեղծվել նաև 2015 թվականի կեսերից հետո, երբ Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցները մեղմացվել էին: Իհարկե, Իրանը ամբողջությամբ չազատվեց այդ պատժամիջոցներից, բայց կարողացավ փոքր-ինչ շունչ քաշել: Այդ ժամանակ ևս Հայաստանում ակտիվ քննարկվում էր հարևան Իրանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու թեման: Սակայն, հետագա տարիների պատկերը ցույց տվեց, որ էական օգուտներ Հայաստանն այդպես էլ չստացավ: 

Գլխավոր լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter