
Պատգամավորներն անդրադարձան սահմանային միջադեպի հետևանքով զոհված զինծառայողի դեպքին
Խորհրդարանի հերթական նիստում պատգամավորներն անդրադարձան սահմանային իրավիճակին: Անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ մայիսի 12-ից հարյուրավոր ադրբեջանցիներ գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում: Պատգամավորի խոսքով` դեռ օրեր առաջ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կարևորում էր, որ միջադեպերի ժամանակ վիրավորներ ու զոհեր չեն արձանագրվել, ապա հիշեցրեց երեկվա միջադեպի հետևանքով արձանագրված զոհի մասին:
«Եթե խորհրդարանական սլենգով փորձեմ տրանսֆորմացնել, ապա կստացվի, որ նախարարը հայտարարում էր՝ դե ինչ է եղել որ, ինչպես կասեր դասականը, մարդիկ իրենց համար հով լռված են, և որևէ մեկին չեն խանգարում: Երեկ արդեն մենք ունեցանք զոհ»,- ասաց պատգամավորը:
Զոհրաբյանն ընդծեց` սահմանային միջադեպերը շարունակվելու են այնքան, քանի դեռ կա նման իշխանություն:
«Սահմանային միջադեպերը տեղի են ունենում, որովհետև մենք ունեն Ադրբեջանի նման հակառակորդ ու հարևան»,- այսպես արձագանքեց Նաիրա Զոհրաբյանին «Իմ քայլական» Տաթևիկ Հայրապետյանը:
Պատգամավորի խոսքով` չնայած միջազգային հանրության համառ կոչերին, Ադրբեջանն իր զորքերը դուրս չի բերում ՀՀ սուվերեն տարածքից` ավելի սրելով իրադրությունը:
«Ադրբեջանի նախագահի կողմից հնչող հայատյաց ելույթներին տեղ ու դադար չկա, միևնույն ժամանակ երեկ ունեցանք զոհ: Ադրբեջանի այս գործելաոճն իսկապես անթույլատրելի է»,- ասաց նա:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ նշեց` միջազգային հանրության կոչերը ոչ միայն Ադրբեջանն է արհամարհում, այլև` Հայաստանը:
«Որովհետև այն ինչ ունենք այսօր չի կարող որևէ կերպ արդարացում ունենալ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը երեկ ինչ-որ մտքեր էր հայտնում այն մասին, որ վիճակը կարող է ավելի սրվել, և Հայաստանը պետք է ահաբեկիչների հետ գնա դեմարկացիայի և դելիմիտացիայի, մեր դիմումը դրա մասին չէր»,- ասաց նա:
Ըստ Բաբաջանյանի` այլ ելք չկա, քան ՄԱԿ-ի ավտանգության խորհրդին դիմելը, ուստի անհապաղաղ պետք է քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ ընդգծեց` իշխանությունները պարտավոր են հրապարակել քայլերի համակարգ, որը թույլ կտա ադրբեջանական զորքին հանել ՀՀ տարածքից, քանի որ ամեն վայրկյան վտանգված է թե զինվորների, թե քաղաքացիական անձանց կյանքը:
«Հորդորում եմ շտապ այդ քայլերի համակարգը ներկայացնեք»,- հավելեց նա:
Մեկնաբանել