HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ռուբինյանը չի բացառում ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածով դիմելը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ին դիմել նաև 4-րդ պայմանագրի հոդվածով: Ըստ այդ հոդվածի` եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի ագրեսիա ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների դեմ, այդ պարագայում անդամ երկրները ցուցաբերում են ռազմական օգնություն:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Հայաստանը դիմել է պայմանագրի երկրորդ հոդվածով, ըստ որի մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:

Ռուբինյանն արձագանքելով ընդդիմախոսների քննադատությանը, թե ինչու պետք է դաշնակիցները ռազմական օգնություն ցուցաբերեն, այն դեպքում երբ հայկական կողմն իր տարածքների պաշտպանություն չի իրականացնում, ասաց.

«Նախ հենց մեր դաշնակիցներն են կոչ արել և անում չսրել իրավիճակն ու խնդիրը փորձել լուծել դիվանագիտական և քաղաքական ճանապարհներով: Եվ երկրորդը՝ այն դաշնակցային ֆորմատները, որում մենք ներգրավված ենք, ունեն հստակ նախատեսված հոդվածներ՝ հստակ դեպքերի վերաբերյալ: Եվ մենք, ոչ թե ոչ մի բանով չանելով, խնդրում ենք մեզ օգնել, այլ մենք դիմել ենք հստակ փաստաթղթերի հիման վրա, հստակ հոդվածով: Հաշվի առնելով նաև վերջին իրադարձությունները՝ ես չեմ բացառում, որ մենք կհասնենք նաև 4-րդ հոդվածին և ոչ միայն»:

Ռուբինյանի խոսքով` հայկական կողմի դիրքորոշումը միանշանակ է` ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները պետք է հեռանան Հայաստանի սուվերեն տարածքից:

«Ներկայիս ստատուս քվոն մեզ համար միանշանակ անընդունելի է, բայց օպերատիվ իրավիճակն այդ հատվածներում գտնվում է մեր զինվորների վերահսկողության ներքո»,-ասաց նա:

Ռուբինյանը չբացառեց նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելը` ասելով, որ այն հայկական կողմի քայլերից մեկն է, սակայն տարբեր քայլեր ունեն իրենց տեղը, ժամանակն ու նպատակահարմարությունը:

Հիշեցնենք, որ երեկ Վերին Շորժայի սահմանում հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Խուրշուդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter