HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին

Հայաստանի անշարժ գույքի շուկայում առուվաճառքի գործարքները 2021-ի առաջին եռամսյակում շարունակել են նվազել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ թե՛ Երևանում, թե՛ մարզերից մեծ մասում շուկայի ակտիվությունը չի վերականգնվել և չի վերադարձել մինչև ՔՈՎԻԴ-19-ի տարածումը գրանցված իրավիճակին: 

2021 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 40 494 իրավունքի պետական գրանցման գործարք: Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ այն նվազել է 2 226-ով կամ 5.2%-ով: Այստեղ ներառված են ինչպես առուվաճառքի գործարքները, այնպես էլ՝ նվիրատվությունները, գրավադրումները, վարձակալությունները և այլն: Շուկայի ակտիվությունը հասկանալու համար առանձնացրել ենք առուվաճառքը:  

Այսպես, առուվաճառքի գործարքները այս տարվա հունվար-մարտին կազմել են 11 049: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 1 000-ով կամ 8.3%-ով: Սակայն, 2020-ի չորրորդ եռամսյակի համեմատ որոշակի աշխուժություն է գրանցվել՝ առուվաճառքի գործարքներն ավելացել են 1.6%-ով, որը պայմանավորված է մի քանի մարզերում առուվաճառքի գործարքների ավելացմամբ, ինչպես Արմավիրում, Շիրակում, Գեղարքունիքում և այլն: 

Սակայն այս 1.6% աճը չի կարող հիմք հանդիսանալ պնդելու, որ տարեվերջի համեմատ շուկան աշխուժացել է: Հատկապես, որ գործարքների ամենամեծ քանակը գրանցվում է Երևանում, որտեղ անկում կա (տե՛ս երկրորդ ինֆոգրաֆիկան):

Սովորաբար, երբ տնտեսական աճը իրական է լինում և իսկապես ազդում է մարդկանց եկամուտների ու սոցիալական վիճակի վրա, դա անմիջապես արտացոլվում է անշարժ գույքի շուկայում: Մասնավորապես, աշխուժանում է առուվաճառքը: Տվյալները փաստում են, որ նման միտում Հայաստանում դեռևս չի նկատվում: 

2011 թվականից սկսած, ըստ առաջին եռամսյակների, անշարժ գույքի առուվաճառքի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2020 թվականին, երբ նոր համավարակը դեռևս մեծ տարածում չէր գտել:

Մարզերում այս տարվա առաջին եռամսյակում առուվաճառքի գործարքները, ընդհանուր առմամբ, կազմել են 7731՝ 5%-ով պակաս 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ և 5.4%-ով ավել, քան 2020-ի չորրորդ եռամսյակում:

Իսկ Երևանում 2021 թվականի առաջին եռամսյակում տեղի է ունեցել առուվաճառքի 3318 գործարք՝ 15.1%-ով պակաս, քան 2020-ի նույն եռամսյակում և 6.3%-ով պակաս, քան 2020-ի չորրորդ եռամսյակում: 

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ առուվաճառքի աճ է գրանցվել միայն Արագածոտնում, Կոտայքում ու Վայոց Ձորում: Մնացած մարզերում և մայրաքաղաքում գործարքները պակասել են: 

Պաշտոնական տվյալներով՝ գործարքների անկմանը զուգահեռ որոշակիորեն նվազել են նաև անշարժ գույքի գները: 

Մասնավորապես, Երևանում, ըստ Կադաստրի կոմիտեի, 2021 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է  բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի 2020 գործարք, որը նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 6.5%-ով, իսկ 2020-ի առաջին եռամսյակի համեմատ՝ 16.5%-ով: 

Ընդ որում՝ բնակարանների շուկայական միջին գները 2020-ի չորրորդ եռամսյակի համեմատ նվազել են 0.7%-ով, իսկ 2020-ի առաջին եռամսյակի համեմատ՝ 6%-ով:

2020 թվականին, ինչպես տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, անշարժ գույքի շուկան ևս տեսանելի հարվածներ կրեց մարտ ամսից տարածված կորոնավիրուսի (ՔՈՎԻԴ-19) ու արցախյան պատերազմի հետևանքով: Ներկայում այդ ազդեցություններին գումարվել է նաև սպասվելիք խորհրդարանական ընտրությունների հետևանքով տնտեսության մեջ կուտակված անորոշությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter