
«Հայաստան» դաշինքը 153 թեկնածուի ցանկ ներկայացրեց ԿԸՀ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 153 թեկնածուից բաղկացած ցուցակով։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Նա նշեց, որ առաջիկայում դաշինքի ամբողջական ցանկը կհրապարակվի։
«Կարող եմ ասել առավել պատշաճ, արհեստավարժ, հայրենասեր մարդկանց թիմ է հավաքվել, որոնցով իսկապես կարելի է հպարտ լինել, և կարող եմ ասել մրցունակության տեսանկյունից՝ ստեղծված ճգնաժամային պայմաններում մենք նաև կառավարչական անհրաժեշտ փորձը, գիտելիքներ ունեցող թիմակիցներ ունենք»,- հայտարարեց Արամ Վարդևանյանը։
Պատասխանելով հետընտրական կոալիցիաների վերաբերյալ հարցին՝ նա ասաց, որ ներկայիս իշխանության և այդ ուժը ներկայացնող քաղաքական միավորի հետ բացառվում է որևէ համագործակցություն։ Վարդևանյանը կարծում է, որ դա տրամաբանական և ողջամիտ արձագանք է «Հայաստան» դաշինքի կողմից։
«Վերջին տվյալները սոցհարցումների նշանակում է, որ ներկայիս իշխանության վարկանիշն ընկնում է, իսկ «Հայաստան» դաշինքի վարկանիշը կտրուկ բարձրանում է»,- ասաց Վարդևանյանը։
Մեկնաբանել