HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը ՀԱՊԿ-ից գործողությունների արագություն և հստակ դիրքորոշում է ակնկալում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրներից հստակ հրապարակային դիրքորոշում է ակնկալում ադրբեջանական զորամիավորումների` Հայաստանի սուվերեն տարածքից դուրս գալու հարցում:

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին այդ  մասին ասաց Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե որ փուլում են բանակցությունները ադրբեջանական զորամիավորումների` ՀՀ-ի սահմաններից դուրս գալու հարցում, և ինչ արձագանքներ կան ՀԱՊԿ-ից:

«Այս պահի դրությամբ, իհարկե, ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել: Որովհետև ես կարծում եմ՝ էն նախնական մտահղացումը, որն ուներ Ադրբեջանը, դա չեզոքացված չեմ համարում, և այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները պետք է հստակ տեղեկացված լինեն և հստակ դիրքորոշում արտահայտեն»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով` թե՛ ՀԱՊԿ անդամ երկրները, թե՛ կազմակերպությունը հստակ դիրքորոշում չեն հայտնել, որ Ադրբեջանը զորքերը պետք է հետ քաշի, դիրքորոշումը աշխատանքային մակարդակում արտահայտվել է, սակայն չի արտահայտվել հրապարակային մակարդակում:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն քննադատություններին, թե ինչու հայկական բանակը որևէ գործողություն չի կատարում և դիմում է ՀԱՊԿ-ին, Փաշինյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀԱՊԿ անդամ երկրներն են ՀՀ-ին հորդորել չգնալ ռազմական ճանապարհով իրավիճակի հանգուցալուծման: Ըստ վարչապետի պաշտոնակատարի` Հայաստանը ցանկանում է հարցը քաղաքական ճանապարհով լուծել նաև այն պատճառով, որպեսզի կազմակերպության անդամ երկրներին չներքաշի ռազմական բախումների մեջ:

Ինչ վերաբերում է ՄԱԿ անվտանգության խորհրդին դիմելու հարցին, Փաշինյանն ասաց, որ դա առաջին օրերից քննարկվել է և շարունակում է մնալ քննարկման առարկա, սակայն կան որոշակի նրբություններ, մասնավորապես այն, որ նման որոշումներ կայացնելիս կանխատեսելիության դաշտ պետք է լինի, նախապես նախապատրաստական աշխատանքներ պետք է իրականացվեն: Փաշինյանն այնուամենայնիվ չբացառեց ՄԱԿ-ին դիմելը:

Մարուքյանը նաև հետաքրքրվեց դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողով ստեղծելու փաստաթղթից, թե արյդոք այդ հարցում բանակցություններ ընթանում են, և արդյոք Փաշինյանը ստորագրելու է այն: Փաշինյանն ասաց, որ մինչ փաստաթղթի հրապարակումը հայկական կողմը երկու գրավոր առաջարկությամբ է հանդես եկել` գերիների ամբողջական կազմի վերադարձի և ադրբեջանական զորամիավորումների` ՀՀ տարածքը լքելու պահանջը, սակայն որևէ արձագանք չի եղել այդ առաջարկներից հետո:

Փաշինյանը նաև հայտնեց, որ առաջիկայում պաշտպանության նախարարի պաշտոնակատարի այցն է սպասվում ՌԴ, և իր կարծիքով որոշ հարցերի պատասխաններ հայկական կողմը պետք է ստանա Մոսկվայից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter