HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քյաթուկի միակ բնակիչը. «Ես այս գյուղի միակ ճրագն եմ»

«Ես էլ որ դուրս եկա, էս գյուղում էլ ոչ ոք չի լինի, ամեն երեկո մենակ իմ տան լույսն ա  վառվում, կարելի ա ասել՝ ես այս գյուղի միակ ճրագն եմ»,- ասում է Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղի միակ բնակիչ Արթուր Սաֆարյանը։ 

Նրա ընտանիքը՝ կինն ու երեխաները, երկար տարիներ է, ինչ բնակվում են Ստեփանակերտում։ Դեռ 10 տարի առաջ նրանք գյուղում բնակվող միակ ընտանիքն են եղել։ Արթուրը տարիներ շարունակ  Քյաթուկում խնամում էր մորն ու հորը, ծնողները հրաժարվել էին Ստեփանակերտ տեղափոխվել: Երբ առանց խնամքի ապրել չեն կարողացել, Արթուրը մնացել է գյուղում։ Մի քանի տարի առաջ մահացել է Արթուրի հայրը, նախորդ ամռանն էլ մահացել է մայրը, բայց դրանից հետո էլ Արթուրը գյուղից դուրս չի եկել։ Հիմա նա Քյաթուկում անասնապահությամբ է զբաղվում։

Արթուրը հող չի կարողանում մշակել, քանի որ գյուղում խմելու եւ ոռոգման ջուր չկա։ Այդ պատճառով էլ բնակիչները լքել են գյուղը։ Արթուրն Ասկերան քաղաքից է ջուր բերում։ Քյաթուկը Ասկերանից 4 կիլոմետր հեռավորության վրա է, բայց ճանապարհը դժվարանցանելի է: 

Գյուղում կանգնած միակ մեքենան Արթուրի ՈՒԱԶ-ն է։ Ասում է՝ գյուղի ճանապարհներին այլ մեքենան չի դիմանա։

Քյաթուկում շատ են լքված տները, մի քանիսի դռներն անգամ բաց են։ Արթուրն ասում է, որ մի քանի տուն է ընդամենը, որ ծառայում է որպես ամառանոց։ Ժամանակ առ ժամանակ տերերը մի քանի ժամով գալիս են գյուղ։

Քյաթուկում 33 տուն կա, դրանցից մի քանիսը  կիսակառույց, կիսավեր են, մի քանիսը բնակության համար հարմար պայմաններ ունեն։ 2008-ի մարդահամարի տվյալներով՝ գյուղում ապրել է 8 մարդ։

Արթուրն ասում է՝ 2018-ին Քյաթուկում շինարարական աշխատանքներ են սկսվել, հետո, քանի որ գյուղում ջրամատակարարում չի եղել, աշխատանքները դադարեցվել են։

Նրա պատմելով՝ Քյաթուկում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայրական տունը, եւ նա որոշել էր այնտեղ հանգստի գոտի սարքել, բայց քանի որ ջուր չի եղել, աշխատանքները դադարեցվել են։

2017-ի նոյեմբերի 5-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք պաշտոնյաների հետ այցելել է գյուղ, նախկին բնակիչների հետ քննարկել գյուղի վերաբնակեցման ծրագիրը։ 

Արթուրը ևս ներկա է եղել քննարկմանը։ Ասում է՝ ինքն էլ մյուս քյաթուկցիների հետ համոզված էր՝ գյուղում վերաբնակեցում չի լինի, քանի դեռ ջուր չկա։

Նրա խոսքով, այդ օրվա քննարկումից հետո էլ գյուղում շինարարական աշխատանքներ են սկսվել, որոնք կիսատ են մնացել։

Քյաթուկում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կա եւ կիսավեր եկեղեցի՝ 19-րդ դարի Սբ. Աստվածածինը, որն, Արթուրի ասելով, մեկ դարից ավելի է՝ չի գործում։

Արթուրի կինը ամիսը 1-2 անգամ գալիս է Քյաթուկ եւ Արթուրին օգնում պանիր, մածուն պատրաստելու գործում։ Արթուրը կաթնամթերքը Ասկերանում ու Ստեփանակերտում է իրացնում։

Նրանց դուստրը՝ Լիանան, սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնի առաջին կուրսում։ Երևանում վարձով է բնակվում։ Իսկ որդին սովորում է Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժնի 3-րդ կուրսում։ Մասնակցել է 2020-ի 44-օրյա պատերազմին, Արթուրն ասում է՝ հրաշքով ողջ է մնացել։ 

Արթուրը գյուղում միայնակ չի ձանձրանում, ցերեկը անասուններին տանում է արածեցնելու, երեկոյան հեռուստացույց է դիտում։ Ասում է՝ մի քանի անգամ փորձել են անջատել գյուղի էլեկտրականությունը, Արթուրը չի թողել։ «Ամբողջ օրը ԱրցախԷներգո-ի հետ կռիվ եմ անում, հետո՞ ինչ, որ մենակ ես եմ, բայց բաժանորդ եմ, չէ՞, վճարում եմ, օգտվում եմ»,- ասում է նա։

Արթուրի ամբողջ կյանքն անցել է Քյաթուկում, նա այլ տեղում իր կյանքը չի պատկերացնում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter