HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ն ի գիտություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի քննադատությունը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ի վերաբերյալ, որը նա արտահայտել է մայիսի 26-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ընդունվել է ի գիտություն, իսկ խորհրդակցությունների նպատակով իրականացվող աշխատանքը շարունակվում է։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ 

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկատվությունը ընդունվել է ի գիտություն։ Աշխատանքը շարունակվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարականին համապատասխան», - հայտարարել է Զայնետդինովը:

Զայնետդինովը նաև հիշեցրել է, որ երեքշաբթի օրը՝ մայիսի 25-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, Պաշտպանության և անվտանգության կոմիտեների նախագահների համակարգող խորհրդակցության նիստում, հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պահանջում է հրատապ միջոցներ, առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական բնույթի, ինչպես նաև պետական սահմանի տվյալ հատվածում սահմանազատման ու սահմանագծման անցկացում:

Մայիսի 26-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե որ փուլում են բանակցությունները ադրբեջանական զորամիավորումների` ՀՀ-ի սահմաններից դուրս գալու հարցում, և ինչ արձագանքներ կան ՀԱՊԿ-ից, պատասխանել է․

«Այս պահի դրությամբ, իհարկե, ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել: Որովհետև ես կարծում եմ՝ էն նախնական մտահղացումը, որն ուներ Ադրբեջանը, դա չեզոքացված չեմ համարում, և այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները պետք է հստակ տեղեկացված լինեն և հստակ դիրքորոշում արտահայտեն»,- նշել էր Փաշինյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter