HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եզդի եղբայրներից կրտսերը զոհվել է Շուշիի մարտերում, ավագն անհետ կորած է. հարազատները հույսը չեն կորցնում

Թեմուր Տալոյանն Արագածոտնի մարզի Կանիաշիր գյուղի գերեզմանատուն է մտնում՝ մոտենալով 44-օրյա պատերազմում զոհված թոռան՝ կրտսեր Թեմուրի գերեզմանաթմբին։ Դրա վրա դրված քարը համբուրում է ու անխոս նայում։ Դժվար է հասկանալ 18-ամյա թոռանը կորցրած պապի ապրումները։

Գերեզմանաթմբի կողքին սպիտակ մեխակներ կան, որոնք այնքան են չորացել, որ հողի գույն են ստացել։ Գերեզմանատան ցանկապատի երկայնքով տրակտոր է աշխատում, բայց դրա բարձր ձայնը չի խանգարում մեզ։ Մենք գրեթե չենք խոսում։ Սառը քամի է բարձրանում։

Սեւազգեստ մի տղամարդ անհանգիստ անցուդարձ է անում՝ մերթընդմերթ ցուցումներ տալով տրակտորի աշխատանքին հետեւողներին։ Ջրագիծ են անցկացնում՝ գերեզմանատանը նոր տնկված ծառերը ջրելու համար։

-Փոքր տղես ա՝ Թեմուրը, երեք ամսվա ծառայող ա եղել, որ պատերազմն սկսվեց։ Շուշիում ա զոհվել,- մեզ է մոտենում սեւազգեստ տղամարդը՝ Արթուր Կոտոյանը։ Ցավը կերպարանք առած քայլում է նրա հետ։ Նախադասություններն անավարտ են, խոսելիս ձեռքով ծածկում է աչքերն ու շրջվում։

-Մեծ տղուցս էլ լուր չկա,- շարունակում է Արթուրը։ Մենք լռում ենք, բայց սա աղաղակող ցավի լռություն է։

Ամեն առավոտ Արթուրը գալիս է գերեզամանատուն՝ կրտսեր որդու մոտ։ Եզդիական ավանդույթների համաձայն՝ հանգուցյալի գերեզմանաքարը մահվանից մեկ տարի հետո են դնում։

Արթուրը եղեւնիներ է տնկել գերեզմանատան ցանկապատի երկայնքով, շուտով նաեւ այլ ծառեր ու ծաղիկներ է տնկելու։ Որդու համար սա վերջին բանն է, ինչ կարող է անել հայրը։ «Էսօր ես ի՞նչ եմ անում, առավոտից իրիկուն էստեղ նստած եմ․․․ Երկու էրեխա մեծացրել եմ, 18 տարեկան դարձրել, ղրկել բանակ։ Մեկին կորցրել եմ, հերոսաբար ա գնացել, էն մեկին փնտրում եմ»,- հայացքը շրջելով՝ ասում է Արթուրը։

Թեմուրն ու ավագ եղբայրը՝ Օնիկը, հակապատկերներ էին։ Եթե Թեմուրը հումորով, աշխույժ ու ժիր էր, Օնիկը լռակյաց էր, համեստ ու հանգիստ։

Թեմուրը զորակոչվելուց առաջ Ռուսաստան էր գնացել աշխատելու։ Երբ վերադարձել էր Կանիաշիր, ծնողներին ասել էր, թե «մենք գյուղում ենք ապրում, ուրեմն՝ մեզնից պիտի գյուղի հոտ գա, այսինքն՝ անասուն պահենք»։ Պապն ասում է՝ աշխատած գումարով մի քանի ոչխար էր գնել ու ասել, որ բանակից վերադառնալուց դրանց թիվը կշատացնի ու մեծ ֆերմա կստեղծի։ «Պիտի գային, հասնեին իրենց լավ մուրազին, բայց չհասցրին»,- ասում է պապը։ Մեր ամբողջ զրույցի ընթացքում նա փորձում է թաքցնել իր ապրումները, բայց երբեմն ինչ-որ դրվագներ պատմելիս ձեռքը սրտին է դնում ու ձայնը նկատելիորեն թրթռում է։

Օնիկը զորակոչվել է 2019 թ․ ամռանը, Ջրականում (Ջաբրայիլ) էր ծառայում, իսկ Թեմուրը 2020-ի ամառվանից ծառայում էր Հադրութում (Օնիկը ծնվել է 2001 թ., իսկ եղբայրը՝ 2002-ին)։ Ընտանիքում երեխաների ավագը քույրն է, որ ամուսնացած է, բնակվում է Ռուսաստանում։

Պապն ասում է՝ ծառայության ընթացքում թոռները ոչ մի անգամ չեն բողոքել։ Օնիկը 8 ամսվա ծառայությունից հետո արձակուրդ էր եկել։ Ու այդ ժամանակ էլ չի դժգոհել։

Պատերազմի ժամանակ եղբայրները շատ չեն զանգել։ Տանը մտածել են, թե քանի որ Թեմուրը երեք ամսվա ծառայող է, նրան ռազմաճակատ չեն տանի։ Ավելի շատ անհանգիստ էին Օնիկից։ Հոկտեմբերի 11-ին Օնիկը վերջին անգամ է զանգել։ Մոր հետ է խոսել, ասել է՝ իրենց դիրքեր են տանում։ Պապն ասում է՝ ուրիշ ոչինչ չի ասել։

Նոյեմբերի 9-ի հրադադարից երկու օր հետո Թեմուր Տալոյանը փեսայի՝ Արթուրի եւ բարեկամների հետ Արցախ է գնացել՝ Օնիկին փնտրելու։ «Որ գնացինք, ռուսական զորքն արդեն էնտեղ էր։ Ճամփեն փակել էին, որ չանցնեինք Շուշի, որտեղ որ էրեխեքը զոհվել էին․․․ Այդ ժամանակ մենք չգիտեինք, որ Թեմուրն էլ է զոհվել Շուշիի մոտ»,- նշում է պապը։

Արցախում Օնիկից որեւէ տեղեկություն չգտնելով՝ սկսել են դիահերձարաններում փնտրել։ Հայաստանի Մարտունի քաղաքի դիահերձարանից դուրս գալուց Թեմուր Տալոյանի եղբոր տղան է զանգել՝ ասելով, որ 18-ամյա Թեմուրը զոհվել է։ «Ասեցինք՝ ո՞նց զոհվել ա։ Եղբորս տղան ասեց՝ ծառայակից ընկերն ա ասել․ Թեմուրն արյունաքամ է եղել, մահացել։ Օնիկին մոռացանք ու մորգերով սկսեցինք ման գալ Թեմուրին»,- պատմում է պապը։

Մարտունու հիվանդանոցում հանդիպել են Թեմուրի ծառայակից երկու ընկերներին, ովքեր պատմել են նրա վերջին մարտի մասին։

«Ասեց՝ հոպար, տա Աստված, սաղ էղնի, բայց չենք հավատում։ Մենք որ փախնում էինք, Թեմուրը մեր հետեւից գալիս էր։ Մեր կամանդիրը մեզ թողեց, փախավ։ 17 հոգի էինք անտառում, մնացինք սոված-ծարավ։ Տեսանք՝ զորքը վերեւից եկավ, մեկ էլ տեսանք, որ հայերեն են խոսում։ Մեր իմանալով՝ հայերը մյուս կողմից պիտի գային։ Որ ելնում էինք վազելու, Թեմուրը մեզ կանգնեցրեց, ասեց՝ սուս մնացեք, մի հատ լսենք։ Մեկ էլ դառավ, ասեց՝ էսի թուրք ա, հայ չի, բայց հայերեն են խոսում։ Մեզ հրաման տվեց ու առաջ ընկավ։ Ասֆալտին էինք հելնում, մեկ էլ նկատեցինք, որ խփեցին։ Դառանք, տեսանք, Թեմուրը թոփլում ա, ուզում էինք առաջ գնայինք, որ փրկենք իրեն, տեսանք հնար չկա՝ տանկերն էն կողմից եկան։ Մենք փախնում էինք, իրան ասում էինք՝ Թեմուր ջան, մի քիչ մնաց, մի քիչ մնաց, գոնե մի քիչ էլ առաջ արի։ Մեկ էլ էն տեսանք, որ ընկավ։ Մեջքին էին խփել։ Ֆռացինք, տեսանք եզդի ծառայակիցը թեւը դրել ա Թեմուրի թեւի տակ։ Մտածեցինք, որ կփրկի»,- պատմում Թեմուր Կոտոյանի պապը։

Թեմուրի մարմինը հարազատները գտել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում։ Հուղարկավորել են նոյեմբերի 17-ին։ Հուղարկավորությունից հետո գնացել են Օնիկին փնտրելու։ Ստեփանակերտ են գնացել, որտեղից էլ ուղղորդել են Իվանյանի զորամաս։ Այդտեղ զինվորականներից մեկն ասել է, թե Օնիկը զոհվել է։ Երբ հարազատները հարցրել են, թե ինչ հիմնավորում ունի, զինվորականը պատմել է, թե հոկտեմբերի 13-ին Ֆիզուլու հատվածում ինքը եղել է 3 հատ «Ուրալ» մեքենաներից մեկի մեջ, որոնք պայթեցվել են, ավելի ուշ հարազատներին են տվել նաեւ Օնիկի զինգրքույկը, որը չէր վառվել։ Պապն ասում է՝ հոկտեմբերի 16-17-ին Օնիկին տեսնող է եղել Հադրութի Վանք գյուղում։

«Հիմա ո՞ւր ա մեր էրեխեն։ Եթե տեղյակ չեք, թե ուր ա էրեխեն, ի՞նչ հեքիաթներ եք պատմում․․․ Պատերազմ ա, ձեզի ոչ կախող կա, ոչ բան․․․ Մենք էրեխա ենք կորցրել, մեզ ինչի՞ ճիշտը չեք ասում,- նշում է Թեմուր Տալոյանը, ապա շարունակում,- մենք էնպիսի դրախտ տեղերից ենք փախել-եկել, մեր էրեխեքին ձեռք չտան, դավանանքը չփչացնեն, ստրուկ չդարձնեն։ Մենք եկել ենք էստեղ, որ ապրենք, խաղաղ լինենք։ Իսկ հիմա էստեղ ի՞նչ է կատարվում՝ պաշտոնի մասին եմ մտածում»։

Ընտանիքը, հարազատները դիմել են բոլոր պատկան մարմիններին, սակայն մինչ օրս որեւէ նորություն չկա։ Պապը պատմում է, որ նոյեմբերի կեսերին Իրանից զանգ է ստացել։ Խոսողը կին էր, որն օտար լեզվով էր խոսում, ըստ Թեմուր Տալոյանի՝ հավանաբար, պարսկերեն։ Երբ զանգն ընդհատվել է, հետ է զանգել, բայց նորից չի կարողացել հասկանալ լեզուն, միայն թոռան ազգանվանը (Կոտոյան) մոտ բառ է լսել։ Դրանից հետո որեւէ զանգ չի ստացել։ Հեռախոսահամարը փոխանցել է ԱԱԾ։

«Հայաստանում հիմա չունենք մի մարդ (ղեկավարը գցենք մի կողմ), որը կմտածի անհետ կորածների մասին։ Ես չգիտեմ՝ վերջն ի՞նչ կլինի․․․ Կարող ա սաղ ա, կարող ա չգտնենք, կարող ա 20 տարի էլ չգտնենք։ Բայց հիմա էդ դարը չի։ Մի քանի ժամում կարելի ա գտնել։ Ինչի՞ մեզ չուրախացնեն, մանավանդ մեզ նման մարդկանց, որ մեկին կորցրել ենք, գոնե գտնենք, որ կորածին մի քիչ մոռանանք։ Մենք էլ ենք մարդ, չէ՞,- ասում է պապն ու ավելացնում,- մենակ կարամ ասեմ, որ Օնիկին գտնելու հույս ունեմ»։

Հ.Գ. Թեմուր Կոտոյանը Արցախի նախագահի հրամանագրերով հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով եւ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, Կոտոյանների ընտանեկան արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter