
ՌԴ Դաշնային ծառայությանը Սյունիքի մի շարք համայնքներում անհատույց օգտագործման հողեր կհատկացվեն
Հայաստանը կընդունի Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների կողմից նվիրված հողամասերը և դրանք կտրամադրի օգտագործման՝ պաշտպանական նպատակներով: Հողամասերը կամրացվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվեն Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության` Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը: Որոշումն ընդունվեց Կառավարության մայիսի 27-ի նիստում:
Ըստ հիմնավորման՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել ամրացնել Հայաստանի հարավ-արևելյան սահմանները, այդ նպատակով էլ առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր: Որոշման նախագծի ընդունմամբ պաշտպանական նպատակներով նախանշված գործառույթները կհամապատասխանեցվեն ՀՀ գործող օրենսդրությանը:
Հիշեցնենք, որ Կառավարության մայիսի 13-ի նիստում էլ Սյունիքի մարզից սահմանների ամրապնդման նպատակով հողամասեր էին հատկացվել Ազգային Անվտանգության ծառայությանը:
Մեկնաբանել