HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Քաշաթաղի և Քարվաճառի տնազուրկ բնակիչներին առաջարկում են տեղափոխվել Արցախ

Քաշաթաղից և Քարվաճառից տարհանված բնակիչները պարբերաբար հավաքվում են Կառավարության շենքի առջև և պահանջում բնակարանով և աշխատանքով ապահովել իրենց: Տեղահանվածների խնդիրները լուծելու համար վարչապետ Ն. Փաշինյանի 2020 թ. նոյեմբերի 17-ի որոշումով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հայաստանում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում ասում են, որ բողոքի մասնակցիներին ամեն անգամ հայտնում են, թե հարցը քննարկվում է: Իրականում այդ հանձնաժողովը վաղուց նիստեր չի գումարում: 

Հայաստանում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը «Հետք»-ին հայտնեց, որ Հայաստանի տարածքում վերաբնակեցման և զբաղվածության ապահովման պետական ծրագիր դեռևս չկա, բայց հարցը քննարկվում է: Բնակարանի պահանջ ներկայացնողներին առաջարկում են տեղափոխվել Արցախ: 

«Արդեն 60 ընտանիք տեղափոխվել է Արցախ: Նրանց մեծ մասը Քաշաթաղի շրջանի բնակիչներն են: Նրանց բնակեցնում ենք Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջաններում, բայց հիմնականում Ասկերանի շրջանի Պատարա գյուղում: Այնտեղ սեփական տներ կան, որոնք պետությունը վերակառուցում և հատկացնում է այդ ընտանիքներին»,- հայտնեց պրն Վիրաբյանը:

Վերջինս նշեց, որ ցանկացողների համար ԱՀ-ի Կառավարության օպերատիվ շտաբը նախապես ճանաչողական այց է կազմակերպում, շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո օպերատիվ շտաբի միջոցներով նրանց տեղափոխում են Արցախ: 

Միքայել Վիրաբյանը հայտնեց, որ փորձում են ժամանակավոր զբաղվածության ծրագրեր իրականացնել: Բնակիչներին առաջարկել են հողեր վարձակալել գյուղատնտեսական կուլտուրաներ մշակելու համար, և 27 մարդ հողեր է վարձակալել սեփականատերերից կամ համայնքների ղեկավարներից: Հողի վարձավճարի մի մասը կփոխհատուցի պետությունը:  

Հիշեցնենք, որ Շահումյանի (Քարվաճառի) և Քաշաթաղի շրջանները 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հանձնվեցին Ադրբեջանին: Այդ շրջանների բնակիչների ճնշող մեծամասնությունը հայաստանցիներ էին, որոնց ազատագրված շրջաններում վերաբնակեցրին Կառավարության որոշումներով: Նշված շրջանները վերաբնակեցնելու որոշումները կայացվել էին Արցախյան առաջին պատերազմը դեռևս չավարտված՝ 1993թ.-ի աշնանը: 

Բնակիչները 1990-ական թվականներին Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում գտնվող, նաև անտուն քաղաքացիներն էին, որոնց այնտեղ անհամեմատ լավ պայմաններ էին առաջարկվում: Ապահովում էին տնով, սոցիալական, տնտեսական և վարկային արտոնություններ էին տրվում, պետական աջակցության ծրագրեր էին իրականացվում նրանց համար: Այդտեղ էին բնակություն հաստատել նաև Ադրբեջանի կողմից 1991թ.-ին ԼՂՀ-ի Գետաշեն և Շահումյան գյուղերն օկուպացնելուց հետո տարհանված բնակիչները:

Վերջին տարիներին նրանց մի մասը հաղթահարել էր անապահովի կարգավիճակը, անշարժ և շարժական գույք էր ձեռք բերել, ֆերմերային տնտեսություն էր ստեղծել: Ավելի քան 25 տարիների ընթացքում նրանց ստեղծած սեփականությունն ամբողջությամբ մնաց թշնամուն, քանի որ իշխանությունները տարհանվելու մասին  տեղեկացրել են վերջին պահին: Ընդ որում, հայտնել էին, որ ժամանակավոր են տարհանվում: Շահումյանի և Քաշաթաղի շրջանների բնակչության մեծամասնությունը լքեց բնակավայրերը՝ չվերցնելով անգամ փաստաթղթերը: Տարհանումը կատարվեց տարերայնորեն, Հայաստանում նույնպես նրանց կացարանով ապահովում էին քաղաքացիները՝ բարի կամքի դրսեւորումով: 

Հայաստանում Արցախի կառավարման օպերատիվ շտաբի Քաշաթաղի պատասխանատու Դավիթ Դավթյանը հայտնեց, որ  Արցախի նախագահի հրամանով հանձնաժողով է ձևավորվել, որը պետք է Արցախի բոլոր շրջաններից տեղահանվածների ունեցվածքի գույքագրում և գնահատում իրականացնի: Ըստ այդմ՝ համայնքների ղեկավարների գլխավորությամբ տեղերում հանձնաժողովներ պետք է ստեղծվեն բնակչության շարժական և անշարժ գույքի գույքագրում իրականացնելու համար՝ տուն, անասնագոմ, կենդանիների քանակ, հողամաս, ավտոմեքենա և այլն: 

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքը հայկական վերահսկողության տակ է, այնտեղ է պահվում շրջանի արխիվը: Դ. Դավթյանն ասում է, որ լրացված տեղեկանքների իսկությունը հանձնաժողովն այնուհետև կճշտի արխիվում և կադաստրում պահվող փաստաթղթերի հետ համեմատելով: «Առայժմ գույքագրում և գնահատում պետք է անենք, հետո փոխհատուցման հարցը կլուծվի»,- հայտնեց Քաշաթաղի պատասխանատու Դավիթ Դավթյանը: 

Նա տեղեկացրեց, որ մինչ օրս Քաշաթաղի շրջանից 400 հոգի վերադարձել է Արցախ, որտեղ բազմազավակ ընտանիքների համար հիմա էլ շահավետ պայմաններ են ստեղծում՝ տուն և անասուններ են տրամադրում: Արդեն 100-ից ավելի մարդ է բնակվում Աղավնոյում, բնակիչների թիվն ավելացել է նաև Սուս գյուղում: Քաշաթաղի շրջանում վերաբնակված նախկին սփյուռքահայերից ոմանք տեղափոխվել են Նոյեմբերյան և հողագործությամբ են զբաղվում: Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղում տներ կառուցելու և տեղահանվածներին այնտեղ բնակեցնելու  առաջարկ կա:

Շահումյանի շրջանի աշխատակազմի ընդհանուր բաժնի վարիչ Ռուզաննա Պետրոսյանն ասում է, որ իրենց շրջանից նույնպես Արցախ վերադարձած ընտանիքներ կան, բայց մեծ մասը վախ ունի և չի ցանկանում այնտեղ բնակվել: Որոշ մարդիկ էլ ցանկանում են գնալ Արցախ, բայց այնտեղ դեռ պատրաստի բնակարաններ չկան:

Նա նշեց, որ բնակիչները սկզբում իրենք են իրենց տեղափոխվելու և կացարանի  հարցը լուծել: Որոշ ժամանակ հետո կառավարությունը սոցիալական աջակցության ծրագրեր իրականացրեց, որից մեկը կոչվում է հյուրընկալության ծրագիր: Կառավարությունը 30 000 դրամ է հատկացնում ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անձին որպես վարձավճար, սակայն այն փոխանցվում է հյուրընկալող սեփականատիրոջը:

«Բնակիչների մեծ մասը չի կարողանում օգտվել դրանից, տների մեծ մասի սեփականատերերը Հայաստանում չեն բնակվում, որպեսզի նրանց փոխանցվի գումարը: Բնակիչներն իրենք են վարձը վճարում: Կառավարությունը պետք է այդ ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռի մարդկանց»,- ասաց Ռ. Պետրոսյանը: 

Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասում է, որ Քաշաթաղի, Քարվաճառի, Շուշիի և Հադրութի շրջանների բնակիչների մեծամասնությունը չի ցանկանում բնակվել քաղաքային միջավայրում, և նրանց կարծիքը հաշվի է առնվում: «Ասում են, որ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում, և լուծումները պետք է տրվեն՝ հաշվի առնելով այդ մարդկանց ցանկությունը: Սակայն  բնակարանով ապահովելու հարցում առավելությունը պետք է տրվի այն անձանց, ովքեր կցանկանան վերադառնալ Արցախ»,- ասաց Միգրացիոն ծառայության պետը։

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի և Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

Անյուտա Արմենակի Գրիգորյան
Բարի օր Ձեզ։ Մի տարուց ավել է; ինչ վարձով ապրում ենք Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ներկայումս Մայիսյան գյուղում։ Երեք հոգով ենք, ունենք մեկ անչափահաս երեխա, մշտական աշխատանք չունենք, կեցության պայմաններն ահավոր են։ Ապրում ենք պետական նպաստներով։ Ուզում ենք բնակարան ձեռք բերել ՀՀ-ում։ Ում պիտի դիմենք այդ հարցով։ Նշեմ , որ տեղահանվել ենք Շահումյանի շրջանի Հավսաթաղ գյուղից, որը նույնպես անցել է թշնամու վերահսկողության տակ ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter