
Պաշտպանության փոխնախարար. «Ձեռնարկելու ենք յուրաքանչյուր քայլ, որ գերիներին վերադարձնենք»
Խորհրդարանում կայացած դռնփակ հանդիպումը սահմանային իրավիճակի վերաբերյալ ավարտվեց:
Հիշեցնենք, որ Պաշտպանության և անվտանգության ու Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հրավիրվել էին ՊՆ և ԳՇ, ինչպես նաև ԱԳ ներկայացուցիչներ:
Պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Արման Սարգսյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ ադրբեջանական մամուլը բավական շատ ապատեղեկատվություն է տարածում, պետք չէ ադրբեջանական մամուլի խայծը կուլ տալ: Սարգսյանի խոսքով՝ ՊՆ-ն թույլատրելիի սահմանում ամեն ինչ ներկայացնում է: «Անհրաժեշտ վերլուծությունների հիման վրա մեր բանակն իր գործողությունները կատարում է, մեր կողմից իրականացվում են բոլոր քայլերն այս իրավիճակը շտկելու համար»,- ասաց Սարգսյանը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ իրականացվում է, որ այսօր առավոտյան գերեվարված վեց զինծառայողները վերադառնան հայրենիք: Պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատարն ընդգծեց՝ հանրությունը թող վստահ լինի, որ Զինված ուժերն իրավիճակը վերահսկում են: «Ձեռնարկելու ենք յուրաքանչյուր քայլ, որ գերիներին հետ վերադարձնենք, իմ ասածի տողատակերում ամեն ինչ ասվեց»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել