HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Ալաշկերտը» չորրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն

Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 25-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային» և դարձավ Հայաստանի չեմպիոն։ Սա երևանյան ակումբի պատմության մեջ չեմպիոնական չորրորդ տիտղոսն էր։ «Ալաշկերտը» չեմպիոն էր դարձել նաև 2016, 2017 և 2018 թվականներին։

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2020-21թթ․ մրցաշրջանը անցավ շատ թեժ մթնոլորտում։ Մինչև վերջին տուրը դեռևս լարված պայքար էր ընթանում ոչ միայն չեմպիոնության համար, այլ նաև եվրագավաթային ուղեգրերի համար։ 

Առաջնության վերջին տուրից առաջ «Ալաշկերտը» 43 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Նրան 2 միավորով զիջում էր երևանյան մեկ այլ ակումբ՝ «Նոան»։ Հենց այս երկու թիմերն էլ վճռորոշ տուրից առաջ չեմպիոնության միակ հավակնորդներն էին։ 

25-րդ տուրի բոլոր չորս հանդիպումները մեկնարկել էին նույն ժամին։ Չեմպիոն հռչակվելու համար «Ալաշկերտին» նույնիսկ ոչ-ոքին էր բավարար «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում, իսկ վերջինիս եվրագավաթային ուղեգիր նվաճելու համար հաղթանակ էր անհրաժեշտ։ Իր հերթին «Նոային» չեմպիոն դառնալու համար անհրաժեշտ էր հաղթել Չարենցավանի «Վանին»՝ հույս ունենալով, որ «Ալաշկերտն» էլ պարտություն կկրի։

Արդյունքում, «Ալաշկերտը» 1։0 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային» և վաստակած 46 միավորով հռչակվեց Հայաստանի քառակի չեմպիոն։ «Նոան» 1։2 հաշվով պարտություն կրեց «Վանից» և երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի փոխչեմպիոն (41)։

Վերջին տուրի մյուս երկու խաղերում՝ «Ուրարտուն» 1։0 հաշվով պարտության մատնեց «Փյունիկին» և կրկին 41 միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը («Նոային» զիջեց լրացուցիչ ցուցանիշներով), իսկ Հայաստանի գավաթակիր «Արարատն» էլ 5։2 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին» և 40 միավորով հանգրվանեց չորրորդ տեղում։

Հայաստանի նախորդ երկու տարիների չեմպիոն և եվրագավաթներում Հայաստանի համար պատմական ցուցանիշների հասած «Արարատ-Արմենիան» բավարարվեց ընդամենը 5-րդ հորիզոնականով (38 միավոր) և գալիք ամռանը հնարավորություն չի ունենա հանդես գալ եվրագավաթներում։

«Վանը» 31 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը, «Փյունիկը» 25 միավորով՝ 7-րդը, իսկ «Շիրակը» 13 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը։

Այսպիսով, Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կխաղա ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, իսկ փոխչեմպիոն «Նոան», բրոնզե մեդալակիր «Ուրարտուն» և Հայաստանի գավաթակիր «Արարատը» հանդես կգան ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկությունում։

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter