
Մհեր Գրիգորյանը վստահեցնում է` Հայաստանը միջանցքային տրամաբանության հարցեր չի քննարկում
Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորանը վստահեցնում է, որ հայկական կողմը եռակողմ միջգերատեսչական հանձնաժողովում(Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) միջանցքային տրամաբանության հարցեր չի քննարկում:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը:
«Եթե միջանցք ասելով ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, դա մի հարց է, բայց եթե միջանցք ասելով նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք, բացառում եմ իմ քննարկումները»,- ասաց նա:
Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները, սակայն, սահմանային վերջին դեպքերից հետո ընդհատվել են: Գրիգորյանի խոսքով` քննարկումները հնարավոր է միայն առնվազն կայուն վիճակի դեպքում:
«Էս իրավիճակում ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ... այդ իմաստով վերջին շրջանում կոնկտակտները ընդհատվել են»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, որ վարչապետի պաշտոնակատարն առաջարկում է, որ թե հայկական թե ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հայելային տարբերակով հետ քաշվեն սահմաններից (որտեղ մայիսի 12-ից տեղակայվել են ադրբեջանական զորամիավորումները) և այնտեղ տեղակայվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կամ ՌԴ ներգրավվածությամբ դիտորդներ, արդյոք իրեն համար ընդունելի է նման տարբերակը, Գրիգորյանն ասաց.
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ խնդիրը լուծվի խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, կարծում եմ` ճիշտ մոտեցում է»:
Ըստ Գրիգորյանի` մոտ ժամանակներում այդ առաջարկի արձագանքները կլինեն:
Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև վստահեցրեց` ադրբեջանական անկլավներ հանձնելու որևէ քննարկում չկա ու չի էլ եղել:
Մհեր Գրիգորյանը չցանկացավ անդրադառնալ Արտաքին գործերի արդեն նախկին նախարար Արա Այվազյանի հրաժարականի պատճառներին:
«Կարծում եմ ճիշտ կլինի այդ հարցն ուղղեք պարոն Այվազյանին, որովհետև ես չեմ կարծում, որ ունենք մի իրավիճակ որտեղ նմանատիպ խնդիր ընդհանրապես գոյությունի ունի, բնականաբար բոլորիս համար առաջնահերթ է ազգային շահը»:
Հարցին, որ կան քննարկումներ, որ գոյություն ունի այլ փաստաթուղթ կամ հավելված, որը չի հրապարակվել, Մհեր Գրիգորյանը բացառեց.
«Եկեք հասկանանք պահի լրջությունը, ընդհանրապես ես չեմ կարողանում հասկանալ ինչպես կարելի է լուրեր տարածել առ այն, որ գաղտնի փաստաթուղթ կա, չկա նման բան, ինչ քննարկվում է մաքսիմալ հրապարակային է, չի էլ կարող լինել գաղտնի փաստաթուղթ, որը հանրային չքննարկվի»:
Մեկնաբանել