HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դեմպի՞նգ, թե՞ հարկադրված գնիջեցում. ներքին տուրիզմը ելքեր է փնտրում

Հայաստանում տուրիստական գործակալությունները, հյուրանոցներն ու բոլոր այն բիզնեսները, որոնք այս կամ այն կերպ «սնվում են» զբոսաշրջային հոսքից, շարունակում են ծանր կացության մեջ մնալ։ Եթե մի շարք երկրներում համավարակի ազդեցությունը սկսել է դանդաղ թուլանալ ու զբոսաշրջության ոլորտը կամաց-կամաց շունչ է քաշում, ապա Հայաստանում անվտանգության խնդիրները դեռևս թույլ չեն տալիս, որ այն ոտքի կանգնի։ Ներքին զբոսաշրջիկներին ծառայող մի շարք տուրօպերատորներ բիզնեսը փրկելու համար ստիպված են եղել այնքան իջեցնել ծառայությունների գինը, որ այն ինքնարժեքին է հավասարվել։ Դժվար է ասել՝ դեմպի՞նգ է սա, թե՞ հարկադրված քայլ, սակայն ոլորտի շատ տնտեսվարողների համար էական հարված է:

Այս տարվա առաջին երեք ամսում Հայաստան է ժամանել ընդամենը 86 524 զբոսաշրջիկ: Եկել են հիմնականում Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի քաղաքացիներ, ինչպես նաև՝ արտերկրում ապրող, բայց Հայաստանի քաղաքացիություն ունեցողներ։ Համեմատության համար՝ 2020 թվականի նույն եռամսյակում, երբ կորոնավիրուսի համավարակը դեռևս լայնորեն չէր տարածվել, Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը, ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ), կազմել է 307 590: Այսինքն՝ այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, զբոսաշրջիկների հոսքը կրճատվել է 71.9%-ով:

«One Way Tour» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Մաթևոս Բարսեղյանի խոսքով՝ ներկայում քիչ թե շատ աշխատում է ներքին զբոսաշրջությունը։ Սակայն, պատերազմից հետո ուղղությունները փոխվել են։ Օրինակ՝ եթե նախկինում ամենապահանջված ուղղություններից էին Տաթևը, Գորիսն ու Ջերմուկը, ապա այսօր տուրիստական գործակալության հաճախորդները խուսափում են այդ ուղղություններից՝ անվտանգության մտավախություններով պայմանավորված։

«Ավելի շատ բացասական ինֆորմացիան է խոչընդոտում ոլորտի զարգացմանը, քան իրականությունը: Մենք ինքներս վերջերս գնացել ենք և՛ Տաթև, և՛ Ջերմուկ։ Խնդիր չկա, բայց մենք չենք կարող 100 տոկոս անվտանգության երաշխիք տալ: Երբ հարցնում են այդ ուղղությունների մասին, մենք միայն ասում ենք, որ գնացել ենք, և ոչ մի խնդիր չկա: Այս պահին զբոսաշրջիկների հոսքը թեքվում է ավելի շատ դեպի հյուսիս: Հիմա ամենահետաքրքիր և ընդունված ուղղությունը Գյումրին է: Լոռին ևս աշխուժացել է: Տավուշը ակտիվացել էր, բայց վերջերս կրկին պասիվացել է:  Ցավով եմ նշում, որ մեր հարավում շատ մեծ ներդրումներ կային, հատկապես՝  Գորիսում հյուրանոցներ, հյուրատներ էին կառուցել, բայց պատերազմից հետո ամեն ինչ գլխիվայր շրջվել է»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Մաթևոս Բարսեղյանը։

Այս տարվա ապրիլի վերջին Տուրիզմի հայկական ֆեդերացիան կազմակերպել էր ուղևորություն դեպի Արցախ։ Ամեն ինչ անցել է հանգիստ ու անվտանգ։

Դրանից հետո մտադրություն կար դեպի Արցախ ուղղությունները ակտիվացնել, բայց սահմանային լարվածության պատճառով ծրագրերը կրկին չեղարկվել են։

2020 թվականի մարտի կեսերից տուրիզմի ոլորտը շեշտակի անկում ապրեց։ Օտարերկրյա և ներքին զբոսաշրջիկների հոսքը դադարեց։ Միայն ամռան ամիսներին, երբ մադիկ սովորեցին «ապրել կորոնավիրուսի հետ», ներքին զբոսաշրջությունը աշխուժացավ։ Բայց սեպտեմբերին Արցախում սկսված պատերազմը փոխեց իրավիճակը։ Տուրիստական գործակալությունները, հյուրանոցներն ու հանրային սննդի ոլորտը կարճաժամկետ եկամուտներ ստացան միայն Ամանորի օրերին, որից հետո ոլորտը կրկին պասիվացել է։ 

Հայաստանից արտասահման մեկնող զբոսաշրջիկների թիվը ևս նվազել է։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից զբոսաշրջության նպատակով արտերկիր է մեկնել 44 574 մարդ։ 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ այն նվազել է 83.8%-ով։ Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Այս պահին Հայաստանից մեկնողների համար ամենապահանջված ուղղություններն են Եգիպտոսն ու Արաբական Միացյալ Էմիրությունները, մասնավորապես՝ Դուբայը, որոնք պահանջում են միայն կորոնավիրուսի թեստ, իսկ պատվաստման պահանջ չկա առայժմ։

Տուրօպերատորները ակնկալում են, որ ամռանը կակտիվանան ուղևորությունները դեպի Կիպրոս, Բուլղարիա, Չեռնոգորիա և այլն։ 

Դեմպինգային երևույթներ՝ տուրիզմի ոլորտում

Եկամուտների շեշտակի նվազումը մի շարք տուրիստական գործակալությունների ստիպել է ինքնարժեքով աշխատել՝ բիզնեսը չփակելու և աշխատակիցների մի մասին պահելու համար։ Արդյունքում այն  գործակալությունները, որոնց ինքնարժեքը ցածր է (քիչ աշխատողներ, վարձակալության համեմատաբար փոքր գումարներ և այլ ծախսեր), կարողացել են շատ ավելի ցածր գին առաջարկել զբոսաշրջիկներին, քան ավելի խոշոր գործակալությունները, որոնց ինքնարժեքը բարձր է, և որոնք չեն կարող այդքան ցածր գներով աշխատել:

Մաթևոս Բարսեղյանը շեշտում է, որ դրանք «իրական» գներ չեն, արհեստականորեն նվազեցվել են, որի արդյունքում դեմպինգային երևույթներ են նկատվել։ Դեմպինգի ժամանակ (անգլ.՝ dumping) շուկայում տնտեսվարողներից մեկը կամ մի քանիսը համաձայնության են գալիս այնքան իջեցնել ապրանքի կամ ծառայությունների գինը, որ մնացած մրցակիցների համար դա դառնում է ոչ ձեռնտու, և նրանք դուրս են մղվում շուկայից։ Թեև զբոսաշրջության ոլորտում գործակալությունների կողմից գնիջեցումը կարող է առաջացած իրավիճակի թելադրանքը լինել և ոչ թե՝ պայմանավորված չարամիտ համագործակցություն, սակայն այն կարող է ունենալ նույն արդյունքը, ինչ դեմպինգի դեպքում է լինում։

«Համեմատած 2019 թվականի գների հետ՝  հիմա բավականին ցածր է, դեմպինգային երևույթներն են նկատվում: Քանի որ 2020 թվականին դրսից զբոսաշրջիկներ չեկան, շատ ընկերություններ անգործության մատնվեցին: Մի շարք տրանսպորտային ընկերություններ պետք է ինչ-որ կերպ գումարներ աշխատեին: Առաջարկը մեծացավ, մինչդեռ պահանջարկը կտրուկ նվազել էր: Գինը մինչև 50 տոկոս ընկել է: Փորձեցինք համագործակցել և գնային վերանայումներ անել, որովհետև այդ գների դեպքում ոչ մի ընկերության ձեռնտու չէր, ընդամենը կարողանում էին ինքնարժեքով աշխատել։ Բայց, այդպես էլ լուծումներ չգտնվեցին»,- ասում է նա։

Զբոսաշրջային մի քանի գործակալություններ այս հարցով դիմել են Տուրիզմի հայկական ֆեդերացիային, ինչպես նաև հետաքրքրվել են՝ արդյոք Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը կարո՞ղ է որևէ կերպ միջամտել շուկային, սակայն քանի որ շուկան ազատ մրցակցային է, և չկա կենտրոնացվածություն, վերահսկելու լծակներ չեն գտնվել։ Հետևաբար, տնտեսվարողները իմաստ չեն գտել՝ պաշտոնապես դիմել Մրցակցության հանձնաժողովին, որ վերջինս ուսումնասիրություն սկսի:

«Շուկան բաժանվեց երկու մասի: Այսօր դժվար է պահել քո հաճախորդին, երբ քո ու քո մրցակցի գնային տարբերությունը մեկ հաճախորդի հաշվով 1000 դրամից ավել է: Այդ խնդիրը կա, բայց ոչ մի ձևով չի լուծվում»,- նշեց մեր զրուցակիցը։

Միակ ելքը, որ տեսնում է Մաթևոս Բարսեղյանը օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի ավելացումն է։ Ոլորտը կկարգավորվի, երբ դրսից տուրիստներ գան։ Այդ ժամանակ պահանաջարկը կմեծանա, և գները կբարձրանան:

Գործակալությունների մեծ մասը աշխատում է ինչպես ներքին տուրիզմի ոլորտում, այնպես էլ՝ արտագնա տուրեր է կազմակերպում։ Քանի որ 2020-ի երկրորդ եռամսյակից շատ քչերն են Հայաստանից մեկնել արտասահման զբոսաշրջության նպատակով, տեղի գործակալությունները աշխատել են հիմնականում ներքին զբոսաշրջիկների հետ, հետևաբար՝ դեմպինգային այս երևույթները ներքին զբոսաշրջության ոլորտում են ի հայտ եկել։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը ևս տեղյակ է, որ տուրիզմի ոլորտում ծառայությունների գները իջել են։ Ըստ նրա՝ դրանք ավելի ցայտուն են եղել 2020 թվականի ամռանը, երբ ներքին տուրիզմը վերակենդանացման միտումներ էր ցույց տալիս։ «Այս պահին ևս, գուցե, լինեն գործակալություններ, որ աշխատողներ պահելու համար ստիպված են եղել ինքնարժեքին մոտ կամ դրանից էլ ցածր գներով աշխատել, բայց դա հիմա այդքան ցայտուն չէ։ Հույս ունենք, որ ամռան ամիսներին ներքին տուրիզմը կրկին կաշխուժանա, պահանջարկն էլ կմեծանա»,- «Հետքի» հետ զրույցում ասաց նա։

Ապրեսյանի խոսքով ևս՝ իրավիճակից դուրս գալու լուծումը արտասահմանից զբոսաշրջիկների հոսք ապահովելն է, ինչպես նաև՝ ներքին տուրիզմը զարգացնելը։ Դրա համար, ըստ նրա, հարկավոր է աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը ապահով երկիր է և ճիշտ աշխատել մարկետինգի ուղղությամբ։ Դրանով պետք է և՛ պետությունը զբաղվի, և՛ մասնավոր հատվածը։ 

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter