Թեհմինա Վարդանյան․ «Ինչու՞ չեք ասում, որ ՀՀԿ-ն ունի շատ ավելի փայլուն ուղեղներ»
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանի հետ «Հետք»-ը զրուցել է առաջիկա ընտրությունների, Արցախի ապագայի, գերիների վերադարձի և այլ հարցերի մասին։
Թեհմինա Վարդանյանը վստահ է, որ գերիների հարցը շուտ կարող է լուծվել այն դեպքում, երբ Հայաստանի ղեկավարին լուրջ վերաբերվեն։
«Ես ինքս ունեմ վստահություն, որ հիմնականում ամեն ինչ գալիս է, այնուամենայնիվ, իշխանությանը լուրջ ընդունելուց, նստելուց, քննարկելուց, բանակցելուց և այլն։ Այսինքն՝ այս կապիտուլյանտի հետ ո՞վ ի՞նչ պետք է քննարկի, ո՞վ պետք է իրեն լուրջ ընդունի»,- ասաց Թեհմինա Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե բացի իշխանություններին լուրջ ընդունելուց ի՞նչ գործուն մեխանիզմներով պետք է լուծել գերիների վերադարձի հարցը։
Խոսելով «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող ՀՀԿ-ի իշխանության գնահատականի մասին, Թեհմինա Վարդանյանն ասաց, որ իր գնահատականը չի փոխվել և ՀՀԿ-ի իշխանության ժամանակ քննադատված երևույթները քննադատում է նաև այսօր։ Ըստ պատգամավորի թեկնածուի՝ ՀՀԿ-ն ինքնամաքրման պրոցես է անցել, և չպետք է մոռանալ, որ ՀՀԿ-ն ունի պետականամետ ուղեղներ, կառավարման հմտությունների տիրապետող ուղեղներ։
Հարցին՝ այդ ուղեղների շրջանակի մեջ մտնո՞ւմ են Տարոն Մարգարյանը, Արման Սահակյանը, Երևանի նախկին թաղապետերը, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց․
«Տարոն Մարգարյանը․․․ ես հասկանում եմ՝ Դուք ինչ նկատի ունեք, բայց շատ կցանկանայի հարցում անցկացնեիք Երևանի փողոցներում։ Տարոն Մարգարյանի կառավարումի՞ց են մարդիկ գոհ, թե՞ Հայկ Մարությանից։ Եվ ես վստահ եմ, որ Տարոն Մարգարյանը միանշանակ բացարձակ առաջատար կլիներ»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Մեկնաբանել