
Ընտրություններին մասնակցող թեկնածուների 36․3%-ը կանայք են․ ցուցակների վերլուծություն
«Հետքը» շարունակում է վերլուծել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ցուցակները։
Այսպես, ԿԸՀ-ն գրանցել է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք։ Այս կուսակցություններն ու դաշինքները, ընդհանուր առմամբ, ներկայացրել են 2605 թեկնածու։
Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում՝ ամենաշատ թեկնածուներն ունի ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցության «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 230 թեկնածու։ Ամենից քիչ թեկնածուներ ներկայացրել է Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունը՝ 80։
Թեկնածուների ընդհանուր թվի 36․3%-ը կանայք են։
26 քաղաքական ուժերից ընդամենը 2-ն են գլխավորում կանայք՝ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջին համարը Լուսինե Ավագյանն է, իսկ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է անկուսակցական Կարինե Տոնոյանը ։
Ներկայացնում ենք նաև կուսակցությունների և դաշինքների կին և տղամարդ թեկնածուների թվային և տոկոսային հարաբերակցությունը։
Կանանց համամասնությունն ամենացածրն է «Հայաստան» դաշինքում (30․7%), իսկ ամենաբարձրը Համահայկական Ազգային Պետականություն (ՀԱՊ) կուսակցությունում (43.9%):
Համապետական ցուցակներն ունեն երկու մաս։ Առաջին մասը սովորական ցուցակներն են, որոնցում կուսակցություններն ու դաշինքները ներկայացնում են իրենց թեկնածուներին, իսկ երկրորդ մասը նախատեսված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ թեկնածուների համար։ Վերևում ներկայացված թվերը վերաբերվում են ցուցակի առաջին մասին։
Այս ընտրություններին իրենց ցուցակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են ընդգրկել 4 կուսակցություն և 1 դաշինք։
Կուսակցությունների և դաշինքների ցուցակներում ընդգրկված որոշ թեկնածուների գրանցումը ԿԸՀ-ն մերժել է տարբեր պատճառներով։ Այսպես, ընդհանուր առմամբ ԿԸՀ-ն մերժել է 25 թեկնածուի գրանցում։
Մեկական թեկնածու՝ «Արդար Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի դեմոկրատական», «Հայաստանի եվրոպական» կուսակցություններից և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքից։ Երկուական թեկնածուի գրանցում մերժվել է «Միասնական հայրենիք» կուսակցությունից և «Ազատ հայրենիք» դաշինքից։ Երեք թեկնածուի գրանցում մերժվել է «Ազատություն» կուսակցությունից, չորս թեկնածու՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունից և ինը թեկնածու՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունից։
Մեկնաբանել