
Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են պատասխանատվության ենթարկել առողջապահության նախարարին
Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է թույլատրել արտադրական կանեփի մշակումն ու արտադրությունը: Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը: Ըստ նախագծի` արտադրական կանեփի արտադրությամբ կարող է զբաղվել միայն իրավաբանական անձը, որը ստացել է արտադրական կանեփի արտադրության լիցենզիա:
Նշենք, որ արտադրական կանեփի մշակությունը թույլատրվելու է միայն փակ տարածքներում՝ ջերմոցներում, տնկարաններում, սածիլանոցներում, որոնց ներկայացվող պահանջները սահմանվում են լիցենզավորման կարգում:
Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ստացած անձը կարող է զբաղվել ինչպես մշակությամբ և վերամշակմամբ միասին, այնպես էլ այդ գործողություններից մեկով:
Ընդդիմադիր և անկախ պատգամավորները քննադատեցին կառավարությանը նման նախագծեր արտահերթ նիստով ներկայացնելու համար: Տիգրան Ուրիխանյանը նկատեց` հանրությունն առանց այդ էլ թմբիրի մեջ է, այժմ էլ կառավարությունն ուզում է արտադրական կանեփի մշակման թույլտվություն տալ:
Պատգամավորների քննադատության հիմնական թեման, սակայն, զոհված զինծառայողների` Աբովյանի դատաբժշկական կենտրոնում հայտնաբերված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման պայմաններն էին:
Անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը նկատեց` մինչ այս պահը քաղաքական մեծամասնության պատգամավորներից որևէ մեկը չի անդրադարձել այդ դեպքին ու չի դատապարտել: Ըստ պատգամավորի` առողջապահության նախարարը պետք է պատասխանատվության ենթարկվի:
Մեկ այլ նախագծի զեկուցող Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանին ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն առաջարկեց վերադասի հետ միասին հրաժարական տալ:
«Դեպքի հետ կապված արդարացումներ չկան, ոչ մեկը չի փորձում արդարացնել եղելությունը: Երևի տեղյակ եք, որ կենտրոնի աշխատակիցները ազատվել են, ես վստահ եմ, որ դա մասնավոր դեպք է, չի կրում համակարգային բնույթ: Էսօր նաև տեղեկացա, որ քրեական գործ է հարոցվել, թող քննություն գնա, մեղավորներն իրենց արժանի պատիժը կրեն»,-ասաց փոխնախարարը:
Քննադատական ելույթով հանես եկավ նաև «Իմ քայլի» նախկին անդամ, այժմ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Թագուհի Թովմասյանը` ընդգծելով, որ զինվորների մարմինները ոչ պատշաճ պայմաններում պահելը վկայում է պետության վերաբերմունքի մասին, և սա ուղերձ է, որ որևէ մեկը չցանկանա զոհվել հայրենիքի համար:
Թովմասյանի ելույթից հետո նիստը վարող ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, որի խոսափողը միացված էր, ասաց` «իդիոտկա»: Լրատվամիջոցների հրապարակումներից հետո Թովմասյանը պահանջեց ներողություն խնդրել իրենից վիրավորանքի համար:
«Իմ ելույթում խոսում էի պղծված դիակների մասին, և որպես արձագանք նախագահողը իրեն թույլ է տալիս վիրավորական արտահայտություն իմ հասցեին: Տիկին Նազարյան, ամբիոնից պահանջում եմ` ներողություն խնդրեք Ձեր լկտի վարքագծի համար, այլապես շատ ավելի կոշտ եմ գտնվելու»,-ասաց Թովմասյանը:
Լենա Նազարյանն արձագանքեց` եթե չի խոսում իր զգացմունքներից, չի նշանակում, որ չի ցավում:
«Մենք էլ ենք մարդ ու մենք էլ համբերություն ունենք»,-ասաց նա:
Մեկնաբանել