
Ձեթ և շաքարավազ. գնաճի «առաջատարները»՝ մայիսին
Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա մայիսին, 2020 թվականի նույն ամսվա նկատմամբ, 5.9 % գնաճ է գրանցվել: Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալները վկայում են, որ սննդամթերքի գները շարունակում են ավելի մեծ տեմպով բարձրանալ, քան գնաճի միջին ցուցանիշն է: Ըստ խոշորացված ապրանքախմբերի՝ սննդի ոլորտում գնաճի «առաջատարներն են» շաքարավազն ու ձեթը:
Ապրիլին գրանցվել էր 6.2% գնաճ: Ու չնայած մայիսին տեմպը փոքր-ինչ թուլացել է, սակայն գնաճը մնում է բարձր մակարդակում և դուրս է Կենտրոնական բանկի նախանշած 4% թիրախից:
Հինգ ամիսների կտրվածքով՝ այս տարվա հունվար-մայիսին, 2020 թվականի նույն ամիսների համեմատ, գրանցվել է 5.5% գնաճ:
Տարեսկզբից գրանցվել են գնաճի հետևյալ ցուցանիշները:
Սննդամթերքի գներ
Այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 7.5%-ով:
Մասնավորապես.
- Բանջարեղենը թանկացել է 6.3%-ով,
- Միրգը՝ 0.4%-ով,
- Կաթնամթերքը, պանիրը և ձուն՝ 11.5%-ով, մասնավորապես՝ ձվի գինը բարձրացել է 46.1%-ով,
- Մսամթերքը թանկացել է 5.3%-ով,
- Շաքարը և շաքարավազը՝ 43.3%-ով,
- Յուղերը և ճարպերը՝ 33.4%-ով (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ կազմել է 84.4%)
- Ձուկը և ծովամթերքը՝ 14.4%-ով,
- Ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը՝ 8.7%-ով:
Ոչ պարենային ապրանքների գներ
2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ շուկայում ոչ պարենային ապրանքների 9% գնաճ է գրանցվել:
Մասնավորապես, բենզինը թանկացել է 49.6%-ով, դիզելային վառելիքը՝ 38.3%:
Ի դեպ, վառելիքը նաև տարեսկզբի համեմատ է թանկացել: 2020թ. դեկտեմբերի համեմատ բենզինը թանկացել է 21.6%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 32%-ով:
Ծառայությունների սակագներ
Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ արձանագրվել է սակագների 2.2% հավելաճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 0.2% նվազում:
Արտարժույթի շուկա
Այս տարվա մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 521 դրամ, ինչը 7.7%-ով բարձր է 2020թ. մայիսի համապատասխան ցուցանիշից (484.1 դրամ):
Տես նաև՝
Մեկնաբանել