HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ առաջիկա եռամսյակներում բարձր գնաճը կպահպանվի

Առաջիկա եռամսյակներում 12-ամսյա գնաճը (տարվա նշված ամիսը նախորդող տարվա նույն ամսվա համեմատ) կպահպանվի բարձր մակարդակում: Նման կանխատեսում են արել Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) մասնագետները 2020թ. չորրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը կազմելիս։  

Գլխավոր դրամատան վերլուծաբանները Հայաստանում ներկա գնաճի բարձր մակարդակը պայմանավորում են միջազգային ապրանքահումքային շուկաներում արձանագրվող գնաճով, որը հայաստանյան շուկա է փոխանցվում ներմուծման շղթայով։ Գնաճի վրա ազդել է նաև հայկական դրամի արժեզրկումը։ Գնաճի տեմպերը, ըստ ԿԲ-ի ներկայացրած կանխատեսումների գրաֆիկի, կնվազեն միայն այս տարվա վերջում և 2022 թվականի սկզբում՝ հասնելով 4%-ի միջակայքին։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 5.3% գնաճ։

2021թ․ կանխատեսվում է 1.4% տնտեսական աճ

Հայաստանի տնտեսությունը, ըստ Կենտրոնական բանկի ներկա կանխատեսումների, 2021 թվականին կգրանցի 1.4% տնտեսական աճ։ Նախորդ տարվա վերջում արված կանխատեսումների համեմատ, ըստ որի տնտեսական աճի համար նշվում էր 2%-ը,  այս անգամ ցուցանիշը վատթարացել է։ 

Նախորդ կանխատեսման համեմատ արդյունաբերության և ծառայությունների ճյուղերում ակնկալվում են ավելի դանդաղ վերականգնումներ։ Փոխարենը ավելի բարձր աճ է ակնկալվում շինարարության ոլորտում, որի հիմնական շարժիչ ուժը կարող են լինել կապիտալ ծախսերը՝ պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարությունը։

«Բացի այդ, կազմակերպությունների և բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը, չնայած դեռևս պահպանվում է ցածր մակարդակում, սակայն սկսել է որոշակի չափով վերկանգնվել»,- նշված է ԿԲ-ի հաշվետվության մեջ։ 

Գյուղատնտեսության ոլորտում նույնպես ավելի բարձր աճ է սպասվում։

 Անորոշությունն ու տնտեսությունը

2020 թվականին նախ համավարակի տարածման, հետո նաև Արցախում ռազմական գործողությունների ու դրան հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը բախվել է տնտեսական հեռանկարների հետագա ընթացքի վերաբերյալ զգալի անորոշությունների ավելացմանը։ Անորոշությունները փոխում են ինչպես բնակչության՝ տնային տնտեսությունների, այնպես էլ բիզնեսի՝ տնտեսվարող սուբյեկտների վարքագիծը. հետաձգում են պլանավորած ծախսերն ու ներդրումները։ Սա, գլխավոր դրամատան մասնագետների գնահատմամբ, կարող է էական ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման ներուժի ու երկարաժամկետ աճի հեռանկարների վրա։

ԿԲ-ն փորձել է տարբեր մոդելներով գնահատել անորոշությունների աճի ազդեցությունը միգրացիայի, արտադրողականության, աշխատուժի և այլ գործոնների վրա։

Բոլոր դեպքերում եզրակացրել են, որ անորոշությունները բացասական ազդեցություն են թողնում. մեծանում է միգրացիան, նվազում աշխատուժի առաջարկը, նվազում են տնային տնտեսությունների երկարաժամկետ ներդրումները, ձեռնարկությունների ռեսուրսների ոչ օպտիմալ տեղաբաշխում է տեղի ունենում, որի հետևանքով նվազում է նրանց արտադրողականությունը։

Մասնավոր հատվածի աշխատավարձի աճի տեմպը կդանդաղի

Հակառակ սպասվող բարձր գնաճին՝ մարդկանց եկամուտների, մասնավորապես աշխատավարձի բարձր աճ չի սպասվում։ Ինչպես կանխատեսում է Կենտրոնական բանկը, 2021 թվականին Հայաստանում մասնավոր հատվածի աշխատավարձի աճի տեմպը կդանդաղի և կձևավորվի 2.4%-ի միջակայքում։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով՝ այս տարվա փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 188 545 դրամ, մասնավորապես, պետական հատվածի աշխատավարձը՝ 166 223 դրամ, ոչ պետական հատվածինը՝ 199 638 դրամ։

Աշխատուժի նկատմամբ պահանաջարկը գնահատվում է թույլ։ Մյուս կողմից էլ գնահատվում է, որ միջազգային սահմանափակումների հետևանքով սեզոնային աշխատողների զգալի հատված հնարավորություն չի ունեցել մեկնելու արտագնա աշխատանքի, ինչի արդյունքում որոշակիորեն ավելացել է աշխատուժի առաջարկը ներքին շուկայում։ Դա ևս զսպող ազդեցություն կունենա աշխատավարձի աճի տեմպի վրա։

Ինչ վերաբերում է գործազրկությանը, ապա կանխատեսվում է, որ 2021 թվականին այն կպահպանվի նույն մակարդակում՝ կազմելով 18.6%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter