HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ներկա-բացակա` իշխանության ու ընդդիմության միջև

Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդդիմադիր և իշխանական պատգամավորները միմյանց մեղադրեցին աշխատանքի չգնալու և հարկատուների հաշվին ոչ արդյունավետ աշխատելու մեջ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հիշեցրեց հունիսի 3-ի բյուջետային քննարկումները, երբ երեք հանձնաժողովների համատեղ նիստին ԱԳ որևէ փոխնախարար չէր ներկայացել:

«Ընդամենը ֆինանսական վարչության պետն էր եկել Աժ և բավական տհաճ վիճակում էր հայտնվել, վերջինս կոմպտետենտ չէր, թե ինչ է կատարվում նախարարությունում, ինչ տեղակալներ կան, ով է նախարարի պաշտոնակատարը: Կարծում եմ` մինչև վերջին օրը եթե ԱԺ-ն աշխատում է, պետք է ինքներս մեզ հարգենք, պարոն Միրզոյան, ու այս հարցն աննկատ չթողնենք, ինչ է նշանակում զբաղվածության պատճառով որևէ փոխնախարար չի եկել»,- ասաց Մելքումյանը` դիմելով ԱԺ նախագահին: Ըստ Մելքումյանի` խորհրդարանի հանդեպ նման անհարգալից վերաբերմունքը անհետևանք չպետք է մնա, բացատրություն է պետք պահանջել ԱԳՆ-ից:

«Սա խոսում է այլ բանի մասին, որ պետական կատավարման համակարգը գնում է այսպես ասած նա նյետ»,- ասաց պատգամավորը:

Մելքումյանի ելույթին արձագանքեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը`ասելով, որ պետության կործանման մասին ակնարկողները թող զինվեն համբերությամբ: Վարդանյանը, դիմելով ԲՀԿ-ական Արման Աբովյանին, հարց ուղղեց, թե երբ են վերջին անգամ մասնակցել հանձնաժողովների, խորհրդի նիստերին:

«Ուզում եմ ԶԼՄ-ները ոչ միայն ամբիոնը ցույց տան, այլ` դահլիճը, որ ժողովուրդն էլ հասկանա` ով ինչով է զբաղվում»,- ասաց նա:

Արման Աբովյանն արձագանքեց` ինչպես նախկինում քանիցս ասել են այն օրակարգերը, որ ներկայացվում են պատերազմից հետո, հիմնականում չեն համապատասխանում այն իրավիճակին, որը տիրում է Հայաստանում:

«Գայինք արտադրական կանեփը քննարկեինք ձեզ հետ, չհամաձակվեք սրանից հետո մեզ ցուցում անեք՝ երբ գանք, ոնց քվեարկենք ու որտեղ մասնակցենք, ու մեծ հարց է` ով ինչ ժամանց է անցկացնում»,- ասաց Աբովյանը:

Վլադիմիր Վարդանյանը շարունակեց` բոլորն էլ աշխատավարձ են ստանում հարկատուների վճարած հարկերի հաշվին, բոլոր պատգամավորներն ունեն նույն լիազորություններն ու պարտականությունները, հետևաբար պարտավոր են հավասար աշխատել:

«Եթե մեկն առավոտից երեկո աշխատում է, մյուսը չկա, չի մասնակցում ո՛չ հանձնաժողովի, ո՛չ խորհրդի նսիտերին, ո՛չ էլ լիագումար նիստերին, հարց եմ տալիս` արդյոք դա նորմալ է, արդյոք համապատասխանում է երկրի շահերին ու չի հանգեցնում այն քննադատությանը, որ ԱԺ-ն ստանում է ամեն օր»,- ասաց Վարդանյանը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հիշեցրեց, որ երեկ ընդդիմադիրները պահանջում էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին պատասխանատվության ենթարկել, սակայն երբ Ավանեսյանը եկավ խորհրդարան, նիստերի դահլիճում որևէ մեկը չկար, որ այդ հարցն ուղղեր, և այդ մասին խոսեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասաց, որ պատգամավորները դժգոհում են, որ ինստիտուտները ոչ պատշաճ են մասնակցում բյուջետային քննարկումներին, սակայն հարց է՝ պատգամավորները պատշաճ են ներկայանում, թե ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter