HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Խաղաղություն, կրթություն, արդարություն․ «Հայաստան» դաշինքի առաջնահերթությունները

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը շտաբներ է բացել հանրապետության բոլոր շրջաններում։ Այս պահի դրությամբ բացվել է մոտ 800 ենթաշտաբ։ Այս մասին հունիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություների պաշտոնական քարոզարշավը։

Անդրադառնալով դաշինքի նախընտրական ծրագրին՝ Արմեն Գևորգյանը հայտնեց, որ դրա վերաբերյալ տարբեր ոլորտի մասնագետներից բազմաթիվ առաջարկներ են ստացել, որոնք  մանրամասն ուսումնասիրելու են, փորձում են ընդլայնել համագործակցության շրջանակը հանրապետության տարբեր շրջաններում ապրող մասնագետների հետ։ Գևորգյանը շեշտեց, որ դաշինքը մեծ պատրաստակամությամբ կընդունի նոր գաղափարներ ծրագիրը զարգացնելու համար, որոնք հետագաում գործադիր իշխանության շրջանակում կփորձեն իրականություն դարձնել։

Կուսակցության անելիքների մասին խոսելուց հետո Արմեն Գևորգյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնցից մեկն էլ վերաբերվում էր «Մարտի 1-ի գործին», որով անցնում էին դաշինիքի մի շարք ներկայացուցիչներ, մասնավորապես հենց ինքը՝ Արմեն Գևորգյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Հարցի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավարը նշեց, որ գործն ամբողջությամբ շինծու է եղել, ինչը հաստատվել է նաև Սահմանադրական դատարանի որոշմամբ։

Վերադառնալով քարոզարշավի թեմային՝ Արմեն Գևորգյանը հայտնեց, որ լինելու են Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում՝ Շիրակի մարզում, չնայած որ Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները հայտնել էին, թե իրենք թույլ չեն տալու մարզում քարոզարշավ իրականացնել։ Գևորգյանը տեղեկացրեց, որ բնակիչներին ներկայացնելու են իրավիճակի լուծման ուղիները, այդ պատճառով անհրաժեշտ են համարում զրուցել քաղաքացիների հետ։ Նրա խոսքով՝ լինելու են բացօթյա հավաքներ, և դահլիճային ձևաչափով կազմակերպված հանդիպումներ։

Անվտանգային հարցերի մասին խոսելիս Արմեն Գևորգյանը նշեց, որ բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկելու են և փորձելու Հայաստանի ու Արցախի համար ընդունելի լուծումներ գտնել, և այդ հարցում այլ առաջնահերթություն չունեն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու փաստին, Գևորգյանը նշեց, որ բանակցություններից բացի այլ խելամիտ տարբերակներ չեն տեսնում հարցի կարգավորման համար։ 

Ուժեղ Հայաստան ունենալու համար Արմեն Գևորգյանը նշեց երեք հիմնական ուղղություն, որոնց վրա աշխատելու է «Հայաստան» դաշինքը, եթե գա իշխանության․ խաղաղություն, կրթություն, արդարություն։ Այս ամենի հետ մեկտեղ, Արմեն Գևորգյանը նշեց, որ դեռևս չեն կողմնորոշվել կառավարության կազմի վերաբերյալ, քանի որ բացի իրենց դաշինքի կազմից ցանկանում են մասնագետներ ներառել տարբեր ոլորտներից, որոնք պատրաստ կլինեն «Հայաստան» դաշինքի հետ ճանապարհ անցնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter