HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մանկավարժական կրթություն չունեցողներին ևս հնարավորություն կտրվի դասավանդել դպրոցում

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ըստ առաջարկի` եթե երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:

Նախագծի հիմնական զեկուցող Մխիթար Հայրապետյանը նշեց, որ ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված՝ առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների` կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը:

«Այն դպրոցներում, որտեղ հայտարարված մրցույթին 2 անգամ չեն դիմի, և հաստիքը կմնա թափուր, այն մասնագետները, որոնք չունեն մանկավարժական բազային կրթություն, բայց ունեն մասնագիտական հմտություններ և այն հմտությունները, որոնք կարող են իրենց թույլ տալ դասավանդել, կրթել երեխաներին հանրակրթական ուսումնական հաստատություններում, ապա անցնելով պետական լիազոր մարմնի կողմից մշակվող, առաջարկվող կրթական ծրագիրը և հաղթահարելով մրցույթը՝ հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում»,- ասաց նա:

Մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ասելով՝ նախագծի հեղինակը նկատի ունի մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ձևավորող մոդուլները:

Ըստ Հայրապետյանի` «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է միջնակարգ կրթության ուսումնական հաստատությունների ուսուցչական կազմում նոր մասնագետներ ընդգրկելու ընթացակարգը բարելավելու հրատապությամբ, քանի որ գործող օրենքով սահմանված պայմանները բավականաչափ ճկուն չեն՝ ուսուցչի թափուր տեղը կամ ուսուցչական անձնակազմը համալրելու համար։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2019/2020 թ․ ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների քանակը 31 018-ն է։ Նրանցից 28 768 ուսուցիչ ունի բարձրագույն կրթություն, 362-ը՝ թերի բարձրագույն, 1 774-ը՝ միջին մասնագիտական, 114-ը՝ միջնակարգ։ Մանկավարժական կրթություն ունեն 23 300-ը։ Ուսուցիչների 58.6 %-ը տարիքով 45-ից բարձր են, ընդ որում՝ 60 տարեկանից բարձ ուսուցիչների տոկոսը 22.7% է կազմում:

2020 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ հանրապետության 9 մարզի 101 դպրոցում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության պատճառով։ Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք։

Ըստ նախագծի հեղինակի` իրավիճակը հատկապես խնդրահարույց է բնագիտական առարկաների մասով:

Հիշեցնենք, որ մեր հրապարակմամբ անդրադարձել էինք, որ 2020-2021 ուսումնական տարում ոչ մի դիմորդ չի ընտրել ֆիզիկա մասնագիտությունը մանկավարժական մասնագիտացում ունեցող բուհերից որևէ մեկում:

2019-2020 թ. ուսումնական տարում հանրապետության 32 դպրոցում ֆիզիկա առարկա չի դասավանդվել, նույնքան դպրոցներում էլ՝ քիմիա, երեք դպրոցում չի դասավանդվել մաթեմատիկա առարկան:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 77 կողմ ձայնով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter