HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մհեր Գրիգորյանի գրասենյակը վերահաստատում է՝ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները չեն շարունակվում

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն այսօրվա դրությամբ չեն շարունակվում։ Այդ մասին «Հետք»-ի՝ 2021 թվականի մայիսի 31-ի հարցմանն ի պատասխան հայտնել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ «Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն այսօրվա դրությամբ չեն շարունակվում՝ հաշվի առնելով սահմանին տիրող իրավիճակը»,- նշվում է հարցման պատասխանում։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարված իրավիճակ է ստեղծվել, քանի որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի (Սև լճի մոտակայքում) և Գեղարքունիքի (Վարդենիսի տարածաշրջան) մարզերում առաջ են եկել և տեղակայվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Օրեր շարունակ կողմերի միջև բանակցություններ են ընթանում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, սակայն դեռևս ապարդյուն։ Մայիսի 27-ին էլ ադրբեջանական կողմը գերեվարել էր 6 հայ զինծառայողների։ 

Պատասխանելով մեր այն հարցին, թե վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմի հետ քննարկվում է «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը, որով Ադրբեջանը պետք է կապվի Նախիջևանի հետ, փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակը վերահաստատել է ավելի վաղ Մհեր Գրիգորյանի այն խոսքերը, որ Հայաստանի Հանրապետությունը «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր չի քննարկել և չի քննարկելու։ Իսկ Սյունիքի մարզի տարածքով երկաթուղային հաղորդակցության ստեղծման վերաբերյալ Ալիևի հայտարարություններին ի պատասխան՝ Գրիգորյանը հայտարարել էր, որ առավել տեսանելի կարելի է համարել Խորհրդային Միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանցով հավասար իրավունքներով ու պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները։ 

Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը հավելում է, որ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների շարունակման պարագայում դրանք կծավալվեն այս հնարավորությունների շուրջ։  

Փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակի ղեկավարի խոսքերով՝ եռակողմ աշխատանքային հանձնաժողովի հանդիպումների համար պաշտոնական արձանագրություններ չեն կազմվել, իսկ հանդիպումների արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացվել է Կառավարության տարածած հաղորդագրությունների միջոցով։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ աշխատանքային խումբը ստեղծվել է 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների համատեղ հայտարարությամբ։ Աշխատանքային խումբը զբաղվելու էր տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի քննարկմամբ։

2021 թվականի հունվարի 30-ի Կառավարության հաղորդագրության համաձայն՝ Մոսկվայում կայացել էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշել էին ստեղծել փորձագիտական ենթախմբեր:

Ենթախմբերի ձևավորումը նախատեսված էր ավարտել մինչև փետրվարի 2-ը, իսկ առաջին նիստը անցկացնել մինչև փետրվարի 5-ը: ՀՀ վարչապետի 2021 թվականի փետրվարի 4-ի 95-Ա որոշմամբ հաստատվել էր աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման հանձնաժողովը, որտեղ ներառված էին  հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ՊՆ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ Էդվարդ Ասրյանը (խմբ. 2021 թվականի մայիսի 21-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետ տեղակալ), ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ Ս. Սարգսյանը, հանձնաժողովի քարտուղար, ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ Արթուր Գրիգորյանը։

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ մինչև փետրվարի 2-ը կողմերը պետք է ստեղծեին աշխատանքային ենթախմբեր։ Այսպես, վարչապետի նույն որոշմամբ ստեղծվել էին երկու ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով աշխատանքային ենթախումբը և փոխադրումների անվտանգ ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և այլ տեսակի հսկողության հարցերով աշխատանքային ենթախումբը։ Առաջին ենթախմբում ներառվել էին աշխատանքային ենթախմբի ղեկավար, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՊՆ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ Էդվարդ Ասրյանը, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ Ս. Սարգսյանը, ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ Արթուր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Տ. Գասպարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ավտոտրանսպորտային ծրագրերի ղեկավար Կ. Բադալյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Մելնիկովը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օ. Շատալովը և աշխատանքային ենթախմբի քարտուղար, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջազգային կապերի վարչության պետ Լիլիթ Սարոյանը։

Աշխատանքային երկրորդ ենթախմբում ներառված են եղել աշխատանքային ենթախմբի ղեկավար, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ԱԳՆ միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության երկկողմ միջազգային պայմանագրերի բաժնի պետ Վահագն Փիլիպոսյանը (խմբ. ներկայումս՝ ԱԳՆ Միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ), ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ Ս. Սարգսյանը և աշխատանքային ենթախմբի քարտուղար, ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մ. Մարտիրոսյանը։ 

«Հետք»-ի այն հարցին, թե աշխատանքային հանձնաժողովի կամ նրա ենթախմբերի աշխատանքներին ներգրավված են արդյոք անկախ փորձագետներ, փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը բացասական է պատասխանել։ Վերջինս նշում է, որ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումները կայացել են Մոսկվայում, որոնցից մեկը առցանց ձևաչափով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter