
Դադարեցվել է «Նիգ մայնինգ» ՍՊԸ-ի` Խդեբանցի ոսկու հանքերևակման տարածքի ընդերքօգտագործման իրավունքը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հրամանով` դադարեցվել է Սյունիքի մարզի Խդեբանցի ոսկու հանքերևակման տարածքի ընդերքօգտագործման իրավունքը, որը տրամադրվել էր «Նիգ մայնինգ» ՍՊԸ-ին:
Ընկերությունը կուտակել է շուրջ 2,5 մլն դրամի պարտք շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի մասով: Շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը` կենտրոնական գանձապետարանում լիազոր մարմնի անվամբ բացված արտաբյուջետային հաշվին ընդերքօգտագործողների հատկացրած գումարներն են, որոնք ուղղվում են խախտված հողերի վերականգնմանը, այն է` ռեկուլտիվացիային:
Դրամագլխին գումար չվճարելու փաստը Ընդերքի մասին օրենսգրքի և օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի պարտավորությունների խախտում է դիտարկվել:
Ընկերությանն այդ մասին զգուշացում է ուղարկվել, սակայն վերջինս չի վերացրել խախտումը: Այնուհետև հարուցվել է վարչական վարույթ, նշանակվել են լսումներ, որին, սակայն, ընկերության որևէ ներկայացուցիչ չի մասնակցել, չնայած պատշաճ ծանուցվել է:
Սուրեն Պապիկյանի հրամանից տեղեկանում ենք, որ 2018թ. երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու պայմանագրից բացի, «Նիգ մայնինգ»-ին տրվել է նաև օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն: Այս հրամանով նաև այդ թույլտվությունն է ուժը կորցրած ճանաչվել:
Խդեբանցի հանքերևակումը տեղակայված է Շվանիձոր գյուղից 7 կմ դեպի հյուսիս և Լիճք գյուղից 20 կմ դեպի արևելք: Ընկերությունը 5.3 կմ2 ուսումնասիրելու հավակնություններ ուներ։ Խդեբանցի հանքերևակման դաշտի երկրաբանական ուսումնասիրությունների համար հայցվող տարածքը հարավում սահմանակից էր «Արևիք» ազգային պարկին: Այդ փաստն արձանագրվել էր ընկերության` Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտում:
Քանի որ այս ընկերությանը տրամադրվել էր ընդերքօգտագործման թույլտվություն, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում ստանձնած պարտավորությունների հիմքով, ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքում հրապարկվել է նաև ընկերության իրական սեփականատերերի հայտարարագիրը: Ըստ դրա` 2017 թվականի ամռանը հիմնադրված «Նիգ մայնինգ» ՍՊԸ-ի բաժնետերը Վարդգես Հարությունի Ասլանյանն է՝ գրանցված Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:
Մեկնաբանել