HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արևիկ» ազգային պարկի հարակից տարածքում ոսկի են որոնելու

Սյունիքի մարզի Խդեբանցի հանքերևակման տարածքում 2018-2020թթ. երկրաբանահետախուզական աշխատանքներ են կատարվելու՝ գնահատելու հանքավայրի ոսկու պաշարները:

2017 թվականի ամռանը հիմնադրված «Նիգ մայնինգ» ՍՊԸ-ն Բնապահպանության նախարարություն է ներկայացրել նախագիծը, որով նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքների տարածքն ընդգրկում է Մեղրու տարածաշրջանի հարավ-արևելյան մասը. հյուսիս-արևելքում սահմանափակվում է Մեղրու լեռնաշղթայով, հարավում` Արաքս գետով, արևմուտքում` Կամաքարի լեռնաշղթայով: Տեղանքը լեռնային է, խիստ կտրտված ռելիեֆով: Ուսումնասիրվելիք հանքերևակումը գտնվում է լեռնաշղթայի բարձրադիր մասերում և կապված է բնակավայրերի հետ` գրունտային և ասֆալտապատ ավտոճանապարհներով:

Ավելի կոնկրետ՝ Խդեբանցի հանքերևակումը տեղակայված է Շվանիձոր գյուղից 7 կմ դեպի հյուսիս և Լիճք գյուղից 20 կմ դեպի արևելք: Այն զբաղեցնում է 5.3 կմ2 տարածք։

Խդեբանցի հանքաերևակման համար ուսումնասիրվող տարածքը գտնվում է Հայաստանի Մեղրու ֆլորիստիկ շրջանի հարավային հատվածում և գրավում է Մեղրու լեռնաշղթայի գագաթնամերձ տարածքները՝ ծովի մակերևույթից 1600-ից 2500մ բացարձակ բարձրությունների վրա, որով էլ պայմանավորվում է հանքաերևակման դաշտի կենսաբազմազանությունը:

Չնայած նախագծում նշվում է բուսական աշխարհի բազմազանության, ինչպես նաև էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված  տեսակների մասին, որոնց ընդհանուր թվաքանակը 1680  է, որից 26-ը բնաշխարհիկ, իսկ 112-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, այդուհանդերձ, ընկերությանը համոզված է, որ որևէ վնաս բնությանն իրենց գործունեությամբ չեն տալու: Ավելին, արձանագրվել է, որ լայնատերև խիտ անտառները, առանձին ժայռային ցցվածքները, արագընթաց գետակներով նեղ, խորը կիրճերը, խոնավ բացատները, քարքարոտ, զառիվայր լանջերը լավ ապաստարան են տարածաշրջանում բնակվող կենդանական աշխարհի համար: Հատկապես բազմազան է անողնաշարավորների ֆաունան:    

«Խդեբանցի հանքերևակման  դաշտի տարածքում իրականացված դաշտային այցելություններով, ինչպես նաև առկա գրականական տվյալների համադրմամբ և նույնականացմամբ եզրակացված է, որ անմիջապես նախատեսվող գործունեության տարածքում առանձնահատուկ պահպանության կարիք ունեցող, վտանգված, խոցելի, անհետացման եզրին գտնվող և ՀՀ Կարմիր գրքում կամ ԲՊՄՄ կարմիր ցուցակում գրանցված բուսատեսակները բացակայում են,- նշվում է նախագծում,-Խդեբանցի հանքերևակման դաշտի երկրաբանական ուսումնասիրությունների համար հատկացված տարածքում ուսումնասիրությունների ժամանակ կենդանիների ցամաքային միգրացիոն ուղիներ և գոտիներ, ինչպես նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեսակներ չեն հայտնաբերվել»: 

Խդեբանցի հանքերևակման դաշտի երկրաբանական ուսումնասիրությունների համար հայցվող տարածքը հարավում սահմանակից է «Արևիկ» ազգային պարկի տարածքին, հարավ-արևելքում և հյուսիս-արևմուտքում հայցվող տարածքի և ազգային պարկի սահմանները հեռու են իրարից:

«Նիգ մայնինգ» ՍՊԸ-ի բաժնետերը 24-ամյա Վարդգես Հարությունի Ասլանյանն է՝ գրանցված Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: «Նիգ մայնինգ» ՍՊԸ-ի գրանցման օրը՝ 2017 թվականի հուլիսի 6-ին նույն հասցեում՝ Խորենացի 27, 64-րդ բնակարանում, գրանցվել է «Վիվա մայնինգ» ՍՊԸ-ն, որը, անվանումից կարելի է ենթադրել, որ նույնպես հանքարդյունաբերությամբ է զբաղվելու: 

«Վիվա մայնինգ» ՍՊԸ-ի բաժնետերն էլ Անուշ Կառլենի Հովհաննիսյանն է՝ նունպես գրանցված ընկերության հասցեում: Անուշ Հովհաննիսյանի հետ նույն հասցեում է  ապրում 38-ամյա Մուշեղ Վարդգեսի Ասլանյանը, ըստ ամենայնի՝ Անուշ Հովհաննիսյանի որդին է:  

Մեկնաբանություններ (2)

Մինաս
Իսկապես, ինչու մեկը չի ֆայմում հարցնի, թե այ տատի ջան, ոսկու հանքի հետ դու ինչ գործ ունես, կամ ոնց ես իմացել որ էտ ինչ քամբախում ոսկի կարող է լինել? Սա պարզապես նշանակում է, որ գործ ունենք պետական մակարդակի կոմիզմի հետ: Իսկ ինչու են այդ հեր օրհնած փողատերերն ու «ձեռներեցները» թաքնվում իրենց անմեղ ու անտեղյակ տատիկների քամակին, եթե մաքուր մարդիկ են? Իսկ գուցե այսպիսի վերսիա արժե քննարկել- հանքը բացում էս, տուշն ու աղմուկը գցում առասպելական պաշարների մասին, վարկեր ու պարտքեր վերցնում ու ... մեջտեղից ցրվում: Թող խեղճ նանեին միջազգային դատարան քարշ տան! Սրանից էլ լավ բիզնես ծրագիր!
Գեւորգ Կիրակոսյան
Իսկ էտ անուշիկներին մեկը չի հարցնում թե մինչեւ հիմա իրենք ինչով են զբաղվել, քանի տեղ են ոսկի գտել? Էս ազգն օրն օրի վրա խելառվում է աչքիս, պարապությունից ու պակասությունից է երեւի, կամ ագահության վիրուս է ընկել մեջներս: Ջեկ Լոնդոնի «Ոսկու տենդը» - ն եմ հիշում ակամա,՝ որտեղ գրագիր, ձախորդ հաշվապահ, գրագետ ու անգրագետ, համբալ ու ինտիլիգենտ թողնում են իրենց գործն ու քլունգ, լոպատկա առած, նետվում դեպի Ալյասկա ու «Էլդորադո»: Կեսը ճամփեքին են սառում, մյուսները սովից են կոտորվում, բայց գնում ու գնում են - սառուցյալ երկիրը քանդելու ու հարստանալու ...իսկ մեր երկիրը սառուցյալ չէ, քանդողներն էլ էքսկավատորներով են ոչ թե քլունգով: Երբ խելքի կգան հայերը?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter