HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տիգրան Մեծի Հայաստանը սրտում պատկերված եմ գնում, ինձ հաղթել չի լինի, էն էլ՝ Նժդեհի ոգով»․ ճակատ մեկնելուց առաջ գրել էր Վաչագան Մանուկյանը

2001 թ. Ամանորից մի քանի րոպե առաջ 10-ամյա Վաչագանը պատուհանից երկնքին էր նայում: Նա Աստծուց խնդրել էր իրեն սխրանք գործելու հնարավորություն տալ:

Տարիներ անց՝ որդուն կորցնելուց հետո, հայրը՝ գրող Խաչիկ Մանուկյանը, գտել է նրա երազանքի մասին տողերը: «Ես չէի կարող պատկերացնել, որ իմ ճուտը 10 տարեկանում էսպիսի երազանք է ունեցել»,- ասում է հայրը:

Մեր զրույցը ծովի մակընթացության ու տեղատվության նման է: Խաչիկ Մանուկյանի ձայնը մերթընդմերթ երերում է հուզմունքից, խզվում: Երբեմն արագ մաքրում է թաց աչքերն ու մի փոքր դադար առնում խոսելիս: Իսկ այդ դադարները չափազանց ծանր են, որտեղ լցվում են անպատասխան հարցեր:

Խաչիկ Մանուկյանը մեզ է նվիրում նոր հրատարակած գիրքը՝ «Ազգային հերոս. Վաչագան Մանուկյան»: Այդտեղ Վաչագանի ընկերների, հարազատների ու նրան ճանաչողների մեկնաբանություններն են նրա մասին: Հատկապես հիշարժան են Վաչագանի զինակից ընկերների պատմությունները: Դրանք նրա կյանքի վերջին օրերի մասին են: Եվ հիմա հայրը փշուր առ փշուր հավաքում է դրանք՝ փնտրելով որդուն ճանաչած զինակիցներին։

Էջմիածնի երկհարկանի տան բակում պտղատու ծառերը սովորաբար ջրում էր ավագ որդին՝ Վաչագանը։ Հիմա գուցե ծառերն էլ զգում են նրա բացակայությունը, ինչպես տան ամեն անկյունը։

Հյուրասենյակում Վաչագանի հուշանկյունն է։ Այստեղ նրա մասին հոդվածներն են, գրքերը, լուսանկարները, նրան նվիրված բանաստեղծական տողերը։ Ընդարձակ սենյակում լուսանկարից նայում է Վաչագանը՝ բարի ու մի տեսակ ներողամիտ ժպիտով։

Դեռ դպրոցական տարիներից ստեղծագործում էր՝ գործերը ներկայացնելով տարբեր հանդեսների: Իսկ գրող հայրը տեղյակ էլ չէր այդ մասին։ 2017 թ․ լույս է տեսել նրա «Երբ խզբզում եմ» գիրքը: «Երբ հրատարակում էր, հրատարակիչներին չէր ասել, որ իմ տղան է: Նրանցից մեկն իմ ընկերոջը՝ Էդիկ Հախվերդյանին, ասել էր, թե գիտես Էջմիածնից մի տղա էր եկել, տաղանդավոր տղա է, ճանաչո՞ւմ ես՝ Վաչագան Մանուկյան: Էդիկն էլ ասել էր, որ Խաչիկ Մանուկյանի տղան է,- հիշում է հայրը, ապա փոքր դադարից հետո ավելացնում,- եթե անգամ որեւէ խնդիր ունենում էր, չէր ասում, ինքնուրույն էր, ինքնիշխան մարդ էր, իր ճանապարհն ինքն էր կերտում»:

Վաչագանը, Երեւանի մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետն ավարտելով, զորակոչվել էր բանակ: Ծառայության ժամանակ դասակի հրամանատար էր նշանակվել: Սա հազվադեպ հանդիպող երեւույթ է, սովորաբար ժամկետային զինծառայողները միայն ջոկի հրամանատար են լինում: Հրետանավոր Մանուկյանը պարգեւատրվել էր «Գարեգին Նժդեհ» մեդալով, կրծքանշաններով ու պատվոգրերով:

«Ազգային հերոս. Վաչագան Մանուկյան» գրքում նրա ծառայակից ընկեր Վալոդ Վարդանյանը պատմել էր ծառայության տարիներից: Ասում է՝ ծառայության ժամանակ ընկերն արդեն հերոսի պես էր իրեն դրսեւորել: Գնդում բոլորը ճանաչում էին Վաչագանին: Երբեք թույլ չէր տալիս, որ նեղացնեն կամ ծաղրեն թույլերին:

«Հիշում եմ՝ երբ սպաներից մեկը, որ հայտնի գեներալի ազգականներից էր, վիրավորում էր մի զինվորի, հանկարծ հայտնվեց Վաչագանը, որ ջոկի հրամանատարն էր, հետագայում՝ նաեւ դասակի, եւ սպային դուրս հրավիրեց: Սպան շարունակեց հայհոյել զինվորին եւ Վաչագանի հարվածից հետո տապալվեց գետնին: Տանել չէր կարողանում հայհոյանքը եւ հայհոյախոս սպաներին ստիպում էր ներողություն խնդրել զինվորներից: Վաչագանին հերթական պարգեւը հանձնելով՝ գնդի հրամանատարն ասաց՝ մինչեւ զորացրվելը Մանուկյանը ոտքից մինչեւ ուսադիրը մեդալներով է զարդարվելու»,- պատմել է ծառայակից ընկերը:

Վաչագանը Քարվաճառում մարտական հերթապահություն էր իրականացնում: Ընկերոջ խոսքով՝ այնպիսի բարձր մակարդակով էր իրականացնում, որ ծառայության ողջ ընթացքում նրա զինվորները չնչին վրիպումներ անգամ չունեցան:

«Երբ գնդի հրամանատարն ասաց, որ իրեն արձակուրդ ուղարկելու որոշում է կայացրել, Վաչագանը բոլորիս ներկայությամբ հարց-խնդրանքով հրամանատարին դիմեց.

-Կարո՞ղ եմ իմ փոխարեն իմ զինվորներից մեկին ուղարկել:

-Իհարկե, կարող ես,- եղավ հրամանատարի պատասխանը:

Նա ընտրեց ամենակարիքավոր ընտանիքի զինվորներից մեկին, որի հայրը հիվանդ էր, որի ծառայության ընթացքում այցելողներ չկային, եւ այն եզակիներից էր, որին ծանրոցներ չէին ուղարկում: Վաչագանն, իր արձակուրդը նրան տրամադրելով, ասաց.

-Վերադարձիդ արգելում եմ թեկուզ մի կոնֆետ հետդ բերես:

Ընդունված էր՝ արձակուրդ գնացողներին իրենց հետ քաղցրավենիքներ եւ տարբեր մթերքներ էին բերում՝ ով ինչքան կարող էր: Իր զինվորի կարիքավոր ընտանիքին այդ հոգսից ազատելու համար նա այդպես խստորեն արգելեց որեւէ բան վերադարձին բերելը»:

Բանակից վերադառնալուց տարիներ անց՝ 2018 թ., Վաչագանն ընդունվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրա: 2021 թ. հունվարին թեզի պաշտպանությունը պետք է լիներ, բայց չհասցրեց…

Պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Վաչագանը ներկայացել էր Էջմիածնի զինկոմիսարիատ եւ կամավորագրվել: Սակայն նրան այդ օրը եւ հաջորդ օրերին չէին կանչել: Դա նրան անհանգստացնում էր, անընդհատ գնում-գալիս էր զինկոմիսարիատ՝ հետաքրքրվելով, թե իրեն երբ կտանեն: Հոկտեմբերի 21-ին զինկոմիսարիատ գնացել էր զայրացած՝ պահանջելով իրեն ռազմաճակատ ուղարկել:  

«Տիգրան Մեծի Հայաստանը սրտում պատկերված եմ գնում, ինձ հաղթել չի լինի, էն էլ՝ Նժդեհի ոգով… Բայց եթե մի չար հրաշքով այլեւս չլինեմ, իմ ընտանիքից, հարազատներից սկսած ուզում եմ, որ ամենքդ ձեր ներսում կրեք ԼՈՒՅՍԸ. դա շատ կարեւոր է հենց խաղաղության ժամանակ»,- գրել էր նա պատերազմ գնալուց առաջ:

Հոկտեմբերի 24-ին Վաչագանը Էջմիածնից մեկնել է ճակատ՝ իր հետ վերցնելով 10 բահ՝ խրամատ փորելու համար: Բայց նա մեկնել է առանց զինկոմիսարիատի համաձայնության: «Ինքն ուղղակի խցկվել է ավտոբուս, երբ ընկերը մոտեցել էր՝ ավտոբուս բարձրանալու եւ իր հետ մեկնելու, պարզապես հրել է ընկերոջը, թույլ չի տվել, որ գնա»,- ասում է Խաչիկ Մանուկյանը:

Հոր հետ վերջին հրաժեշտ այդպես էլ չի եղել: Միայն Արցախ հասնելուց հետո է զանգահարել՝ ասելով, թե հանկարծ չմտածի, ամեն ինչ լավ է լինելու: Խաչիկ Մանուկյանն ասում է՝ անընդհատ ուզում էր ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, ու ինքը մարտական գործողություններից հեռու է, չնայած դրանց կիզակետում էր: «Իմ հիվանդությունը կար, խնայում էր ինձ»,- ծխախոտի ծխի պես շղարշով է պատվում զրույցը: Եվ որքան մոտենում ենք պատերազմական գործողություններին, այնքան ծանրանում է հարց տալը: Դժվար է՝ ցավից լուռ մղկտացող մարդու դիմաց նստել եւ բարձրաձայն խոսել այդ ցավի մասին:

Հոկտեմբերի 26-ին Վաչագանը Մատաղիսի դիրքերում է եղել: Իր հետ վերցրած բահերով խրամատներ է փորել տվել հերթափոխի զինվորների համար: «Տղաները պատմում են, որ եւ՛ սննդի, եւ՛ ջրի խնդիր են ունեցել: Ասում են՝ Վաչագանը որ եկավ, ջրի խնդիրը լուծեց այս ձեւով՝ գետից ջուր էր բերում, եռացնում, եւ խմում էին այդ ջուրը: Սնունդն էլ ոչ բավարար քանակով էին հասցնում: Մի կարճ երշիկը 5 հոգու միջեւ էր բաժանվում, իսկ երկրորդ գծում սնունդն այնքան առատ էր, նույնիսկ փչացել էր: Դա անկազմակերպվածության հետեւանք է»,- նշում է հայրը:

«Ընդամենը 4 օր եմ իր ընկերությունը վայելել, բայց այդ 4 օրն ինձ համար ճակատագրական եղավ: Նա կարողացավ ամրացնել եւ հաղթական ոգով լցնել մեր ոգիները: Տղաներից շատերն էին տագնապների մեջ, եւ ես էլ ինչ-որ չափով զգուշանում էի, մանավանդ, որ գումարտակի հրամանատարն ասել էր՝ բահն էլ ինքնաձիգի պես կարեւոր է, եթե չհասցնեք պաշտպանական խրամատներ փորել, ուրեմն, ձեր կյանքը վտանգված է: Կային որ լքում էին իրենց վստահված դիրքերը, բայց այնտեղ, որտեղ հայտնվում էր նա, րոպեներ անց բոլորին տրամադրում էր հաղթական պայքարի: Վաչագանի ինքնավստահությունը, հավատն ու քաջությունը վարակիչ էր»,- գրքում պատմել է մարտական ընկերներից Գարիկ Սահակյանը:

«Մեծ Շենի մոտակա անտառում հանդիպեցինք Վաչագանին: Նա կամավորականների խմբի հետ էր: Մեզ նկատելով՝ ժպտաց, եւ մենք վստահությամբ իրենց մոտեցանք:

-Ձեզ մենակ չեմ թողնի,- ասաց:

Նրա գալուց առաջ մենք կորուստներ ունեցել էինք, զինվորների մի մասը տագնապների մեջ էր, մի մասն անորոշությունից էր նեղվում, թերի սնվելուց շատերը հյուծվել էին: Անհնար էր նրա շուրջը չհավաքվելն ու իր մտքերն ու դատողությունները չլսելը: Մեր Հայրենիքի, մեր արքաների մասին նրա պատմությունները մի այլ կարգի ուժ ու ոգեղենություն էին հաղորդում: Նա կարողացավ մեր մեջ արթնացնել մեր հաղթական ոգին եւ բոլորիս պայքարի մղել»,- պատմում է զինակից ընկերներից Ռազմիկ Չոմարյանը: Շուշիի մարտերից առաջ Վաչագանն իր անձնական իրերով կապոցը թողել էր նրա մոտ՝ ասելով, որ մինչեւ վերջ կռվելու է, չի նահանջելու:

«Ամենաթեժ պահերին էլ տրամադրությունը չէր փոխվում, կարծես, վստահ էր, որ ինքն անմահ է: Հիմա էլ իր կանչին՝

-Ո՞վ ա քո ամենալավ ընկերը….

Նույն պատասխանն եմ տալիս՛

-Վա՜չը…»,- մարտական ընկերոջ մասին հուշն այսպես է ավարտում Ռազմիկը:

«Վաչագանն այն հզոր ու քաջ հայերից է, ով պատերազմի ծանրությունը չթողեց միայն ժամկետային ծառայողներիս ուսերին: Նա այդպես էլ ասաց՝ եկել եմ, որ Հայրենիքիս հետ նաեւ ձեզ պաշտպանեմ, որ թշնամու դեմ միայնակ չմնաք»,- Վաչագանի մարտական ընկերներից Արթուր Կարապետյանն է նշել:

Նոյեմբերի 5-ի գիշերը Վաչագանենց տանում են Շուշի: Հայրն ասում է՝ ուրիշ խմբեր պիտի գնային, սակայն հրաժարվել էին: Եվ տեսնելով կամավորական ջոկատներում խիզախների՝ նրանց էին տարել՝ ասելով, թե 30-հոգանոց դիվերսիոն խումբ է մտել Շուշի, պիտի «սրբեն»: Երբ հասել են տեղ, հասկացել են, որ խաբվել են:

«Վաչագանը տեղեկություն չի ունեցել, որ այնտեղ դիպուկահարներ էին դիրքավորվել, եւ դրանց հետ չէին կարող կռիվ մղել ինքնաձիգներով: Այդ գիշեր Վաչագանենց գումարտակին հաջողվել է թշնամու մի հենակետ ոչնչացնել, եւ իրենց թվացել է, թե հաջողվելու են նաեւ հետագա գործողությունները: Իսկ լուսաբացին նրանց լուրջ հարվածներ են հասցրել: Գումարտակը նահանջել է, սակայն Վաչագանը, Արմավիրից մեկը, եւս երկու կամավորական առաջացել են՝ ժամկետային զինծառայողներին ասելով, որ հետ գնան»,- նշում է հայրը:

Նոյեմբերի 7-ին Շուշիից կրակոցների տակ Վաչագանը վիրավոր է տեղափոխել Ստեփանակերտի հոսպիտալ: Խաչիկ Մանուկյանը պատմում է, որ զինվորականներից մեկը՝ մայոր Ղազարյանը, ով ճանաչում էր Վաչագանին, մոտեցել եւ խնդրել է Շուշի չգնալ, այլ մնալ Ստեփանակերտում «էսինչ հատվածը պահելու», սակայն Վաչագանը հրաժարվել է՝ ասելով, թե «չէ, ես Շուշիից կպահեմ»։

Վաչագանը վերջին անգամ ընտանիքի հետ խոսել է նոյեմբերի 5-ին։ Եղբորն ասել է, որ մի քանի օր չի զանգի։ Խաչիկ Մանուկյանն ասում է. «Ենթադրում եմ՝ մտածում էր, որ Շուշիի գործողությունը կվերջացնի, կգա, նոր կզանգի»։

Վաչագանը զոհվել է նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մատույցներում։ Որդու խոցման մասին Խաչիկ Մանուկյանն իմացել է նոյեմբերի 17-ին։ Մինչ այդ ամենուր նրան էին փնտրում։ Հայրն ասում է՝ ամեն ցուցակ նայում էր, բացի մեկից՝ գերիների, որովհետեւ վստահ էր՝ որդին, եթե նույնիսկ զենք չունենար ձեռքին, պարզապես կկրծեր թշնամու կոկորդը, բայց գերի չէր ընկնի։

-Եթե իմանայիք, որ վերջին անգամ եք խոսում նրա հետ, ի՞նչ կասեիք։

-Նոյեմբերի 5-ին մենք 10 վայրկյան խոսեցինք։ Ենթադրում եմ, որ չէր ուզում, որ լսեի պայթյունների ձայները։ Վերջին բառերն ասացի նրան՝ մեռնեմ ջանիդ։ Կարոտի մի պահ էր, հետո ինքս ինձ վրա զարմացա, որ նման բառեր ասացի։ Իրար հետ երբեք այդպես չենք խոսել։ Հետո մտածում էի՝ ինչի՞ համար ասացի,- պատասխանում է հայրը, որ միայն որդու զոհվելուց հետո է իմացել, որ նա մարտական գործողությունների թեժ կետերում է եղել։

Հուլիսի 7-ին Վաչագանը կդառնար 30 տարեկան։ Նրա ընկերները խաչքար են կանգնեցնելու Էջմիածնի թիվ 2 դպրոցի բակում։ Իսկ հայրը, որի հետ այլեւս ապրում է կորստի ցավը, պատրաստվում է հրատարակել Վաչագանի հոդվածների ժողովածուն, առաջիկայում նաեւ գրական ստեղծագործությունները։

-Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ձեր բանաստեղծության տողերի վրա՝ «Բարձունքը մերն է, տղերքը չկան, տղերքն ավելի բարձրում մնացին․․․», գիծ էին քաշում՝ գրելով, որ ո՛չ բարձունքը կա, ո՛չ էլ տղերքը։

-Այդ բանաստեղծությունը 1993-ին եմ գրել Էջմիածնում։ Ինձ մեղավոր էի զգում, որ իմ ընկերներն իրենց կյանքը տալիս են իմ փոխարեն։ Եվ այդտեղ տող կա՝ ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու։ Ուղղակիորեն այդպես է։ Իսկապես, ծանր է։ Բանաստեղծության վերջում այսպիսի տող կա՝ «Դեռ պիտի փարվի Տիգրան Մեծի պես, զորավոր շու՛նչը Մայր Հայաստանի»։ Ես այդ հաղթանակը տեսնում եմ։ Իսկ նրանց, ովքեր փորձեցին այդ բանաստեղծությունը բերել մեր ժամանակներ, կասեմ, որ բանաստեղծության զգացողությունը, այդ հաղթական ոգին ապրելու է։ Եռաբլուրն այսօր անկենդան վայր չէ, այն ամենահզոր անկյունն է։ Եվ եթե մի տեղ կա, որ սթափվում եմ՝ դա մեկ Աստծո տունն է, մեկ Եռաբլուրն է։ Մի դեպքում աղոթքներ են, մյուս դեպքում՝ հերոսապատումներ, եւ պիտի արժանի լինես այդ ոգուն։ Ես ընտրում եմ այդ պայքարը եւ այն, որ երբեք չի կարելի կիսատ թողնել մեր հերոսների գործը։ Եվ այսպահական քաղաքական թիմերին պիտի թույլ չտալ, որ մեր հերոսապատման վրա բիծ գծեն։ Վաչագանը գնում էր ոչ թե զոհվելու, այլ հաղթելու եւ չէր կարող պատկերացնել, որ կլինեն դավաճանություններ,- պատասխանում է գրողը։

«Գնալուս բան չմնաց, բայց իմ պատմությամբ պիտի փորձեմ կոտրել յուրաքանչյուրիդ մեջ ապրող ու ձեզ խանգարող, նպատակներից կտրող թուլությունը:

Հիշեք՝ հաղթողներին պաշտում են անգամ իրենց երբեմնի թշնամիները:

Արդար հաղթանակը հզորության վառ գույների ամբողջությունն է:

ՀԱՂԹԻ՛Ր,

Եվ կպատվեն քեզ, երբ փշրես դժվարություններից հյուսված արգելքները»:

Վաչագան Մանուկյանը սա գրել է պատերազմից առաջ:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter