HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԿԸՀ-ի

Վարչական դատարանը երեկ՝ հունիսի 6-ին, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ, պատգամավորության թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումը՝ Կենտրոնական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Հիշեցնենք, Քոչարյանը պահանջում էր անվավեր ճանաչել ԿԸՀ-ի 2021թ. մայիսի 21-ի՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին որոշումը: ԿԸՀ-ն որոշել էր քաղաքացի Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառումը պատկերող պաստառները ճանաչել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ ասոցացվող։

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը դատարանում նշել է, որ ԿԸՀ-ն չի հիմնավորել և պատճառաբանել, թե ինչ հիմնավորմամբ է խնդրո առարկա պաստառը ճանաչվել նախընտրական քարոզչության հետ ասոցացվող: ԿԸՀ-ն էլ նշել է, որ Ընտրական օրենսգրքով «ասոցացում» եզրույթի սահմանումը տրված չէ, բացակայում են նաև այս կամ այն պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու հիմքերը, չափանիշները:

ԿԸՀ-ն այս հանգամանքը բնական է համարել, քանի որ ասոցացումն ինքնին բացառապես ընկալողականության տիրույթում է:

Դատարանը՝ նախագահությամբ Լիանա Հակոբյանի, արձանագրել է, որ օրենսգրքի որևէ նորմում բացահայտված չէ «քարոզչության հետ ասոցացվող» հասկացության բովանդակությունը: Այս հասկացության բովանդակությունը բացահայտված չէ նաև ներպետական օրենսդրության որևէ այլ նորմատիվ իրավական ակտում, ինչպես նաև որևէ միջազգային իրավական փաստաթղթում: Ավելին, Ընտրական օրենսգիրքը չի բովանդակում նաև «քարոզչություն», «քարոզչական նյութ, պաստառ» եզրույթների սահմանումները: Նշված եզրույթների բովանդակությունների՝ օրենսդրությամբ սահմանված չլինելու պայմաններում դատարանը փաստում է, որ այս առնչությամբ Ընտրական օրենսգիրքն այդ մասով բավարար չափով հստակ և որոշակի չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ մարմինները կաշկանդված են իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքով, որպիսի սկզբունքը ենթադրում է նաև իրավակիրառ մարմինների որոշումների հստակություն և կանխատեսելիություն, ինչը թույլ է տալիս իրավահարաբերությունների մասնակիցներին համապատասխան պատկերացում կազմել իրենց վարքագծի հնարավոր հետևանքների մասին: Եթե անհատական իրավական ակտի հիմքում ընկած իրավական նորմով նախատեսված հասկացություններն անորոշ են ու ոչ ճշգրիտ /ինչն առանձին դեպքերում անխուսափելի է/, և այդ անորոշությունը չի հաղթահարվում բավարար չափով պատճառաբանված իրավակիրառ ակտերի հստակությամբ ու կանխատեսելիությամբ, ապա չի ապահովվում իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքի իրացումը: Այլ կերպ՝ եթե անհատական իրավական ակտի հիմքում ընկած իրավական նորմով նախատեսված հասկացություններն անորոշ են ու ոչ ճշգրիտ, և անհատական իրավական ակտի պատճառաբանվածության միջոցով չի հաղթահարվում նման անորոշությունը, ապա անհատական իրավական իրավական ակտի պատճառաբանված չլինելը ենթադրում է իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքի խախտում:

Դատարանն արձանագրում է, որ Ընտրական օրենսգրքում «քարոզչություն», «քարոզչական նյութ, պաստառ», «քարոզչության հետ ասոցացվող» հասկացությունների բովանդակությունների բացահայտված չլինելու և դրա արդյունքում՝ վիճարկվող որոշման իրավական հիմքերի բավարար չափով որոշակի և ճշգրիտ չլինելու պայմաններում, վիճարկվող որոշման պատճառաբանված չլինելու հանգամանքը ենթադրում է նաև իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքի խախտում:

Դատարանը եզրահանգել է, որ առկա է վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու հիմք: Նշվածը բավարար համարելով վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար՝ դատարանն այլևս անհրաժեշտ չի համարել գնահատել խնդրո առարկա պաստառի քարոզչության հետ ասոցացումը:

Ուստի Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի՝ հանձնաժողովի 31.05.2021թ. թիվ 108-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել է: Անվավեր է ճանաչել «5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին» որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter