HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Պետք է համոզենք մեր դաշնակիցներին, որ ուժեղ Հայաստանը նաև նրանց օգտին է». քաղուժերը ներկայացնում են իրենց լուծումները

«Հոդված 3» ակումբում այսօր՝ հունիսի 7-ին, տեղի ունեցած քննարկման ժամանակ ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը ներկայացրին՝ ինչ լուծումներ են առաջարկում սահմանային ճգնաժամի կարգավորման ու Հայաստանի անվտանգային համակարգի վերակառուցման ուղղությամբ: Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են 22 կուսակցություն և 4 դաշինք:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն անդամ Արման Մուսինյանը կարծում է, որ նոր ձևավորվող իշխանությունն առաջին հերթին պետք է ապահովի պետության լիարժեք կառավարելիությունը:

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կազմալուծել է պետական գրեթե բոլոր համակարգերը: Երկրորդը՝ պետք է ակտիվ քաղաքական, դիվանագիտական շփումների մեջ մտնենք այն երկրների հետ, որոնք տարածաշրջանում գործոն են, նախևառաջ՝ ամենամեծ ազդեցությունն ունեցող և մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ»,- ասաց նա:

Ըստ Մուսինյանի՝ հայ-ռուսական հարաբերություններում վեջին երկու տասնամյակում խնդիրը եղել է այն, որ Հայաստանի իշխանությունները փորձել են մանր խորամանկություններ դրսևորել, և այդ հարաբերություններում կորզել ինչպես անձնական, այնպես էլ՝ խնդիրները ձգելու քաղաքականություն:

«Ռազմավարական դաշնակցի հետ պետք է լինել հնարավորինս անկեղծ, վստահ եմ, որ այդ հենքի վրա՝ հայ-ռուսական հարաբերությունները կունենան շատ լավ հեռանկար և լուրջ դեր են խաղալու Հայաստանի անվտանգության համակարգի վերակայացման և անվտանգության մակարդակի էական բարձրացման համար: Պարտված ղեկավարը չի կարող բանակցել որևէ բան»,- հայտնեց ՀԱԿ անդամը:

Նա համոզված է՝ հրդեհը մարելու առաջին քայլը պետք է լինի այն, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ից հետո երկրում իշխանություն չլինի:

«Պետք է անել նաև այնպես, որ Հայաստանում ձևավորվի իշխանություն, որն իր քաղաքական, անվտանգային, դիվանագիտական մոտեցումները կառուցում է ոչ թե երազանքների, պատրանքների, սին հավատամքների վրա, այլ ելնում է բացառապես ստեղծված քաղաքական իրողություններից և այդ իրողությունների շրջանակում մաքսիմալն անելու հնարավորությունից: Հիմա որևէ ուժ, որը կասի, թե ինքն ունի պատրաստի դեղամիջոց Հայաստանի անվտանգային խնդիրները լուծելու համար, կարծում եմ՝ ազնիվ չի գտնվի: Մինչև ամբողջ տեղեկատվությունը, Հայաստանի ունեցած ռեսուրսները, հնարավորությունները, միջազգային պայմանավորվածությունները ի մի չբերվեն, որևէ իրատես մարդ այսօր չի կարող պատրաստի դեղամիջոց ներկայացնել անվտանգային խնդիրների համար»,- հայտնեց Մուսինյանը:

«Հանրապետություն» կուսակցության կարգախոսն է՝ «Անվտանգություն և աշխատատեղ»: Այս մասին տեղեկացրեց կուսակցության անդամ Անահիտ Ադամյանը:

«Կարծում եմ՝ կարգախոսի կարևորումն ինքնին ցույց է տալիս, թե ինչ դեր է տալիս «Հանրապետություն» կուսակցությունը անվտանգության խնդիրներին: Հայաստանի անվտանգությունը իշխանությունը կառուցում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վրա, իսկ ՀԱՊԿ-ն, ըստ էության, դրան պատասխանում է զորավարժություններ անցկացնելով, թմրանյութերի, էլ չգիտեմ՝ ինչի թեմայով: Դա մի պատասխան է, որը նշանակում է՝ ՀԱՊԿ-ը ոչինչ չունի անելու: Ելնելով հենց այդ խնդիրներից՝ «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի անվտանգության ապահովման միջոցը միջազգային կառույցների հետ համագործակցելն է»,- հայտնեց կուսակցության անդամը:

Ըստ նրա՝ իրենք անհրաժեշտ են համարում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որին դիմելու առաջին փորձը 1992 թվականի մայիսի 9-ին նախաձեռնել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Կարծում եմ, որ ստանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման երաշխիքները, մենք կկարողանանք ստեղծել անվտանգային միջավայր և ժամանակը, որի օգտագործումով կկարողանանք նաև լուծել բանակի վերազինման, իսկ ամենակարևորը՝ տնտեսության վերականգնման խնդիրը: Մենք կարևորում ենք անվտանգությունը, աշխատատեղերի ստեղծումը և կարծում ենք, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն լինել անվտանգության սպառող, և մեր կուսակցությունն, իշխանության գալու դեպքում, հնարավորություն ունի ապահովել դա՝ ելնելով իր ծրագրային դրույթներից: Կարծում եմ՝ Ռուսաստանը, ելնելով այսօր իր տնտեսական վիճակից, Հայաստանի տնտեսության վերականգնմանը կամ բանակի վերազինմանը պարզապես ի վիճակի չէ»,- ասաց նա:

Անահիտ Ադամյանի խոսքով՝ այօր մենք պետք է կարողանայինք Սյունիքում տեղակայել մինչև 100 000 դոլար արժողությամբ ԱԹՍ-ներ, որը կկարողանար կասեցնել ադրբեջանցիների մուտքը Սյունիք. «Եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունը լիներ ոչ թե եռակողմ, այլ հնգակողմ, այսօր չէինք ունենա այդ վիճակը: Փաստացի այդ հայտարարությունը քառակողմ է. ակնհայտ է Թուրքիայի ներկայությունը»:

Մուսինյանն էլ հիշեցրեց, որ Տեր-Պետրոսյանը բազմիցս նշել է՝ Ղարաբաղի հարցի բանալին գտնվում է Մոսկվայում:

«Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինք»-ի ներկայացուցիչն էլ նշեց, որ 1998 թվականից հետո մաս-մաս օտարվում էին այն բոլոր հաղթաթղթերը, որ Հայաստանն ուներ Արցախյան պատերազմի արդյունքում: 1998-ից հետո Արցախի մանդատը որպես հակամարտության կողմ դադարեցվեց:

«Ակնհայտ է որ 2020 թվականի նոյեմբերյան հայտարարությունից հետո մնալով ռեգուլյար վակուումի մեջ՝ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս պետությունների ակտիվ մասնակցության, Հայաստանն այսօր բացառապես ապավինում է ռուս-թուրք-ադրբեջանական այս ռեգիոնալ միջավայրում ձևավորվող որոշումներին և չունի սեփական այլընտրանք ավելի ակտիվ իր շահը պաշտպանելու համար: Գտնում ենք, որ ՀԱՊԿ-ը՝ որպես անվտանգային կառույց, չի կատարում իր պարտավորությունները»,- հայտնեց Արտաշես Խալաթյանը:

Նրա հավաստմամբ՝ մինչև 1998 թվականը հայ հասարակությունը տեղյակ էր՝ ինչ էր բանակցվում, և ինչ էր կատարվում արցախյան բանակցային սեղանին:

«1998-2018 թվականներին արցախյան բանակցությունների գործընթացը վերածվել էր փակ դռների ետևում ունիտար զբաղմունքի իրեն էլիտա հռչակած խմբի կողմից»,- ասաց Խալաթյանը:

Ըստ Խալաթյանի՝ պետք է ռազմաքաղաքական բնույթի ավելի խորը հարաբերություններ ձևավորել այլ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, խոսքն այս դեպքում վերաբերում է Ֆրանսիային:

«Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Խալաթյանն էլ հակադարձեց Արտաշես Խալաթյանին՝ նշելով, որ Ֆրանսիան ոչինչ չի կարող անել: Վերջինս որևէ պատժամիջոց չկարողացավ մտցնել Թուրքիայի դեմ:

Խալաթյանը հիշեցրեց՝ ինչպես էր Իլհամ Ալիևը խոսում Ֆրանսիայի մասին, և ինչպես էր Էրդողանը ամեն քայլի հանգիստ վիրավորում Ֆրանսիայի նախագահին:

«Հայաստանում խնդիրները սկսվեցին ոչ թե 1998 թվականից, այլ այն ժամանակ, երբ 2018-ին մարդիկ եկան իշխանության, որոնք ռուսատյացներ էին, քայլեր էին անում՝ ամեն կերպ փչացնելու մեր հարաբերությունները դաշնակցի հետ ու ոչ միայն Ռուսաստանի հետ: Մենք պետք է վստահելի և կանխատեսելի լինենք մեր դաշնակիցների համար: Պետք է համոզենք մեր դաշնակիցներին, որ ուժեղ Հայաստանը նաև նրանց օգտին է, նրանց շահերից է բխում»,- նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter