
Իշխանության միլիոնատեր թեկնածուն 37 անշարժ գույք ու 11 ընկերություն ունի
37 միավոր անշարժ գույք՝ Երեւանում ու Նուռնուսում
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականում գտնվող գործարար Խաչատուր Սուքիասյանը ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում նշել է 37 միավոր անշարժ գույք, որոնցից 35-ը գտնվում են Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, 2-ը՝ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում:
Գործող իշխանության թեկնածուն Երեւանի Կենտրոնում ունի 21 միավոր շինություն (այդ թվում՝ գործարան, բազա, կաթսայատուն, 3 ինքնակամ շինություն) եւ 14 միավոր հողամաս, իսկ Նուռնուսում՝ 1-ական հողամաս ու շինություն:
Անշարժ գույքից միայն մեկն է վարձակալության իրավունքով, մյուսները Սուքիասյանին պատկանում են միանձնյա, ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:
Սուքիասյանը որպես աշխատանքի վայր է նշել իր ընտանիքին պատկանող «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ն, որտեղ աշխատում է գործադիր տնօրենի խորհրդական:
Թեկնածուն շարժական գույք չի հայտարարագրել:
Նկարների հավաքածու՝ Սարյան, Կոջոյան, Խանջյան, Մինաս, Գառզու
Խաչատուր Սուքիասյանը հայտարարագրել է նաեւ 29 միավոր թանկարժեք գույք, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Հատկանշական է, սակայն, որ Սուքիասյանը չի նշել, թե դրանցից յուրաքանչյուրը որքան արժե. արժեքի բոլոր տողերը լրացրել է «անարժեք»: Իշխանության գործարար թեկնածուն 4 նկար ունի Գրիգոր Խանջյանից, 2 նկար՝ Մարտիրոս Սարյանից, 3 նկար՝ Մինաս Ավետիսյանից, 5 նկար՝ Ժան Գառզուից (Գառնիկ Զուլումյան), 1 նկար՝ Հակոբ Կոջոյանից, 7 նկար՝ այլ նկարիչներից: Սուքիասյանն ունի նաեւ ձեռագործ հնաոճ 5 գորգ, 1-ական հնաոճ տնային ժամացույց ու կահույք:
240 մլն դրամի եկամուտ՝ 1 տարում
2020 թ. մայիսի 1-ից մինչեւ այս տարվա մայիսի 1-ը Խաչատուր Սուքիասյանը եկամուտ է ստացել 6 աղբյուրից: «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ու «Նարեկ» ՍՊԸ-ն նրան վճարել են շահաբաժիններ՝ համապատասխանաբար 57 մլն եւ 24,5 մլն դրամի չափով: «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ն, որտեղ, ինչպես վերը նշեցինք, աշխատում է թեկնածուն, մեկ տարում Սուքիասյանին վճարել է շուրջ 12 մլն դրամ աշխատավարձ: «Երեւանի «Պոլիպլաստ» գործարան» ՀՁ ԲԲԸ-ն էլ, որի բաժնետերերից է Խ. Սուքիասյանը, 112 մլն դրամ փոխառություն է տվել նրան: Միաժամանակ թեկնածուն 33 մլն դրամ գումար է ստացել Տիգրան Մեծի եւ Նար-Դոսի փողոցներում ունեցած իր գույքը վարձակալության տալու արդյունքում:
Միլիոնատեր թեկնածուն
Զգալի են Խ. Սուքիասյանի դրամական միջոցները, որոնք նա ունեցել է հայտարարագիրը ներկայացնելիս: Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն ունի 4,8 մլրդ դրամ (շուրջ 9 մլն դոլար), 185 հազ. եվրո եւ 2 մլն դոլար:
Սուքիասյանը սեփականատեր է 11 ընկերությունում
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում Խաչատուր Սուքիասյանը ունի 12,02 % հասարակ բաժնետոմս եւ 5,75 % արտոնյալ բաժնետոմս: «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ում եւ «Նարեկ» ՍՊԸ-ում (վերջինս զբաղվում է առեւտրի իրականացման վայրի կազմակերպմամբ) թեկնածուն հայտարարագրել է 25-ական % սեփականություն:
«ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ում եւ «Երեւանի ալրաղաց» ԲԲԸ-ում իշխանական թեկնածուն հայտարարագրել 24,9-ական % սեփականություն, «Երեւանի «Զովք» գործարան» ՀՁ ԲԲԸ-ում՝ 16 % բաժնետոմս, «Երեւանի «Պոլիպլաստ» գործարան» ՀՁ ԲԲԸ-ում՝ 45,17 % բաժնետոմս, իսկ «Բջնի Գրուպ» ՍՊԸ-ում՝ 20 % բաժնեմաս:
«Ինլոբբի» ՍՊԸ-ում (տվյալների մշակում, ցանցային տեղեկատվության տեղաբաշխում) Խ. Սուքիասյանի մասնակցությունը 90 % է, «Գլոբալ Մայնինգ» ՍՊԸ-ում՝ 100 %, իսկ «Առաջ» ՍՊԸ-ում՝ 25 %:
Լուսանկարը՝ Խ. Սուքիասյանի ֆեյսբուք էջից
Մեկնաբանել