HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն. Փաշինյան. «Պարոն Տեր-Պետրոսյան, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, թե ով ինչի պատասխանատուն է»

«Շատերը գլուխ են գովում Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով, բայց ո՞ւր էր այդ հաղթանակից հետո ժողովրդի վայելքը, էդ հաղթանակը նրա՞ համար էր, որ մի քանի հոգի իրենց վզերը հաստացնեն»:

Նման միտք հայտնեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Արմավիր գյուղում բնակիչների հետ նախընտրական հանդիպմանը:

Փաշինյանը հարցրեց` արդյոք այդ հաղթանակը նրա համար էր, որ մի քանիսի զավակները միլիոնատեր ու միլիարդատեր դառնան, որ սեփական ժողովրդին ստրկացնեն ու հաղթանակած ժողովուրդը վախենա փողոց դուրս գալ:

«Էդ հաղթանակով գլուխ գովացող շատերը` Հայաստանի երեք նախկին ղեկավարների գլխավորությամբ, մսխեցին էդ հաղթանակը քյաբաբնոցներում, խաշանոցներում և իրենց բանկային հաշիվներում… Թույլ չենք տալու ամեն ստահակ մեզ մեղադրանք առաջադրի, էս պատմության մեջ մենք մեղադրվող չենք, մեղադրող ենք և ձեզ խնդրում ենք թավշյա մանդատը փոխարինել պողպատյա մանդատով»,-ասաց նա:

Փաշինյանը հայտնեց, որ նոյեմբերի 9-ից հետո իր քաղաքական թիմի առջև հարց է բարձրացրել, թե արդյոք պետք է հավակնեն իշխանության, և երկար քննարկումներից հետո պատասխանն այն էր, որ պետք է հավակնեն, սակայն որոշողը ժողովուրդն է` կլինեն, թե ոչ:

Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ պարբերաբար հանդիպում է զոհված, անհետ կորած, գերեվարված զինվորների հարազատների հետ, սակայն չի ցանկանում այդ հանդիպումները լուսաբանվեն:

«Բայց մեր խոսակցությունը ամեն անգամ հասնում է մի պահի, երբ էդ մարդիկ ասում են` դուք էդ ցավը չեք զգում, դուք չեք հասկանա, ձեզ համար հանգիստ ապրում եք, ես էդ մարդկանց ասում եմ` ոչ, էդպես չէ, ու դուք բոլորդ պետք է իմանաք, որ մենք հանգիստ չենք ապրում:  Չկա մի ընտանիք, որի տառապանքի մի մասը մերը չի, որի տառապանքի մի մասը իմը չի, և ի նշան դրա եմ ձեր առաջ կանգնած, որովհետև երևի թողնել-փախչելը կլիներ լուծում, ամենահեշտ լուծումը, բայց մենք փախչող չենք եղել ու չենք փախչի»,-ասաց Փաշինյանը:

Նա ներողություն խնդրեց, որ մինչև հիմա կառավարությունը չի լուծել գերիների հարցը:

«Բայց բոլորը պետք է գիտակցեն, որ այդ հարցը ուզում են պետության և մեր ժողովրդի դեմ օգտագործեն անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Մեր հայրենակիցները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար, և այո, նրանք մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, որ հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունը»,-ասաց նա:

Քարակերտ համայնքում էլ Փաշինյանն անդրադարձավ առաջին նախագահ, ՀԱԿ համամասնական ցուցակի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքին, թե Փաշինյանի բանավեճի հրավերը մերժել է, քանի որ վերջինիս համար այն կարող է ինքնասպանություն լինել:

«Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, թե ով ինչ է արել, ով որքան է հասկանում, ով ինչի պատասխանատուն է»,-ասաց Փաշինյանը: Նա անդրադարձավ նաև Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե Փաշինյանն ինքն է ժամանակին ասել` վերջում առաջին նախագահը միշտ ճիշտ է դուրս գալիս: Փաշինյանը պնդեց` դեռ 2012 թվականին է արձանագրել այդ վերջը: Հիշեցնենք, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանը պատգամավոր էր ընտրվել ՀԱԿ ցուցակով, սակայն կարճ ժամանակ անց Փաշինյանը հայտարարեց, որ այդ թիմի անդամ չէ և չի կիսում վերջինիս գաղափարները: Այն ժամանակ ԱԺ կանոնակարգ-օրենքը հնարավորություն չէր տալիս պատգամավորներին խմբակցությունից դուրս գալ. հնարավոր էր միայն մանդատը վայր դնել:

«Դուք այլևս ճիշտ դուրս չեք գալու, էն բայղուշությունը, որ քաղաքացիական պատերազմ եք կանխատեսում, դա իրականություն չի դառնալու: Ժողովրդի առաջ կանգնող ուժ չկա, եթե պետք լինի հունիսի 21-ին ժողովուրդը դուրս կգա Հանրապետության հրապարակ, բոլորին հատ-հատ դուելի կկանչի: Եթե շատ բայղուշությունները շարունակեք, կհայտնվեք հարյուր հազարավոր քաղաքացիների ոտքերի տակ, բառիս բուն և փոխաբերական իմաստով. որևէ մեկը չփորձի ժողովրդի նյարդերի հետ խաղալ»,-ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter