HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ս. Սարգսյան. «Առաջիկա ընտրությունը մահը հաղթելու եւ հառնելու հնարավորություն է»

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու է քարոզարշավը սկսվում Արթուր Վանեցյանի խոսքով։ Ըստ Սարգսյանի՝ Վանեցյանը նախընտրական ցուցակի առաջին համարն է եւ ամեն տեղ պետք է լինի առաջինը, իսկ ինքը կօգնի իր խորհուրդներով եւ կլինի նրա եւ իրենց սատարողներից յուրաքանչյուրի թիկունքին։

Ըստ Սարգսյանի՝ այս ընտրություններն իրենց նպատակն ու երազանքը չեն եղել, եղել են պարտադրված, եւ մարտահրավերն ընդունվել է։

Ներկայիս իշխանությունը պարտությունից հետո չհեռացավ եւ ընտրեց ժողովրդին եւս մեկ անգամ ցնցելու ճանապարհը, որին ի սկզբանե դեմ են եղել ՀՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունները։ Սարգսյանի խոսքով՝ իրենք իրենց ստեղծած դաշինքով ցույց են տվել միասին աշխատելու, փոխզիջումների գնալու անհրաժեշտությունը։ «Մեր դաշինքը, ինչպես հայտնի է, գլխավորում է գեներալ Արթուր Վանեցյանը, հանդիպումների ընթացքում խոսել եմ նրա անբասիր ծառայության, հայրենասիրության եւ նրա գլխավորած կուսակցության հետ ՀՀԿ-ի դաշինք կազմելու պատճառների մասին։ Գալիք երկու շաբաթների ընթացքում մեր թեկնածուները կշրջեն ՀՀ մարզերով եւ ապագայի պատկերացումներով կներկայանանք ժողովրդի դատին։ Մենք վճռական ենք տրամադրված»,- նշեց երրորդ նախագահը։

Սարգսյանն ասաց, որ նախորդ երեք տարիներին ՀՀԿ-ն անցել է 2018-ի քավարանով, քաղաքական հետապնդումների միջով, դարձել ատելության խոսքի թիրախ։ «Ամեն կերպ փորձ արվեց մեզ լռեցնելու, բայց մենք չլռեցինք եւ չընկրկեցինք։ Իմ ու իմ թիմակիցների համար այժմ հեշտ է ասել՝ մենք զգուշացնում էինք, մենք կանխատեսել էինք եւ այլն, բայց դրանք այսօր անօգուտ խոսքեր են, որոնք հետ չեն բերելու ո'չ մեր 5 հազար նահատակներին, ո՛չ Արցախի 75%-ը, ո՛չ տուն են կառուցելու 35000 փախստականների համար, ո՛չ էլ վերադարձնելու են մեր արժանապատվությունը։ Ու՞մ մտքով կանցներ, որ հայրենի հողի համար ամենաթանկը՝ իրենց կյանքը տված մեր հերոսներն այդ նույն հողում խաղաղ ու հավերժ ննջելու հնարավորություն անգամ չեն ունենա»,- իր ելույթում ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ներկայիս իշխանությունը կորցրել է դաշնակիցների եւ գործընկների հարգանքն ու վստահությունը։

Նրա խոսքով՝ առաջիկա ընտրությունը մահը հաղթելու եւ վեր հառնելու հնարավորություն է։

Սերժ Սարգսյանը վստահեցնում է՝ իրենք պետք է փակեն բեւեռացումների ճանապարհը եւ ներհասարակական համերաշխություն հաստատեն։ «Մենք մեր հերոս նահատակներին, առողջությունը հայրենիքի զոհասեղանին դրած զինվորներին, սպաներին ու նրանց սերունդներին հաղթանակած եւ հզոր հայրենիք ենք պարտք, իսկ պարտք փակելը նորմալ մարդու համար արժանապատվության հարց է, պատվի հարց է, իսկ մենք պատիվ ունենք»,- ելույթի վերջում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter