HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Օնիկ Գասպարյանի զեկույցները մասնակի «գաղտնազերծվե՞լ» են, թե՞ գաղտնիք չի եղել. ԱԽ գրասենյակը՝ սեփական թակարդում

Նախապատերազմական շրջանում ու պատերազմի ժամանակ անվտանգության խորհրդի նիստերում գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հնչեցրած զեկույցներից ԱԽ գրասենյակը հատվածներ է հրապարակել Նիկոլ Փաշինյանի «կանաչ լույսով»: Գրասենյակը «Հետքին» հայտնել է, թե այդ հատվածները պետական կամ ծառայողական գաղտնիք չեն պարունակում, այսինքն՝ գաղտնազերծում չի եղել, սակայն իր կայքում եւ հաղորդագրություններում այդպես էլ նշել է՝ «գաղտնազերծված փաստաթղթեր», «գաղտնազերծված արձանագրություն», «գաղտնազերծված ձայնագրություն»:

Այն բանից հետո, երբ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը եւ ԳՇ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչները գլխավոր շտաբի անունից փետրվարի 25-ին հայտարարեցին, որ պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարականը, գործող իշխանության եւ զինվորականների միջեւ հարաբերությունները կտրուկ լարվեցին: Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով հայտարարվեց պաշտոնից ազատված, չնայած մինչեւ հիմա դատարանում վիճարկում է իր ազատումը:

Փաշինյանն, ըստ էության, չբավարարվեց սրանով եւ հանձնարարեց ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակին հատվածներ հրապարակել Գասպարյանի՝ ԱԽ նիստերում հնչեցրած զեկույցներից:

Բանն այն է, որ դեռ անցյալ տարի՝ նոյեմբերի 17-ին, երբ ռազմական գործողություններն արդեն ավարտվել էին, գեներալ Գասպարյանը հայտարարեց, որ ինքը դեռ սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում (պատերազմի չորրորդ օրը) ներկայացրել է մեր կորուստները եւ ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, եւ յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Ի պատասխան սրա՝ միայն 5 ամիս անց՝ ապրիլի 15-ին, ըստ էության, ելնելով քաղաքական շարժառիթներից եւ իր ու իր թիմի հրաժարականը պահանջող գեներալին (գուցե՝ նաեւ նրան պաշտպանողներին) պատասխանելու նպատակահարմարությունից, Փաշինյանը հանձնարարել է ԱԽ գրասենյակին հատվածներ հրապարակել գեներալի զեկույցներից: Դրանցից մեկը վերաբերում էր սեպտեմբերի 30-ի նիստին, իսկ մյուսը՝ օգոստոսի 21-ի նիստին, երբ Օնիկ Գասպարյանը ԱԽ նիստում խոսել էր պատերազմից առաջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին:

Գասպարյանն էլ հայտարարեց, որ հրապարակված ընտրովի հատվածները ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը՝ «դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսեւորում է ՀՀ գործող իշխանության կողմից»: Քիչ ավելի ուշ նա պահանջեց հրապարակել սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը եւ դրանից հետո իր ելույթն ամբողջությամբ։

Այս բանավեճի մեջ մեզ առավել հետաքրքիր էր, թե ԱԽ գրասենյակն ինչ իրավական հիմքով է մասնակի գաղտնազերծել ԳՇ նախկին պետի զեկույցները: Նշում ենք հենց գաղտնազերծում, քանի որ ԱԽ կայքում համապատասխան փաստաթղթերն այդպես են վերնագրված՝ «նիստի գաղտնազերծված արձանագրություն»:

Պաշտոնական հաղորդագրություններում էլ ԱԽ գրասենյակը բառացի նշել է «գաղտնազերծված փաստաթղթեր», «գաղտնազերծված ձայնագրություն»:

Հասկանալի է, որ եթե խոսքը որեւէ պետական մարմնի կողմից գաղտնազերծման մասին է, ապա դա պիտի վերաբերի պետական կամ ծառայողական գաղտնիքին:

Պետական եւ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների գաղտնագրումն ու գաղտնազերծումը կանոնակարգվում է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով:

Ըստ այս օրենքի՝ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծվում են դրանք տնօրինող պետական մարմինների կողմից, որոնց ղեկավարներն անմիջականորեն կազմակերպում եւ գլխավորում են գաղտնազերծման աշխատանքները: Կառավարությունը 1998 թ. որոշմամբ սահմանել է, թե որոնք են այդ մարմինները: Դրանց մեջ ԱԽ գրասենյակը չկա: Վերջինս այս իրողությունը մեզ ուղարկված գրության մեջ փորձել է բացատրել շատ տարօրինակ ձեւով. «Ներկայիս կարգավիճակով ԱԽ գրասենյակը 1998 թ. գոյություն չի ունեցել, այդ պատճառով չէր կարող ներառված լինել կառավարության որոշման ցանկում»:

Ամբողջ հարցն այն է, որ այս տարիների ընթացքում կառավարությունը կարող էր լրացում կատարել իր այդ որոշման մեջ, բայց, չգիտես ինչու, չի արել: Ամեն դեպքում, գրասենյակի նման պատասխանը հեռու է իրավական հարթությունից, եթե չասենք, որ սիրողական է:

Ի պատասխան մեր հարցին, թե որ պետական մարմինն է պատասխանատու ԱԽ նիստերում հնչեցված զեկույցներում պետական կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների գաղտնագրման ու պահպանման համար, ԱԽ գրասենյակը նշել է՝ տվյալ զեկույցը ներկայացնող մարմինը: Սա նշանակում է, որ ԳՇ պետի զեկույցում առկա այն տեղեկությունները, որոնք պետական կամ ծառայողական գաղտնիք են հանդիսանում, պիտի գաղտնագրվեն ու գաղտնազերծվեն ՊՆ-ի կողմից:  

Իսկ հարցին, թե որ պետական մարմինն է պատասխանատու ԱԽ նիստերի արձանագրություններում (նկատի ենք ունեցել թե՛ հնչեցված զեկույցները, թե՛ դրանց շուրջ ծավալված քննարկումները) առկա պետական կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների գաղտնագրման ու պահպանման համար, ԱԽ գրասենյակը նշել է իրեն:

Այդուհանդերձ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում եւ կառավարության 1998 թ. վերոնշյալ որոշման մեջ որեւէ կետ չկա այն մասին, որ ԱԽ գրասենյակը պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ գաղտնագրելու եւ գաղտնազերծելու իրավունք ունի:  

Գրասենյակից, սակայն, հայտնել են, որ Օնիկ Գասպարյանի զեկույցներից հրապարակումներ անելիս առաջնորդվել են «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքով, որում, մասնավորապես ասվում է. «Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, նիստերում քննարկված հարցերի բովանդակությունը, ինչպես նաեւ քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն: Սույն կանոնից բացառությունները սահմանում է վարչապետը»: Այսինքն՝ Փաշինյանն է որոշել, թե ԱԽ-ն ինչ հրապարակի ապրիլի 15-ին: Բայց միեւնույնն է՝ այս օրենքում որեւէ խոսք չկա պետական կամ ծառայողական գաղտնիքի ու, մասնավորապես, դրա գաղտնազերծման մասին:

ԱԽ-ն պնդել է նաեւ, թե իր հրապարակած հատվածները պետական կամ ծառայողական գաղտնիք չեն հանդիսանում՝ ըստ այդ տեղեկությունները տնօրինող մարմնի եզրակացության: Այդ մարմինը տվյալ դեպքում ՊՆ-ն է:

Ի՞նչ է ստացվում:

ԱԽ գրասենյակը իր կայքում հրապարակել է «գաղտնազերծված փաստաթղթեր» ու «գաղտնազերծված ձայնագրություն», բայց մեզ ասում է, որ հրապարակված հատվածները պետական կամ ծառայողական գաղտնիք չեն պարունակում, ասել է թե՝ գաղտնազերծում չի արվել: Այսինքն՝ ինքն իրեն հակասում է: Թռուցիկ նշենք, որ գրասենյակն այդպես էլ հստակ չի պատասխանել՝ 21.08.2020 թ. եւ 30.09.2020 թ. Օ. Գասպարյանի զեկույցներն ընդհանրապես պարունակե՞լ են նման գաղտնիք: «ԱԽ նիստերում հնչող զեկույցները կարող են պարունակել եւ՛ պետական, եւ՛ ծառայողական գաղտնիք»,- «լղոզված» ձեւակերպում է տվել ԱԽ գրասենյակը: Այդուհանդերձ, կարող ենք հետեւություն անել, որ Գասպարյանի զեկույցներում գաղտնիք եղել է, քանի որ դրանք հրապարակելիս գրասենյակը տեքստերի մի մասը փակել է:

ԱԽ գրասենյակն ասում է, որ Գասպարյանի հետ կապված դեպքում գործել է «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքով, եւ, ընդհանրապես, ԱԽ նիստերի արձանագրությունները գաղտնագրվում եւ գաղտնազերծվում են իր կողմից, սակայն թե՛ նշված օրենքը, թե՛ կառավարության 1998 թ. որոշումը ԱԽ գրասենյակին տեղեկություններ գաղտնագրելու կամ գաղտնազերծելու իրավունք չեն վերապահում:  

Վերադառնալով «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքին՝ նկատենք, որ պետական գաղտնիք կազմող տեղեկությունները պահպանվում են գաղտնագրման պահից մինչեւ 30 տարի (ելնելով անհրաժեշտությունից՝ ՀՀ կառավարությունը կարող է սահմանել ավելի երկար ժամկետներ), իսկ ծառայողական գաղտնիքը՝ մինչեւ 10 տարի: Միաժամանակ օրենքը նշում է, որ սահմանված ժամկետները կարող են կրճատվել, եւ տեղեկությունները՝ ժամկետից շուտ գաղտնազերծվել կառավարության որոշմամբ: Ինչպես տեսանք, ԱԽ գրասենյակի համար հիմք է ծառայել ոչ թե կառավարության որոշումը, այլ Նիկոլ Փաշինյանի որոշումը կամ հանձնարարականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter