HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Հայաստանի իշխանությունները հրահրեցին պատերազմը և ամեն ինչ արեցին, որ պարտություն կրենք»

Արցախյան երկրորդ պատերազմը արհեստածին էր, քանի որ այն հրահրել էին Հայաստանի իշխանությունները և արեցին ամեն ինչ, որ հայկական կողմը այդ պատերազմում պարտություն կրի։ Այս մասին քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզի Սիսիան համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա համոզված է, որ հայկական կողմը կարող էր չպարտվել 44-օրյա պատերազմում, սակայն պարտվել է պատահականության պատճառով, քանի որ ըստ երկրորդ նախագահի՝ պատահականորեն երկրի ղեկին հայտնվել է մի մարդ, որը չի հասկանում, թե ինչ է պետական կառավարումը, ինչ է պատերազմը, չի տարբերում ավտոմատը գնդացրից և բացարձակ պատկերացում չունի, թե ինչ պետք է անի գերագույն գլխավոր հրամանատարը պատերազի ժամանակ։

Համեմատելով 44-օրյա պատերազմը արցախյան առաջին պատերազմի հետ՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ 90-ականներին Հայաստանը շատ ավելի ծանր վիճակում էր և պատերազմում հաղթելու շատ ավելի քիչ շանսեր ուներ, սակայն հայկական կողմը հաղթանակի հասավ կազմակերպվածության, կարգապահության, ճիշտ ընտրված հրամանատարական կազմի և միասնականության շնորհիվ։ Քոչարյանն ասում է, որ պատերազմի կառավարման այնպիսի մոդել ընտրեցին, որ ամբողջ ժողովուրդը մի բռունցք դարձավ և կարողացավ հաղթանակ տանել։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանը ձախողել է Հայաստանի դիվանագիտական համակարգը, մասնավորապես ավանդույթներով և պրոֆեսիոնալներով ձևավորված Հայաստանի արտգործնախարարությունը, ըստ երկրորդ նախագահի, Փաշինյանի իշխանության օրոք ավիրվել է։

«Եվ հիմա մենք այս վիճակում խոսում ենք Ղարաբաղի բանակցային գործընթացի մասի՞ն, գերիների մասի՞ն։ Գերիներով պետք է իրենք զբաղվեն, բա ո՞վ պիտի զբաղվի։ Արտգործնախարարությունը պետք է աշխարհով մեկ բարձրաձայնի, որ բոլոր երկրներից մեծ ճնշում լինի Ադրբեջանի վրա, որպեսզի գերիներին վերադարձնեն։ Հիմա այդ կառույցը չկա, ո՞վ է այդ աշխատանքն անում։ Ոչ ոք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի հունիսի 8-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել է նաև Գորիսում և Ջերմուկում։ Այսօր հանդիպումներ են նախատեսված նաև Վայքում և Եղեգնաձորում։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter