HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մնալով բաց երկնքի տակ. եզդիական ճամբարում հրդեհը առանց ծածկի է թողել ցեղասպանությունից փրկված հարյուրավոր եզդիների

Հունիսի 4-ին Իրաքի հյուսիսային Շարիա բնակավայրում գտնվող եզդիական ճամբարում բռնկված հրդեհից ավելի քան 350 վրան է հրդեհվել։ Սա այս ճամբարի ամենախոշոր հրդեհն է վերջին տարիներին: Հայտնի է, որ 25 հոգի ստացել է այրվածքներ, նրանցից 8-ը տեղափոխվել է հիվանդանոց: Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանի փոխանցմամբ՝ այս անգամ, բարեբախտաբար, զոհեր չկան:

Ավդալյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն: Նախնական վարկածներով՝ հոսանքի լարերի կարճ միացումից է եղել, դիտարկվում է նաեւ ահաբեկչության վարկածը: Նրա խոսքով՝ նախաքննություն է տարվում, որից հետո պարզ կլինի պատճառը:

2014 թ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի Շանգալի շրջանում եզդիների հանդեպ ցեղասպանական գործողություններից հետո հազարավոր եզդիներ ստիպված էին փախչել իրենց տներից: Այսօր նրանք ապաստան են գտել տարբեր ճամբարներում: Ահաբեկիչների կողմից ավելի քան 10 հազար եզդի է սպանվել, հազարավոր եզդիներ էլ առայժմ գերու կարգավիճակում են:

Սաիդ Ավդալյանի խոսքով՝ Շանգալում եզդիներին ցեղասպանության ենթարկելու ծրագիրը պատահական չէր մտածված: Շանգալը կարեւոր ռազմավարական դիրք ունի՝ գտնվում է Իրաքի, Սիրիայի եւ Թուրքիայի եռանկյունու խաչմերուկում: Ով տիրապետում է Շանգալին, վերահսկողություն է հաստատում նաեւ այդ երեք երկրների միջազգային ավտոճանապարհների վրա: «Միջազգային պաշտպանություն, ազգային պետություն, սեփական բանակ չունեցող եզդիներին անհրաժեշտ էր վերացնել եւ տիրել նրանց բնակավայրերին»,- ասում է մեր զրուցակիցը:

Շուրջ 350 հազար եզդի այսօր բնակվում է Իրաքի ճամբարներում՝ կենցաղային ծայրահեղ պայմաններում:

Շարիայի ճամբարում բնակվում է 12 հազար եզդի: Վրանները, որտեղ բնակվում են մարդիկ, մեծամասամբ դյուրավառ են, անձրեւների ժամանակ էլ՝ ոչ ջրակայուն: Սաիդ Ավդալյանն ասում է, որ դրանք հիմնականում տրամադրվել են ՄԱԿ-ի կողմից, սակայն եզդիները դժգոհում են դրանց վատորակ լինելուց: Ըստ մեր զրուցակցի՝ Շարիայում ապաստան գտածները պատմում են, թե վրանները երբեմն այնքան դյուրավառ են, որ մի կայծի դեպքում կարող են այրվել ընդամենը 15-20 վայրկյանում:

«Դեպքեր են եղել, երբ վրանն ամբողջությամբ այրվել է, ինչի հետեւանքով 5 եզդի զոհվել է, որոնց մեջ նաեւ երեխաներ: Դեպքեր են եղել, երբ այդ ճամբարներում հիվանդություն է տարածվել, համաճարակի բույն են դարձել: Լինում են նաեւ անորակ սննդի, ժամկետանց դեղորայքի դեպքեր»,- նշում է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահը:

Վերջինիս խոսքով՝ այս խոշոր հրդեհի պատճառով ավելի քան 1500 հոգի մնացել է բաց երկնքի տակ: «Փաստորեն, այս մարդիկ, 2014 թվականից զրկված լինելով իրենց տնից, բնակավայրից, այսօր արդեն զրկվել են նաեւ վրաններից»,- նկատում է Ս. Ավդալյանը:

Նրա դիտարկմամբ՝ խնդիրներից մեկն էլ այն է, որ տեղի քրդական իշխանությունները փորձում են քրդացնել եզդիներին: Դրա հետեւանքով եզդիները զգուշանում են բարձրաձայնել իրենց ինքնության մասին:

Եզդիական ասոցիացիայի նախագահն ահազանգում է՝ Իրաքի հյուսիսում գտնվող եզդիները մարդասիրական աղետի առաջ են: Միջազգային կառույցները, գերտերությունները, որոնք պատասխանատվություն են ստանձնել եզդի փախստականներին փրկելու այդ աղետից, ըստ Ավդալյանի, մատների արանքով են նայում խնդրին: «Այսօր եզդիները բախտի քմահաճույքին են թողնված. կապրեն՝ կապրեն, չեն ապրի՝ չեն ապրի»,- ասում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ դեռեւս չեն դիմել Հայաստանի կառավարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ մարդասիրական օգնություն տրամադրելու համար, սակայն սոցցանցերում մի շարք հայ օգտատերեր պատրաստակամություն են հայտնել օգնելու:

«Հետքը» ՀՀ ԱԻՆ-ից հետաքրքրվել է, թե արդյոք օգնություն ուղարկվելու է Շարիայում հրդեհից տուժածներին, ինչին նախարարությունից հայտնել են, որ նման որոշում դեռեւս չունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter